ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1906թ. փետրվարի 18-ին Չարդախլու գյուղում (Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Շամխորի շրջան, Ադրբեջան):
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը խորհրդային զորապետ է, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ:
1925թ. սեպտեմբերից եղել է Կարմիր բանակում: Գործուղվել է Երեւան՝ Հայկական հետեւակային դպրոցում սովորելու: Դրա ապակազմավորումից հետո՝ 1926թ. սեպտեմբերին փոխադրվել է Թբիլիսիի Անդրկովկասյան ռազմահետեւակային դպրոց, որն ավարտելով՝ 1929թ. սեպտեմբերից ծառայել է Կովկասյան կարմրադրոշ բանակի Անդրկովկասյան 7-րդ հրաձգային գնդում՝ որպես դասակի, վաշտի հրամանատար: 1937թ. հոկտեմբերից եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի հակաօդային պաշտպանության կետի (Բաքու) շտաբի առաջին բաժանմունքի պետը:
1938թ. հոկտեմբերից Հ.Խ.Բաբաջանյանը Լենինգրադյան զինվորական օկրուգում որպես 2-րդ գնդացրային գնդի հրամանատարի օգնական մասնակցել է 1930-1940թթ. Խորհրդա-ֆիննական պատերազմին:
1941թ. հուլիսից եղել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: Պատերազմը նրա համար սկսվել է Վելիկիե Լուկի քաղաքի մոտ: Իսկ իր ղեկավարած տանկային բրիգադը շուտով փառաբանվել է փայլուն հաղթանակներով եւ ստացել է Գվարդիական անունը:
1942թ. օգոստոսին Մ.Ֆ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացն ավարտելուց հետո Բաբաջանյանը նշանակվել է 1-ին տանկային բանակի 3-րդ եւ 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսների 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար:
1944թ. ապրիլի 26-ին գվարդիայի գնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:
Պարգեւատրվել է նաեւ Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Սովորովի 1-ին եւ 2-րդ աստիճանների, Կուտուզովի 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշաններով եւ մեդալներով:
1944թ. օգոստոսից մինչեւ գերմանաֆաշիստական զավթիչների հետ պատերազմի հաղթական ավարտը Հ. Խ. Բաբաջանյանը 1-ին տանկային բանակի կազմում ղեկավարել է 11-րդ գվարդիական տանկային կորպուսը: Այն մասնակցել է Լվով-Սանդոմիրյան, Վիսլա-Օդերյան, Արեւելապոմերանյան եւ Բեռլինի հարձակողական գործողություններին:
Պատերազմից հետո մինչեւ 1947թ. հունվարը եղել է 1945թ. հուլիսին 11-րդ գվարդիական տանկադիվիզիայի վերակազմավորված կորպուսի հրամանատարը:
1948թ. ավարտել է Կ.Ե.Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան:
1948թ. եղել է բանակի շտաբի պետը, այնուհետեւ 1950թ. սեպտեմբերից 2-րդ գվարդիական մեքենայացված բանակի հրամանատարը:
1956թ. մայիսից 8-րդ մեքենայացված բանակի հրամանատարն էր, 1958թ. հունվարից՝ Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի 1-ին տեղակալը: 1959թ. հունիսից եղել է Օդեսայի զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:
1967թ. սեպտեմբերից՝ Խորհրդային Միության մարշալ Ռ.Լ.Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի զինվորական ակադեմիայի պետը:
1969թ. մայիսից խորհրդային բանակի տանկային զորքերի պետն էր, ցամաքային զորքերի ռազմական խորհրդի անդամ:
Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ էր:
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը մահացել է 1977թ. նոյեմբերի 1-ին: Հանգչում է Մոսկվայի Նովոդեւիչյան գերեզմանատանը:
Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Պատմության էջերից