Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ



ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ(հատվածներ)

 

1916թ.

Փետրվար

…Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը, այնքա՜ն ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիությունը սարսափների՝ որակելու համար բառարաններում բառեր չկան: Եվ ո՛չ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար. իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել՝ կմեռնի այդ սարսափն զգալով…

Սեպտեմբեր

Հայոց բոլոր արյունի մեղքը եվրոպացիների խղճի վրա է  ծանրացած, նրանց համար հայերը եղած-չեղած՝ հավի չափ արժեք չունեն: «Թո՛ղ  կոտորե  թուրքը, եթե այդ նրան պետք է, մանավանդ, երբ դրա համար մեզ կոնցեսիա է տալիս, ուրեմն՝ թո՛ղ ջնջե. մեզ ի՞նչ. մենք մեր շահը, փողն ենք ուզում…»: Եվ այդ Եվրոպան  իրան հաշվում է քաղաքակիրթ, լուսավոր, քրիստոնյա: Ամբողջ Եվրոպայում պետությունների մեջ (ինչպես և չինացոց և ճապոնացոց կարծիքն է) մորալ, կրոն չկա, միայն ես, շահ, նյութ, փող. ուրիշ ո՛չ մի աստված, միայն ոսկի: Նա  առաջադիմել է գազանության մեջ՝ կատարյալ զենքերով (Կրուպի) սպանել, մորթել, դավել, խաբել:

…Այս պատերազմը բոլոր կռվողների գույները ցույց տվեց: Ցույց տվեց, որ բոլորն էլ բորենիներ են, խաբողներ, փոքր ազգերի դահիճներ, և ամենքի դրոշակը հյուսված է կեղծիքներից, խոստումներից, խորամանկություններից և մեծ գաղափարների (եղբայրություն, քաղաքակրթություն, ազգերի ազատություն, իրավունք, արդարություն)   անուններից:

Ստորության և եղեռնի դրոշակակիր պետություններ… Կեղծ, դավող-խաբող դրոշակներ՝ փոքր ազգերին առաջ նետող և կոտորել տվող…

…Դարեր պիտի գան ու գնան, և խոսքի հանճարները չպիտի կարողանան հայկական սարսափների, տառապանքի, մարտիրոսության անհունն սպառելու…

Ես պիտի նստիմ Մասիսի ստորոտին, գլխիս մոխիր ցանեմ և լամ, լա՛մ՝ նզովելով ամբողջ աշխարհը՝ բարեկամ ու թշնամի, և ամեն հայի սրտում վառելով վրեժի օձ ու թույն:

…Հայությունը խմեց ո՛չ թե դառնության բաժակը, այլ դառնության օվկիանը, մինչև մրուրը պարպեց…Հայություն՝  մեծ, հսկա, ահագին՝ քո վշտով, քո տանջանքով…

Աշխարհը՝ քար, մարդիկ՝ օտար, թուրքերը՝ գազան, մանկամորթ, Եվրոպան՝ շահամոլ… իսկ հայերը՝ հավիտենական զոհեր… Եվ Աստված էլ չկա, միայն սատանան է, որ իշխում է…

Ինչպե՜ս  դիմանալ – հայը տիեզերքից մեծ սիրտ պիտի ունենա, որ կարողանա տիեզերքի չափ այս  ցավերին դիմանա…

…Հայ  ժողովրդին խաչ հանեցին  և նրա կայքն  ու գույքը և ազգային  հնությունները  Քրիստոսի  պատմուճանի պես բարբարոսները իրար մեջ վիճակի ձգեցին…

Անտերությու՛ն, անտերությու՛ն. կորած, հոշոտված խեղճ ժողովուրդ:

Ո՞վ է բարեկամդ, ո՞վ է թշնամիդ – երկուսն էլ միևնույնն են՝ տարբեր դիմակներով:

…Դարերի մեջ, ամբողջ հազար  տարի  և ավելի երկար, արաբական արշավներից սկսած՝ Հայաստանը շատ  փլուզումներ  է ունեցել, բայց նա այսպես կամ այնպես կանգուն էր, սակայն այս վերջինը գլխեց ու անցավ. անգամ Լենկ-Թեմուրի, Շահ-Աբասի  և Համիդի ավերումները չնչին, աննշան համեմատություններ են ներկայացնում այս վերջին՝ բոլոր  ազգերի, բոլոր դարերում եղած սարսափներից գերազանց աղետի հանդեպ… Աշխարհի մեջ ամենասարսափելին, ամենաահավորը, ամենաահռելին ու ամենամեծը բաժին ընկավ հային, նա չունի իր վիճակակիցը. այդ սարսափներից այն կողմն էլ սարսափ չկա. դա սահմանն է…

 

Նոյեմբեր

…Հայրենի ավերակներից, հրդեհումներից ու փլուզումներից հող ու մոխիր է մաղվել քո վրա. քո աչքերի առաջ մորթեցին քո մանուկներին… Բավական է գութ ու ողորմածություն  հայցես. ուժ, վրեժ, ցասում, հաղթանակ կամ մահ պահանջիր:

Քեզ ի՞նչ պատահեց, իմ անմա՛հ ժողովուրդ, ինչո՞ւ թողիր, որ քո հնձանները երեխաների արյունով լեցվի, հանգչի քո երդի հուրը, խորտակվի քո բերդի դուռը…

Ինչո՞ւ  թուլացավ քո կորովը և աղեղդ ընդարմացավ. արդյոք չէ՞ մի, որ դու դավաճանեցիր քո հին բարի, արի աստվածներին, և նրանք էլ լքեցին քեզ, իմ հեգ, իմ աղքատ ու ծեծված ժողովուրդ…

 

1917թ.

