Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԳնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք, որի ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում մեր երկրի հարավային սահմանի երկայնքով: Շրջում ենք զորամասում, հետևում ծառայողական անցուդարձին:

Առավոտ վաղ մարտական հերթափոխի մեկնող անձնակազմը վերջին հրահանգավորումները ստանալուց հետո ուղևորվում է առաջնագիծ:

Դիրքեր տանող ճանապարհը դեռ ձյունապատ է, մինչ ցածրադիր հատվածում գարունն արդեն լիակատար իրավունքների մեջ է՝ իր ճերմակաթույր ծաղկունքով, բարձրադիր լեռնային տեղանքում բնությունը դեռեւս չի ազատվել սառցե կապանքներից: Համատարած լռությունը մերթընդմերթ խախտում է տեխնիկայի հռնդյունը՝ բուլդոզերները մաքրում են դիրքեր տանող ճանապարհի ձյունը:

-Մարտական հենակետեր տանող ճանապարհները մշտապես ուշադրության կենտրոնում են,- նշում է զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Էդիկ Խաչատրյանը:- Լեռնային կտրտված տեղանքը, տեղի բնությունն իր անկանխատեսելիությամբ՝ ձյունահյուսը, հողմն ու ձնաբուքը  ամեն պահ կարող են տհաճ անակնկալներ մատուցել և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել: Հաճախ է ձյան արգելափակման տակ հայտնվել անգամ աշխատող տեխնիկան: Այնպես որ՝ ինժեներական աշխատանքներն այստեղ անընդմեջ են, շարունակական, անընդհատ թարմացում են պահանջում:

Դիրքերում ևս ինժեներական լայնածավալ աշխատանքն ակնառու է. տարիների ընթացքում կառուցվել են  կացարաններ, խրամախորշեր, խրամուղիներ, հրամանատարական դիտարկման և կրակի ղեկավարման կետեր…

-Ինժեներական ապահովման միջոցառումներից չափազանց կարևորվում է նաև քողարկման խնդիրների լուծումը, անձնակազմի պատսպարման ուղղությամբ նույնպես հսկայածավալ աշխատանք է իրականացվել: Արվում է ամեն ինչ, որ հնարավորինս հուսալի դարձնենք զինծառայողի անվտանգությունը,- նշում է ծառայության պետը:

– Զորքը, առավել քան երբևէ, պաշտպանված է ինժեներական կահավորվածությամբ, ապահովված է գերժամանակակից զենք-զինամթերքով,-հավելում է մայոր Սևադա Եղիշյանը:

Մայոր Եղիշյանը զորամասի հրամանատարի տեղակալն է, ավարտել է ՌԴ տանկային ինժեներական ինստիտուտը: Քսան տարուց ավելի  զինված ուժերում է:

-Զորամասը համալրված է ժամանակակից տեխնիկայով, ավելին՝ լավագույնների տասնյակում ենք. նոր մեքենաներ ենք ստացել, նոր զինատեսակներ, զինված ենք գիշերային և ջերմատեսիլ տեսանելիության համապատասխան սարքերով,- անսքող հպարտությամբ շեշտում է մայորն ու շարունակում:- Փոխվում են ժամանակները, կատարելագործվում է ռազմական տեխնիկան, իսկ յուրաքանչյուր նորագույն տեխնիկա զինվորն ու զինվորականն են գործարկում, ուստի պետք է կատարելապես տիրապետեն զենքին՝ պարբերաբար հարստացնելով գիտելիքներն ու կատարելագործելով մասնագիտական հմտությունները: Գիտելիքը նաև վստահություն է ներշնչում:

Զորամասի դասասենյակներից մեկում տեսական պարապմունք է. զենքը քանդել-հավաքել, լիցքավորել, լիցքաթափել… Ցուցադրվում է, թե տարբեր հրաձգային զենքերն ինչպես պետք է գործարկել:

Այցելում ենք նաեւ բուժկետ: Զինվորի առողջության պահպանումը բանակի կարևորագույն խնդիրներից է: Բուժկետը տիպային շինություն է, ունի երկու մեկուսարան՝ առանձին մուտքերով, առանձին սանհանգույցով, ընդունարան-վիրակապարանով: Պատերին տարբեր բժշկական խորհուրդներով պաստառների կողքին ավելացել է ևս մեկը՝ աշխարհը ցնցած կորոնավիրուսի դեմ պայքարելու ցուցումները: Զորամասի բուժծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, բուժծառայության լեյտենանտ Դավիթ Մանուկյանը վստահեցնում է. «Խուճապ չկա, մենք իրավիճակին տիրապետում ենք լիարժեքորեն: Զինծառայողներին իրազեկել ենք կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման եւ հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Պարբերաբար անցկացվում են բուժական կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, ձեռնարկվում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զորամասը վարակի ներթափանցումից զերծ պահելու համար»:

Օրական մի քանի անգամ հատուկ լուծույթով սանիտարական մշակման են ենթարկվում զորամասի ամբողջ տարածքը, մարտական դիրքերը: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները անցնում են պարտադիր բժշկական զննում: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը:

Ճաշի ժամն է, զինվորները ճաշարան մտնելուց առաջ, ախտահանման նպատակով, ձեռքերը պարտադիր լվանում են քլորաջրով: Ճաշարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար, պայմանագրային սերժանտ Անդրանիկ Սահակյանը, որը նաև մարտական դիրքերում ծառայել է որպես խոհարար, վստահեցնում է՝ մեր զինվորի ճաշը համեղ է, հարուստ կալորիականությամբ, իսկ ճաշացանկն էլ զինվորի սրտի ուզածի չափ բազմազան է:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/04/2020