Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՌՆԱԳԱՂԹՆ ՈՒ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ԲՌՆԱԳԱՂԹՆ ՈՒ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄԵրիտթուրքերի «Միություն ու առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների՝ հայերի ցեղասպանության պատասխանատուների դատավարությունը

 

Թուրքերին դատում են… թուրքերը

(վկայում են պաշտոնական փաստագրերը)

 

Զինվորական ատյանի նախագահ՝

Ֆերիկ Մոատաֆա Նազիմ փաշա

 

Անդամներ՝ զորագնդային գեներալ Զեքի փաշա, զորագնդային գեներալ Մուստաֆա փաշա, զորագնդային գեներալ Ալի Նազիմ փաշա, գնդապետ Ռեջեբ Վերդի բեյ,

 

Դատավարությանը ներկա մեղադրյալներ՝ Տրապիզոնի հարկային տնօրեն Մեհմեդ Ալի բեյ,

 

Տրապիզոնի ապահովության տնօրեն Նուրի բեյ,

 

Տրապիզոնի ընդհանուր տեղեկատվության տնօրեն

Մուստաֆա էֆենդի,

 

Տրապիզոնի ոստիկանության փոխտեսուչ, ենթակուսակալ  Թալեաթ բեյ,

 

Տրապիզոնի քաղաքապետ Նիյազի էֆենդի,

 

Տրապիզոնի հասարակական առողջապահության տնօրեն Ալի Սայիր բեյ,

 

Փախուստի մեջ գտնվող մեղադրյալներ՝

Տրապիզոնի կառավարիչ Ջեմալ Ազմի բեյ,

Կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նաիլ բեյ:

 

ԴԱՏԱՎՃԻՌ

 

Դատաքննչական ընդունված կարգով կողմերի վկայությունները, հայտարարությունները, բողոքները լսելուց, ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց, հարկ եղած դեպքում վավերականությունը ստուգելուց հետո, չնայած մեղադրյալներն ու դատապաշտպանները չեն ընդունում հանցանքը, իրենց անմեղ են համարում, պահանջում ազատ արձակել, իսլամի օրենսդրական ընդհանուր սկզբունքները, օսմանյան սահմանադրությունը, պնդում են, որ պետական պաշտոնյաների առաջնահերթ պարտականություններից մեկը առանց խտրության բոլոր հպատակների պատիվը, կյանքն ու ունեցվածքը պահպանելն է, հանրային օրենքները կոպիտ ոտնահարումից պաշտպանելը։

Չնայած դրան, Տրապիզոնի կառավարիչը՝ Ջեմալ Ազմի բեյը, գաղտնի հրահանգներ է տվել, իսկ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի Տրապիզոնի կուսակալության պատասխանատու քարտուղար Նաիլ բեյը նրանից ստացած ներքին կարգադրություններին ենթարկվելով, փաստորեն հետը համագործակցել է։ Ոգեւորված իր հրամանների կատարման նկատմամբ Նաիլ բեյի ցուցաբերած ջանասիրությունից, Ջեմալ Ազմի բեյը, ըստ իր գաղտնի ծրագրի, համապատասխան քայլեր է ձեռնարկել հայերին կոտորելու ու վերացնելու համար։ Իրենց նպատակին հասնելու դրդապատճառով նրանք համախոհներ են դարձել, արտաքուստ ձեւացրել են, թե գործում են տարագրության օրենքի շրջանակներում, բայց իրականում, նշված ծրագրի իրականացմամբ, ձգտել են բնաջնջել բոլոր հայերին։

