ԳԵՏԱՇԵՆԻ ԱՐԾԻՎԸ
Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1986 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: 1987-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
Թաթուլն իր ազգանվեր գործունեությունն սկսել էր դեռևս ուսանողական տարիներից: «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում հավաքագրում, մոռացությունից փրկում էր ժողովրդական, ազգային-ազատագրական պայքարը պատկերող երգերն ու պարերը: Նա Երևանի պետական համալսարանում հիմնադրեց «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:
Չորրորդ կուրսում Թաթուլ Կրպեյանը զինվորագրվեց ազատագրական շարժմանը։ 1987-ին դարձավ «Միացում» կազմակերպության անդամ։ 1990թ. սեպտեմբերից Թաթուլ Կրպեյանը արդեն Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, խորհրդային բանակի և ոստիկանական խմբավորումների։ Իսկ ազատ ժամերին Հայոց պատմություն և աշխարհագրություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում: 1991թ. գարնանը խորհրդային իշխանություններն անցան բացահայտ հարձակման: Թուրք օմօնականների հետ նրանք իրականացրին «ՕՂԱԿ» ռազմագործողությունը՝ Արցախյան շարժումը վերջնականապես ծնկի բերելու նպատակով: Ու սկսեցին Գետաշենից: Խորհրդային 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ ուժերը 1990 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության շրջանակում, հարձակվեցին Գետաշենի վրա: Այդ օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը բռնագրավեց խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը: Սակայն նույն օրը փոխհրամանատար Արթուր Կարապետյանի և Հրաչ Դանիելյանի հետ մարտիրոսվեց նաև Թաթուլ Կրպեյանը՝ Գետաշենում, բանակցությունների ժամանակ: Այսպես բռնեց անմահության ճանապարհը Սասնո ֆիդային՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով Թաթուլը: Նա ասել էր. «Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, բայց այդ բանը չեմ անի… Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:
Թաթուլը հետմահու արժանացավ ՀՀ բարձրագույն պարգևի՝ Ազգային հերոսի կոչման, պարգևատրվելով «Հայրենիք» շքանշանով: Հերոսի անունով են կոչվում հայրենի Արեգ գյուղի, Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի միջնակարգ, Երևանի թիվ 62 ավագ դպրոցները: ԵՊՀ պատմության ֆակուլտետում Թաթուլ Կրպեյանի անունով անվանակոչվել է լսարան, սահմանվել Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ: «Քաջն Թաթուլ» ազգագրական երգի ու պարի համույթը գործում է Երևանում, Կովսականի երգի-պարի համույթը նույնպես նրա անունն է կրում: Երևանում՝ Նոր Նորքում, բացվել է զբոսայգի՝ նվիրված հերոսին: Թաթուլ Կրպեյանի անունով պուրակ է հիմնվել նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: 1993 թվականին լույս է տեսել Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» վերտառությամբ գրքույկը: Թաթուլ Կրպեյանին և ընկերներին են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպն ու «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև Ներսիկ Իսպիրյանի «Լեռան լանջին», Աշուղ Գևորգի «Մայրամուտ իջավ» երգերը, Աշոտ Բաբայանի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը և այլն: Թողարկվել է հերոսի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ: Հրատարակվել է Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ՝ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը: Գիրքը ներկայացվել է մի շարք երկրներում՝ Կանադա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա: Այս տարի Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-ամյակի շրջանակում գիրքը ներկայացվեց Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի համալսարանում և Լոնդոնի Արքայական համալսարանական քոլեջում:
Կովսականում հերոսի ծննդյան օրերին մշտապես ցերեկույթ-հանդեսներ են կազմակերպվում: Անմահ հերոսը իր ոգեղեն ներկայությամբ դաստիարակում է մանուկ սերնդին:
Գետաշենի արծիվ Թաթուլ Կրպեյանն ապրիլի 21-ին կդառնար 55 տարեկան, սակայն հերոսն արդեն 29 տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մեզ հետ է իր հզոր ոգով, ազգի նվիրյալ հերոսի կերպարով:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ճակատագրեր