Հունվար 

Հայաստա՛ն աշխարհ

Դու ադամանդե լեռների վրա, այդ հավերժական սյուների վրա բարձրացած երկնասույզ աշխարհ, դու աշխարհների մեջ անպարտելի կանգնած  առաքինի նահապետ, որ անդավաճան քո սրբությանը և քո Աստծուն՝ հանապազ վառ ես պահում  քո երգը, քո ատրուշանը. Թուրանի և Արաբի և Սարմատական  տափաստանների խորշակն ու ցուրտը չկարողացան և չեն կարողանալու հանգցնել քո սուրբ հուրը…

Իմ սու՛րբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը: Ես պաշտում եմ քո  փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց սրբազան մամուռը:

Դու  չե՛ս մեռել, դու անմա՛հ ես, դու անմահությունն ես և հավերժական գաղափարը:

…Հայի ոգի՛, դու քո ադամանդե լեռներից բխող շափյուղյա  աղբյու՛ր. թշնամին պղտորեց քո կայլակները և իր խժդուժ կաղկանձը խառնեց քո դաշնակներին, բայց դու գիտես, որ պիտի գա այն օրը, որ նոր արշալույսի տակ պիտի խոխոջես մանկական պայծառ  ծիծաղով. նոր գեղոններով պիտի ցողես դաշտերը, և հովվի սրինգին երգ տաս, և վարդապսակ կույսերի     պարին՝ թափ ու թիռ…

Նո՛ր, հզո՛ր   և խո՛ր երգերով քո հինավուրց հոգուց հորդացած հզոր գետերիդ պես պիտի երթաս, թափվիս մարդկության հանուր ծովի մեջ՝ քո նոր դաշնակը հյուսելով հանուրի ներդաշնակության հետ:

Հայի ոգի՛, հայոց լեռների պես վերասլաց, ադամանդե, արևաբաղձ և հզոր ոգի՛, մաքուր ու սուրբ ոգի՛…

…Հայո՛ց աշխարհ, քո որդին առաջ գլուխը  դնում էր բլբուլների բույների վրա, իսկ հիմա՝ կարիճների: Դու իմ ավեր ու ավար հայրենակա՛ն տուն: Քո օրհնաբեր արորի տեղ հիմա օձն է ակոսում քո դարավոր սրբազան հողը. արտույտների տեղ՝ ագռավները, նավասարդյան եղնիկներիդ տեղ հիմա ավազակ թշնամու ոտքերն են կոխկռտում քո մարմանդ ջրերը: Բայց դու գիտես՝ արևի պես ծագելու է այն օրը, որ նորից բլբուլների բները կենդանանալու են, և գեղջուկիդ ակոսները լցվելու նվիրական ցորենով: Քո հանճարեղ որդիները նորից պիտի կապեն աշխատանքի գոգնոցները, և մուրճն ու կացինը, կարկինն ու ճախարակը պիտի ոգի առնեն և ոգի ստեղծեն…

Իմ ժողովուրդ, գոտիդ կապի՛ր և հավատարի՛մ մնա դու քեզ…

 

1922թ.

Հունիս

Իմ խեղճ, իմ նահատակ, իմ մեծ ժողովուրդ, հղի նոր  խոսքերով, ճշմարտի տեսիլներով…

Քո հարստությամբ վայրագ թշնամին կաշառեց Եվրոպան՝ ստի, կեղծի և նենգության, վաճառքի այդ շուկան, դահճին արդարացրին և զոհին մեղադրեցին՝ իրենց խիղճը մեռցնելով:

Անմեղ կույսերիդ, որոնք միայն լույս և սեր էին երազում, լլկեցին սրիկաները, սրբակրոն մայրերի աչքերի առջև. մեր պապերի երկիրը ծածկեցին մեր երեխաների փշրված ոսկորներով, մեր հորերը՝ նահատակների գանգերով: Գետերը ծածկեցին  դիակներով, և անգղներն ու բորենիներն եկան աշխարհի ամեն  տեղերից անվախճան  խնջույքի. արյունդ հեղեղեց լեռներն ու ձորերը, բայց արյան գինը յուրացրեց վաշխառու  Եվրոպան՝ Քրիստոսի խաչին թքող Եվրոպան…

Բյուր-բյուրեր բոկոտն, կողոպտված, ծեծված, անոթի-ծարավ՝ յաթաղանի տակ քշեցին անապատները և քաղցից խելագար՝ մեռցրին: Բոլոր վայրի, գազան  ժողովուրդները  մաս  առան քո  աղջիկներից, որբերից, գանձերից ու ձեռակերտներից, բոլորը հոշոտեցին քեզ, քրքրեցին, կերան, կրծեցին:

…Դո՛ւ, իմ ժողովուրդ, սո՛ւրբ, մաքո՛ւր, միամի՛տ ժողովուրդ, զոհ քո հավատքին դեպի մարդը, եղբայրը, մարդկայինը, սերը, ազնվությունը, գութը, համամարդկայինը, արդարությունը և վեհ իդեալները…

Դու քո ջարդված, ճղակոտոր, հաշմ տեղովդ բարձր ես բոլորից, բոլորից:

Եվ  իդեալներից  ճառող  գաղափարախոսները եղբայրացան դահիճներին ու մանկամորթներին…Ո՛վ դու արյունի զանգված՝ արյան գունդ աշխա՛րհ…:

…Կործանված Թյուրքիան ոտքի կանգնեցրին  եվրոպացիք: Հայկական ծով արյունը եղավ շաղախը միացնելու  եվրոպացիներին, սերտ կապերով, թյուրքի հետ…

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Հոգևոր-մշակութային


23/04/2020