Այսպես, տարագրվող քարավաններին կցելով կաշառակեր ու հանցագործ պահապանների, որոնց միացել են նման անձանց հետ համագործակցելու հակված մի քանի զինվոր-ոստիկան, կառավարիչը հայ գաղթականներին ըստ էության զրկել է պաշտպանությունից։ Հենց որ քարավանները բավականաչափ հեռանում էին քաղաքից, անմարդաբնակ վայր հասնում, տղամարդկանց ու կանանց բաժանում էին իրարից։ Հետո ոճրախմբերը, որոնք կազմված էին լինում վերը նշված անհատներին նմանվող հանցագործներից, հարձակվում էին նրանց վրա, թալանում էին, յուրացնում ունեցվածքը, աննկարագրելի դաժանությամբ տանջում ու սպանում։ Ավազակները սովորաբար կանանց այլ վայր էին տեղափոխել եւ զարդեղենը, դրամը, հագուստները կողոպտելուց հետո, բռնաբարել։ Դրանից հետո տարագրվողներին ամիսներ շարունակ ստիպել են քայլել այնպիսի պայմաններում, որ բոլորն էլ լիովին ու վերջնականապես ուժասպառ են եղել։ Նրանց մեծ մասը մահացել է քաղցից, ծարավից, հոգնությունից։ Ամեն դեպքում մեղադրյալները ողջ մնացածներին քշել են դեպի Երզնկա։ Մինչ այդ, որոշ կանանց ու երեխաների, իբր կյանքները փրկելու նպատակով, պահել են Տբապիզոնում, տեղավորել հիվանդանոցներում ու դերվիշների բնակարաններում («բաբա էվլերի»)։ Սակայն շատ դեպքերում մի տեղում կուտակված կանանց ու անգամ աղջնակներին, այսպես ասած, տեղափոխելու համար, լցրել են մակույկներն ու հենց հեռացել են մարդկային տեսադաշտից, թափել են ծովը, խեղդել;

Դատավարության ընթացքում ակնհայտ դարձավ, եւ ատյանը համոզվեց, որ ծրագրված է եղել կողոպուտի ու սպանության բոլոր ոճիրները իրագործել ոչ թե Տրապիզոնում, այլ քաղաքի սահմաններից դարս։

Հիշատակված մեղադրյալներից մեկը՝ Տրապիզոնի հարկային տնօրեն Մեհմեդ Ալի բեյը, լինելով կառավարիչ Ջեմալ Ազմի բեյի վաղուցվա մտերիմը, դարձել է նրա ընչաքաղցության գործիքը։ Նա, հանդիսանալով լքված ունեցվածքի ու հարստության, պատերազմի տարիների արտառոց հարկերի տնօրինողը, ղեկավարելով զինվորական կառույցների շինարարությունը, ռազմական հեռախոսակայանը, ընտրվելով «Կարմիր մահիկ» հիվանդանոցի մատակարարման խորհրդի անդամ ու «Կանանց ընկերակցության» պատվավոր նախագահ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ կոմիտեների անդամ, իրեն ընձեռված հնարավորություններն ու բազմաթիվ արտոնությունները զարտուղի ճանապարհով շահագործել է։

Այսպես, նա թույլ է տվել, որ մարդասիրական նպատակներով հիմնված վերոհիշյալ հիվանդանոցը, դերվիշների տների հետ մեկտեղ, իբր «պաշտպանության» հայրենասիրական պարտականության դրդմամբ, օգտագործվի հայ կանանց ու աղջիկներին որքան կարելի է արագ հավաքելու համար, որից հետո, նրանց բաժանել են այն անձանց, ովքեր ցանկություն են հայտնել ծառա վերցնել կամ հետներն ամուսնանալ։ Այսպիսով՝ Մեհմեդ Ալին պատասխանատու է այդ կանանց ու աղջիկների առեւանգման, դժբախտության, տարբեր բռնությունների համար, որոնց ենթարկվել են։ Վկաները հաստատեցին այդ փաստերը, նկարագրեցին, թե ինչ նպատակով են հայ կանանց հավաքել, հետո արագ վերաբաժանել, ոմանց էլ հենց հիվանդանոցում են բռնաբարել կամ կուսազրկել։

Մեհմեդ Ալին լիովին անտեսել է վերադասի՝ հարկային տեսուչի բանավոր ու գրավոր նախազգուշացումները, որը հիշեցրել է, թե ինչ հետեւանքներ կունենա իր գաղտնի գործունեությունը, ինչպիսի բարդությունների կհանգեցնի պաշտոնի չարաշահումը։ Փաստորեն, մեղադրյալը, առանց հաշվի առնելու այս դիտողությունները, արածի լիակատար գիտակցումով, շարունակել է ի կատար ածել Ջեմալ Ազմի բեյի հրամանները, ղեկավարել է քաղաքում տեղի ունեցած գրեթե բոլոր անմարդկային ու դաժան ոճիրները։

