Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈւՄ…



ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈւՄ...Ամեն մանկան ծնունդ մեծ բերկրանք է բերում իր հետ, նոր շնչով, գորովանքով է լցնում տունը. առաջին ճիչ, առաջին թոթովանք, առաջին քայլ և բազում-բազում երազանքներ… 1993թ. հունիսի 5-ին մեծ աչքալուսանք էր Ախուրյանում բնակվող Կարապետ և Լիանա Շահբազյանների ընտանիքում: Խանձարուրից իր լայն բացած աչքերով Աշոտը շուրջն էր դիտում և ժպտում անմե՜ղ-անմե՜ղ…

Խելացի տղա էր Աշոտը: Սովորում էր Ախուրյանի թիվ 1 դպրոցում, իսկ չորրորդ դասարանից  տեղափոխվեց Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարան:

… Վարժարանի բակում Աշոտը ծառ էր տնկել, ջրել, խնամել: Հպարտանում էր, որ իր տնկած ծառը բերք է տալիս: Հետո ծառի վրա Աշոտի անունն էր գրվելու… Վարժարանի հրաձգարանն Աշոտի ամենասիրած վայրն էր: Եթե բացակայում էր, նրան հրաձգարանում էին գտնում: Հրաշալի դիպուկահար էր: Հիմա հրաձգարանը Աշոտ Շահբազյանի անունով է կոչվում:

Վարժարանն ավարտելուց հետո՝ 2010թ. ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Նա նաև լավ ֆուտբոլ էր խաղում: Համալսարանի ֆուտբոլի թիմի անդամ էր: Համալսարանն ավարտեց՝ ստանալով լեյտենանտի կոչում: Կամովի ընտրեց ծառայությունը Արցախում. Ջեբրայիլում նշանակվեց վաշտի հրաձգային դասակի հրամանատար: Այժմ այդ վաշտը կոչվում է քառօրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անվամբ:

-Աշո՛տ ջան, ինչո՞ւ առանց վիճակահանության,- հարցնում է մայրը:

-Գիտեմ՝ ուր և ինչի համար եմ գնում,- պատասխանում է Աշոտը,- զինվորականի տեղը դիրքերում է, չմտածե՛ս, մա՛մ ջան, ինձ գնդակ չի դիպչի:

…«Ինձ պարզապես ոգեշնչում են իմ զինվորները, իմ ծառայությունը, իմ զենքը: Իմ հենակետն ինձ ասես աշխարհի ծայրից տեղափոխեց աշխարհի կենտրոն՝ ուժի կենտրոն»,- «Հայ զինվորի» լրագրողի հարցին չարաբաստիկ դեպքերի նախօրեին այսպես էր պատասխանել Աշոտը: 2015թ. դեկտեմբերին արձակուրդ է գալիս, բայց ամսի 26-ին զորամասից զանգում են, ետ են կանչում: Նրա կարիքն էր զգացվում դիրքերում, պետք է վերադառնար: Մայրը չէր հասցրել կարոտն առնել: Արցունքն աչքերին՝ խնդրում է չգնալ: Աշոտը գրկում է մորը.

-Չի՛ լինի, մա՛մ, զորամասում իմ կարիքը կա: Կգնամ՝ էլի կգամ:

Նա ժպիտով  փորձում էր ինչ-որ բան թաքցնել մորից: Մեկնում է Գյումրի՝ գնումների: Մեկ ժամ անց զանգում է.

-Մա՛մ ջան, արի՛, քեզ համար անակնկալ ունեմ:

Պայմանավորված տեղում Աշոտն էր՝ ձեռքին շատ մեծ, փափուկ խաղալիք վագր: Միասին երկար զբոսնեցին…

2016թ. մարտի 31-ին Աշոտը զորամասից  զանգեց: Շատ էր ուրախ: «Մա՛մ ջան, Աղդամ էինք գնացել՝ կրակելու: Հաղթել ենք, պատվոգիր ենք ստացել: Հոգնած եմ, առավոտյան դիրքեր եմ բարձրանալու: Տեղավորվեմ՝ կզանգեմ»:

