ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՍԵՄՅՈՆ (ՍԻՄՈՆ) ԿԱՐԱՊԵՏԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Խորհրդային Միության հերոս
Սեմյոն Կարապետի Բաղդասարյանը ծնվել է 1913թ. հոկտեմբերի 5-ին Կառնուտ գյուղում (Ախուրյանի շրջան, Հայաստան), գյուղացու ընտանիքում:
Սեմյոն Կարապետի Բաղդասարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, կապիտան:
Մանկուց զրկվել է ծնողներից, եւ նրան դաստիարակել է ավագ եղբայրը՝ Խաչատուրը: Միջնակարգ կրթություն է ստացել Լենինականում:
1938թ. ավարտել է Թբիլիսիի զինվորական դպրոցը, 1939թ.՝ մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսը:
Աշխատել է Երեւանում՝ իբրեւ գործարանի մատակարարման պետ:
1942թ. օգոստոսին Բաղդասարյանը զորակոչվել է Կարմիր բանակ: Եղել է Կովկասի պաշտպաններից, Թամանի թերակղզին ու նույնանուն քաղաքն ազատագրած 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ:
Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի Առափնյա բանակի 89-րդ հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար, լեյտենանտ Բաղդասարյանը Սեւաստոպոլի մատույցներում թշնամու դիմադրության կարեւորագույն հանգույց Գորնայա բարձունքը գրոհելիս ղեկավարել է գրոհային խումբը: 1944թ. մայիսի 9-ին այդ խումբը նռնակներով ոչնչացրել է թշնամու դօտի մերձուղիները փակող 3 դզօտի կայազորը: Թիկունքից գաղտնի մոտենալով դօտին՝ խումբն անսպասելիորեն ներխուժել է եւ ձեռնամարտելով ոչնչացրել է նաեւ դրա կայազորը: Լեյտենանտ Բաղդասարյանը փոխարինել է կռվի հետեւանքով շարքից դուրս եկած հրամանատարին, վաշտը հանել է հարձակման եւ առաջինը հասնելով բարձունքներից մեկին՝ այնտեղ ամրացրել կարմիր դրոշը: Լեյտենանտ Բաղդասարյանի հրամանատարությամբ իրականացված համարձակ ու հնարամիտ գործողությունների շնորհիվ ճեղքվել է հակառակորդի ամրացված երկրորդ պաշտպանագիծը Սեւաստոպոլի մատույցներում:
1945թ. մարտի 24-ին լեյտենանտ Սեմյոն Կարապետի Բաղդասարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:
Պարգեւատրվել է նաեւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով ու մեդալներով:
Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցել է Լեհաստանի տարածքում ընթացող մարտական գործողություններին: Իր դասակով աչքի է ընկել Բեռլինի գրավման ժամանակ: Պատերազմից հետո շարունակել է զինծառայությունը՝ որպես Թամանյան դիվիզիայի 406-րդ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ: 1947թ. կապիտան Բաղդասարյանն արձակվել է պահեստազոր: Ապրել է Երեւանում: Աշխատել է Հայկական ՍՍՀ առեւտրի մինիստրության համակարգում:
Սեմյոն Կարապետի Բաղդասարյանը մահացել է 1993թ. մարտի 4-ին:
Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ճակատագրեր