Իր հերթին, ապահովության տնօրեն Նուրի բեյը այլ պաշտոնյաների հետ հանձնարարություն է ստացել հսկել հասարակական կարգ ու կանոնը, ինչպես նաեւ գաղտնի ոստիկանության եւ հատուկ հանձնաժողովի կազմում կազմակերպել տեղահանությունը, պահպանել հայերի արժեքավոր իրերն ու զարդերը, հավաքել «լքված» ունեցվածքը, ցուցակագրել, անձեռնմխելիությունն ապահովել։

Չնայած դրան, նա տարագրվածների լքված տներում մնացած արժեքները պահպանելու համար ոչ մի գործնական, արդյունավետ քայլի չի դիմել։ Ավելին, անընդհատ թերացել է պաշտոնում, նախ՝ որովհետեւ չի ցուցակագրել այդ տներից պահեստները տեղափոխված իրերը եւ ապա՝ տեղափոխումը կատարել են վստահություն չներշնչող մարդիկ, առանց գրավոր ցուցակի: Այսպիսով, մեղադրյալը հայերի ունեցվածքի անհետացման ու վերջնական կորստի գլխավոր պատասխանատուն է։ Չնայած նա ռազմական խորհրդին է հանձնել ոստիկանության որոշ աշխատակիցների, որոնք մեղադրվել են վերը հիշատակված ունեցվածքի մի մասը գողանալու մեջ, ինքն անձամբ, ականատես լինելով հանդերձ, ի պաշտոնե, ըստ էության, ոչինչ չի արել, կառավարիչ Ջեմալ Ազմի բեյին, ինչպես նաեւ իր տնօրինության ներքո գտնվող ոստիկաններին ու զինվոր-ոստիկաններին պատասխանատվության չի ենթարկել, որպեսզի լուսաքողարկումից ու երեկոները փողոց ելնելու արգելքից չօգտվեն, չթալանեն այդ ունեցվածքը եւ ոչ էլ նույն ոստիկաններին ու զինվոր-ոստիկաններին խանգարել է կանանց ու երեխաներին խեղդելու նպատակով նավակները լցնել։

Ըստ իր ցուցմունքի, ողբերգական իրադարձություններից խորապես ազդված, որոնց սկզբում է ներկա եղել, որոշել է փակվել տանը, քաղաք դուրս չգալ։ Այնուամենայնիվ, փաստ է, որ մեղադրյալը անտեսել է կառավարչի արածները, չի ցանկացել պաշտոնը հանձնել այնպիսի մեկին, որը կարողանար կանխել ոճիրները։

Մուստաֆա բեյը չնայած նախ սովորական գործակալ է եղել (գաղտնի ոստիկանության, ռազմական թեքումով), շնորհիվ անձնական սերտ կապերի վաղուց ի վեր շահել է կառավարիչ Ազմի բեյի վստահությունը, ստացել այնպիսի կարեւորագույն զինվորական պաշտոններ, ինչպիսիք են նավահանգստի տնօրինությունն ու տարագրության կազմակերպումը։ Այդ պարտականությունները նրան տրվել են այն ազդեցության հետեւանքով, որ Ջեմալ Ազմի բեյն ունեցել է բանակի ու կառավարության վրա։ Մեղադրյալը, այսպիսով, չարաշահել է իր պաշտոնական դիրքը եւ բանակին պատկանող, իր տրամադրության տակ գտնվող ծովային փոխադրամիջոցները օգտագործել բոնագաղթվածների եւ այն լքված ունեցվածքները տեղափոխելու համար, որ յուրացրել են կառավարիչն ու իր գործակալները։ Այնուամենայնիվ, ըստ ի նպաստ իրեն տրված գրավոր վկայությունների, նա, գործի դնելով ազդեցությունն ու կառավարչի հետ ունեցած մտերմական կապերը, տարագրությունից փրկել է մի քանի հայի։ Լինելով շրջանի հարուստ, երեւելի անձանցից մեկը, ըստ երեւույթին անձնական նեղ շահի համար չի ուզել պատվազրկվել։ Ելնելով նոր, հավաստի վկայություններից եւ այն հանգամանքից, որ իր բացատրություններն ամենեւին համոզիչ չեն, մեղադրյալը պատասխանատու է համարվում անժխտելի արժեքներ պարունակող մի տուփի կորստյան համար, որը նրան վստահել են, որն ինքը, առանց պարունակությունը գրառելու, բոլորից գաղտնի հանձնել է անկուշտ կառավարչին՝ Ջեմալ Ազմի բեյին։

