Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԹԵ ԾԱՌԱՅԵԼ՝ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԵԹԵ ԾԱՌԱՅԵԼ՝ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՀանգամանքների բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված մեր շատ-շատ հայրենակիցներ զինվորագրվելու տարիքում վերադառնում  են օտարությունից՝ պաշտպանելու հայրենյաց սահմանները:

Շարքային Արտակ Մարկոսյանը Դաղստանից է եկել, ընդամենը մի քանի ամիս է, որ ծառայում է:

-Հայրս այնտեղ է աշխատում:  Ես էլ Դաղստանում ֆիթնեսի մարզիչ եմ, զբաղվում եմ նաև  ազատ ըմբշամարտով:

Արմատներով արցախցի Հայկ Առուստամյանն էլ Մոսկվայից է վերադարձել.

-Կարող էի, իհարկե, Ռուսաստանում ծառայել, բայց մտածեցի՝ թե պիտի ծառայեմ, ապա միայն հայրենիքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ ընկերներիցս մեկը՝ Յուրի Փարամազյանը, զոհվեց: Դիրքի ավագն էր, երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց… իր կյանքի գնով փրկել էր երկու նորակոչիկների… Դժվար է, շատ դժվար ընկերոջ մասին անցյալ ժամանակով խոսել…Հիմա այնքան լավ եմ հասկանում,  թե ինչու են ասում՝ թանկ ու հարազատ հող…

-Մեկ միասնական բռունցք դարձած՝ մշտապես պատրաստ ենք հակադարձելու, հարվածելու թշնամուն:- Երեմ Նիկոլյանն է, երիտասարդի խոսքը լի է վճռականությամբ: Երեմը  Բրյուսելից է եկել, 13 տարեկանից  Բելգիայում է:- Ծառայությունից հետո որոշել եմ՝ մնալու եմ հայրենիքում. ամեն մարդ հզոր է իր երկրում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Ազգային բանակ


16/04/2020