Ապրիլի մեկի լույս երկուսի չարաբաստիկ գիշեր… Աշոտն իր զինվորների հետ հսկում էր մարտական դիրքը: Հարձակում սկսվեց: Բոլոր հնարավոր միջոցներով թշնամին հրետակոծության տարափ էր տեղում մեր դիրքերի ուղղությամբ, իսկ հատուկ պատրաստված, մինչև ատամները զինված վարձու հատուկջոկատայինները առաջանում էին: Աշոտ Շահբազյանը դիտարկում անցկացնելիս վիրավորվեց ձեռքից: Արման Ավետիսյանը փորձեց մոտենալ նրան, բայց  հակառակորդի նետած նռնակն ընկավ զինվորի ոտքերի մոտ՝ վնասելով ոտնաթաթը: Հետո մի կերպ երկուսով հասան գետնատնակ… Ամեն մի պահը ճակատագրական էր: Աշոտը դիրքավորվեց  իր զինվորների հետ և պատրաստվեց մարտի: Այդ օրը ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի զինակիցներն էին.

Սերժանտ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Շիրակի մարզ, գյուղ Մանթաշ,

Ավագ հրաձիգ ԱՐԹՈւՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ք. Աբովյան,

Նռնակաձիգ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ, Կոտայքի մարզ, գյուղ Կամարիս,

Դիպուկահար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ, քաղաք Երևան,

Գնդացրորդ ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, գյուղ Երանոս,

Շարքային ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, քաղաք Արարատ,

Շարքային ՀԱՄԲԱՐՁՈւՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ:

Չնայած տարիքային չնչին տարբերությանը, նա մեծ եղբոր սիրով ու հոգածությամբ էր վերաբերվում իր ծառայակիցներին: Զինվորները սիրում էին նրան և մեջքին դաջված արծվի պատճառով անվանում էին Արծիվ Աշոտ…

Թշնամին օղակել էր բարձունքը և կրակի տարափ էր տեղում շրջափակման մեջ հայտնված դիրքի վրա: Զոհվելուց րոպեներ առաջ Աշոտը ռադիոկապով նահանջի հրաման ստացավ:

-Աշո՛տ, հետ իջեք, լսո՞ւմ ես, Աշո՛տ:

-Չէ՛, կամբատ, չեմ կարող: Վիրավորներ ու զոհեր կան: Չեմ կարող թողնել ու իջնել: Ես էլ ի վիճակի չեմ նրանց իջեցնելու:

-Աշո՛տ, հասկացի՛ր, պատերազմ է, ով ողջ է՝ նրանց հետ իջե՛ք:

-Չեմ կարող իջնել, կամբա՛տ…

ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈւՄ...Մի քանի վայրկյանից ռադիոկապն ընդհատվում է:  Հակառակորդը լցվում է դիրքեր: Թիկունքից ևս վիրավորված՝ Աշոտը վերջին հնարավորությունն է օգտագործում: Նա պայթեցնում է նռնակը՝ լռեցնելով հակառակորդի  մոտեցող մի քանի  զինվորականի…

Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ   երկայնքով ծավալված թեժ մարտերում թշնամին աննախադեպ կորուստ կրեց: Մեր հերոսների շնորհիվ, ովքեր արիաբար կասեցնում էին թշնամու առաջխաղացումը… Տիկին Լիանան անհանգիստ էր: Ասես մի բան պոկվում էր սրտից: Որդուց լուր չկար: Բոլորը լուռ էին: Կրտսեր որդուն՝ Հունանին խնդրեց, որ փորձի մի բան իմանալ: Գուցե նրան ասեն… Հանկարծ կողքի սենյակից ճիչ լսեց: Վազեց սենյակ: Հունանը փարվեց մորը, հեկեկալով ասաց.

-Մա՛մ ջան, ով ինչ ասի՝ չհավատա՛ս: Ես կգնամ, եղբորս ողջ տուն կբերեմ…

Օրեր անց հերոսի մորը՝ Լիանային այցելեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» նախագահ Ֆրիդա Ջորդանը: Նա շնորհակալական նամակ փոխանցեց, որում նշված էր, որ Աշոտ Շահբազյանի շնորհիվ կյանք է փրկվել: Պարզվում է, որ Աշոտը նաև ոսկրածուծի դոնոր է եղել, և ոչ ոք չէր իմացել այդ մասին: «Հպարտանում ենք, որ մեր կողքին ունեցել ենք այնպիսի անձնավորություն, որ պատրաստ էր մարդկային կյանքեր փրկել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև խաղաղ պայմաններում»,- ասված է նամակում:

Աշոտ Շահբազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, ԼՂՀ Արիության մեդալով, «Հայկյան բռունցք» և այլ մեդալներով ու պատվոգրերով:

 

ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գյումրի

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Ճակատագրեր


16/04/2020