-Մեղադրյալներ Նուրիի, Մեհմեդի Ալիի եւ գործակալ Մուստաֆայի պաշտպանականները, ինչպես նաեւ դատապաշտպանների բացատրությունները ատյանը համարում է անհարիր նշված հանցանքներին, անհետեւանք թողնում։

Հետեւաբար, ելնելով քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի դրույթներից, զինվորական ատյանը միաձայն կարծում է, որ ապահովության տնօրեն Նուրի բեյը եւ տեղեկատվության տնօրեն Մուստաֆան մեղավոր են իշխանությունը չարաշահելու մեջ։

Մեղադրյալներ՝ կառավարիչ Ջեմալ Ազմի բեյը եւ պատասխանատու քարտուղար Նաիլը հայտարարվում եւ համարվում են մեղսակից, հետեւաբար, յուրաքանչյուրն առանձին-առանձին ոճրի հեղինակ՝ համաձայն վերը հիշատակված 45-րդ հոդվածի 1-ին մասի, որը թելադրում է. «Եթե մի քանի հոգի, փոխադարձ համաձայնության գալով, ոճիր են գործում, կամ եթե նրանցից յուրաքանչյուրը մեկ, մի քանի գործողություն է կատարում, որոնք ոճրի տարրեր են պարունակում կամ հանդիսանում են ոճրի իրագործում, համարվում են մեղսակից, իսկ ամեն մեկը ու բոլորը միասին դատապարտվում են որպես ոճրի գլխավոր հեղինակներ»։

Ուստի մեղադրյալ Մեհմեդ Ալին դառնում է ոճրի ի կատար ածմանը նպաստող անձ՝ համաձայն հիշատակված հոդվածի 3-րդ մասի, որը նախատեսում է. «Այն անձինք, որոնք ոճիր կատարելու համար սատարում են մի ուրիշ անձի՝ նրան տալով նվերներ կամ գումար, դիմելով սպառնալիքների, բռնության ու խարդավանքի, կամ էլ օգտագործում են իրենց ազդեցությունն ու չարաշահում պաշտոնական դիրքը, կամ անձինք, որոնք գիտակցաբար նպաստում են ոճրի իրագործմանը, ու նրանք, ովքեր ոճրի կատարման համար միտումնավոր զենքեր, տարբեր գործիքներ են տրամադրում, նաեւ այնպիսիները, ովքեր շատ լավ իմանալով հանդերձ հանցագործի բուն նպատակը՝ օգնում են նրան նախապատրաստվել, հեշտությամբ ի կատար ածել ոճիրը՝ համարվում են ոճրին օժանդակողներ»։

Հետեւաբար, ատյանը դիմում է ռազմական քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածին, որը նախատեսում է. «Հացահատիկի, սերմի, պաշարի, մթերքի, այլ բարիքների հափշտակությունն ու ամբողջական ոչնչացումը՝ զինված կամ ոչ զինված ճանապարհով, արգելքներ խորտակելով կամ վերացնելով, հասարակության գոյության միջոցները փչացնելով, մարդկանց բռնության ենթարկելով եւ այլն, հեղինակներին ենթակա է դարձնում մահապատժի»։ Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածն իր հերթին հրահանգում է, «Անձը, որը կանխամտածված ոճիր է գործում, ինքնակամ սպանում է հարազատներից մեկին՝ հայրը լինի, թե պապը, մայրը, թե տատը, եթե անգամ նախնական նպատակադրվածություն չի ունեցել, արժանանում է մահվան»։

Համաձայն վերոհիշյալ հոդվածների, Ջեմալ Ազմին եւ Նաիլը դատապարտվում են մահապատժի, եւ նրանց մոտ գտնվող ունեցվածքը, գործող օրենքի համաձայն, բռնագրավվում է։

Ինչ վերաբերում է Մեհմեդ Ալիին, նա դատապարտվում է տասը տարվա բանտարգելության՝ ժամկետը հաշվելով ձերբակալության օրվանից։ Նրա նկատմամբ կիրառվում է վերոհիշյալ 45-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է.

