Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԹԱԳԱԿԻՐ ՀԵՐՈՍԸ



ԱՆԹԱԳԱԿԻՐ ՀԵՐՈՍԸՏարիներ առաջ, երբ ծառայության բերումով Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք հեռավոր լեռնային գյուղում էի, զրույցի բռնվեցի գյուղի տարեցների հետ: Նրանցից երեքը Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ էին: Իմանալով ով լինելս, սկսեցին պատմել անցած-գնացած օրերից, անկախության բերած օգուտներից, Արցախյան ազատամարտի մասնակից համագյուղացիներից: Քանի որ ինձ հետաքրքրում էր Հայրենական մեծ պատերազմի թեման, նրանցից ավագը ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ, ասաց. «Փոքրիկ մեր գյուղը հերոս էլ ունի, խնդրեմ, ծանոթացեք՝ Արշակ Հակոբյան»: Ծանոթանում ենք: Ծնվել է 1914 թվականին: 1937 թվականին զորակոչվել է ծառայության, մասնակցել Խորհրդա-ֆիննական պատերազմին: Հետո սկսվում է Մեծ հայրենականը: Կամավոր մեկնում է ռազմաճակատ և 89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդի կազմում դասակի հրամանատար, սերժանտի կոչումով  Գրոզնիից հասնում է Բեռլին:

Նովոռոսիյսկ, Սևաստոպոլ քաղաքների, Թամանի թերակղզու ազատագրմանը ցուցաբերած աննախադեպ քաջագործությունների ու արիության համար 1945 թվականի մարտին 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանը  դասակի հրամանատար Արշակ Հակոբյանին ներկայացնում է Խորհրդային Միության հերոսի կոչման: Մարտական ընկերները շտապում են շնորհավորել քաջարի հայորդուն՝ հայրենանվեր ծառայությունը հավուր պատշաճի կատարելու  համար, սակայն օրերն անցնում են, դիպվածներն էլ հետը. մերոնք գրավում են Բեռլինը, պարում Ռայխստագի պատերի տակ,  իսկ հերոսի կոչումը չկա ու չկա: Հետո պարզվում է, որ  հերոս  հայորդուն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը պարգևատրել է «Կարմիր աստղ» շքանշանով՝ «խիստ գաղտնի» գրիֆով էլ հրամանատարին հայտնելով, որ անկուսակցականին ԽՍՀՄ հերոսի կոչում  տալ հնարավոր չէ… Իսկ երբ գնդի հրամանատարությունը պնդում է, որ աչքի ընկած, երկու անգամ վիրավորվելուց հետո էլ մարտադաշտը չլքած Հակոբյանն իրոք արժանի է հերոսի կոչման, որպես կատարված բացթողման ուղղում՝ Հակոբյանը պարգևատրվում է նաև Հայրենական մեծ պատերազմի  1-ին աստիճանի շքանշանով:

Վերադառնալով տուն՝ Հակոբյանն անցնում է խաղաղ աշխատանքի, ղեկավարում է գյուղի դաշտավարական բրիգադներից մեկը, ընտրվում գյուղի կուսկազմակերպության քարտուղար:

Արշակ Հակոբյանը հպարտությամբ էր խոսում երեք որդիների և երեք դուստրերի մասին,  որոնք բոլորն էլ աչքի են ընկել թե՛ ուսման մեջ և թե՛ աշխատանքում:

Այս հոդվածը գրելուց առաջ զանգահարեցի  Գեղարքունիք  գյուղի գյուղապետ Արայիկ Աբրահամյանին: Նա երիտասարդ է և անձամբ չի ճանաչել Արշակ Հակոբյանին, բայց քաջատեղյակ է ոչ միայն նրա փառավոր անցյալին, այլև՝ համագյուղացիների մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին:

-Մեր փոքրիկ գյուղից,- ասում է զրուցակիցս,- Մեծ հայրենականին  մասնակցել է  358 հոգի, վերադարձել՝ 184-ը, զոհվել կամ անհետ կորել է 164-ը:

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան-վերլուծաբան

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Պատմության էջերից


30/04/2020