Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՀՐԱՆՏ ԳԵՎՈՐԳԻ ԲԱԲԱՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1921թ. հունիսի 7-ին Նոր Գյուղ բնակավայրում (Աբովյանի շրջան, Հայաստան):

Հրանտ Գեւորգի Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, փոխգնդապետ:

Միջնակարգ կրթությունն ստացել է Երեւանի Խ.Աբովյանի անվան դպրոցում:

1939թ. եղել է Կարմիր բանակում: 1941թ. հուլիսի 20-ին ավարտել է Մոսկվայի զինվորական օկրուգի Վիշնե Վոլոչկի Կալինկովիչյան ռազմահետեւակային ուսումնարանը:

Մեծ հայրենականի առաջին իսկ օրերից  լեյտենանտ Բաբայանը մասնակցել է արյունալի մարտերի: Կռվել է 6 ռազմաճակատում, 11 բանակի մարտաշարքերում: 1941թ. օգոստոսի 16-ից ծառայել է Մոսկվայի Կիեւյան շրջանի ժողովրդական աշխարհազորի 21-րդ դիվիզիայի 61-րդ հրաձգային գնդում, ապա՝ Մոսկվայի Կիրովյան շրջանի ժողովրդական աշխարհազորի 9-րդ դիվիզիայի կազմում՝ որպես գնդացրային դասակի հրամանատար, լեյտենանտ: Նա նշանակվել է 194-րդ հրաձգային դիվիզիայի 405-րդ հրաձգային գնդի գնդացրային վաշտի հրամանատար: Մոսկվայի ճակատամարտին ակտիվորեն մասնակցելու համար վաղաժամկետ ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Մինչեւ 1941թ. դեկտեմբերի 5-ը մարտնչել է Ռեզերվային (պահեստուժային) եւ Արեւմտյան ռազմաճակատների կազմում:

1941թ. դեկտեմբերի 20-ից գործուղվել է նոր կազմավորված Հայկական Թամանյան դիվիզիա: Մասնակցել է Հերոս քաղաքներ Մոսկվայի, Նովոռոսիյսկի, Կերչի, Սեւաստոպոլի համար մղված պաշտպանական ու հարձակողական, ինչպես նաեւ վիսլա-Օդերյան ու Բեռլինի հարձակողական գործողություններին:

Լինելով գումարտակի հրամանատար՝ նա Կովկասյան նախալեռներից հասել է մինչեւ Բեռլին: Օդերի Ֆրանկուրտը եւ Բեռլինը գրոհելիս երկու անգամ վիրավորվել է, բայց մարտադաշտը չի լքել: Օդերի Ֆրանկֆուրտի մոտ՝ Ցշեցշնով գյուղի շրջանում, թշնամին կորցրել է 600 մարդ (սպանված ու վիրավոր), 47 զինվոր ու սպա գերի են հանձնվել, հաուբիցահրետանու 3 մարտկոց, 8 տասնյակ մեքենա եւ 3 պահեստ:

Պատերազմն ավարտել է Գերմանիայում՝ Էլբա գետի ափին, մայորի կոչումով, իբրեւ Բելառուսական 1-ին ռազմաճակատի 33-րդ բանակի 89-րդ Հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար:

1946թ. մայիսի 16-ին մայոր Հրանտ Գեւորգի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի (1943թ.), Կարմիր դրոշի (1944թ.), Ալեքսանդր Նեւսկու (1944թ.), Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի (1985թ.) եւ Լեհական Ժողովրդական Հանրապետության մեդալներով:

Պատերազմից հետո շարունակել է զինծառայությունը: 1947թ. փոխգնդապետի կոչումով արձակվել է պահեստազոր: Ապրել է Երեւանում, աշխատել հասարակական սննդի արտադրության ոլորտում: Մի քանի անգամ ընտրվել է ժողովրդական պատգամավորների Երեւանի քաղխորհրդի եւ շրջխորհրդի պատգամավոր:

Մահացել է 1995թ. փետրվարի 17-ին:

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Պատմության էջերից


16/04/2020