«Անձինք, որոնք նպաստում են որեւէ ոճիր ի կատար ածելուն, պատժվում են հետեւյալ կերպ, ոճրի հեղինակը դատապարտվում է առավելագույն պատժաչափով կամ ցմահ բանտարկության, իսկ նա, ով օգնել է՝ առնվազն տասը տարվա հարկադիր աշխատանքի («քյուրեկ»)։ Եթե անձինք, նախնական համաձայնությամբ, ոճիր կամ որեւէ այլ հանցանք են կատարում, կամ եթե նրանցից յուրաքանչյուրը կատարում է մեկ կամ բազմաթիվ գործողություններ, որոնք իրենց մեջ հանցանք են պարունակում, ելնելով իրագործման ձեւերից, համարվում են մեղսակից, եւ յուրաքանչյուրը պատժվում է որպես ոճրի գլխավոր հեղինակ»։

Գալով գործակալ Մուստաֆա էֆենդիին եւ Նուրի էֆենդիին, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվում է մեկ տարվա բանտարկության եւ երկու տարվա պաշտոնազրկման՝ համաձայն քաղաքացիական քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի առաջին մասի, որը հրահանգում է. «Պաշտոնյան, եթե բացի օրենքով նախատեսվածից, որեւէ այլ ձեւով չարաշահում է իր դիրքը՝ ծառայողական աստիճանին համաձայն դատապարտվում է մեկ ամսից երեք տարվա բանտարկության։ Եթե հանցանքը մեղմացնող հանգամանքներ կան, պետք է կալանավորվի առնվազն տասնհինգ օրով, 5-ից 100 լիրա տուգանք մուծի։ Այս բոլոր դեպքերում էլ նա ժամանակավորապես կամ ընդմիշտ զրկվում է իր գրաված պաշտոնից, ծառայողական աստիճանից»։

Ինչ վերաբերում է Նիյազի էֆենդիին, պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ այդ նույն ժամանակ նա իր մոտորանավակով երկու անգամ Ստամբուլ ընդծովյա ականներ է տեղափոխել, որից հետո վերադարձել է Տրապիզոն՝ մոտորանավակը վերանորոգելու: Քանի որ այդ նույն ժամանակ այլեւս տեղահանումներ չեն եղել, նրա մասնակցությունը կատարված ոճրագործություններին հատուկ քննության նյութ դարձավ, բայց մեղսակցությունը բռնություններին՝ չհաստատվեց։

Ամեն դեպքում, բացահայտվեց, որ Ջեմալ Ազմի բեյի միջամտությամբ Նիյազի էֆենդին բացառիկ արտոնյալ պայմաններում հայթայթել է հայերի՝ աճուրդի հանված ունեցվածքի ու սեփականության մի մասը, սակայն դա եղել է ոչ թե անձնական նախաձեռնություն, այլ ընդհանուր կառավարչի շնորհը, քանի որ անձամբ Ստամբուլ է տեղափոխել խիստ վտանգավոր ընդծովյան ականներ:

Այնուամենայնիվ, նրա ձեռք բերած արժեքները, ունեցվածքը, սեփականությունը լիովին չի կարելի ներկայացնել որպես պատերազմին ամենադաժան շրջանի ընձեռած բացառիկ հնարավորության արդյունք, հետեւաբար տվյալ հանգամանքը հանցանք չի դիտվում։ Այդ պատճառով էլ նրա վրա չեն տարածվում սպանության, թալանի, ավարառության, ուրիշ՝ հիմնական մեղադրանքներ, որոնց համար դատապարտված են այլ պաշտոնյաներ։

Թալեաթ փաշան նույնպես անպարտ է հռչակվում վերոհիշյալ հանցանքներից, ազատ արձակվում, չնայած վերջնականապես ճշտված չէ՝ ռազմական հանձնաժողովում աշխատելիս նա իր պաշտոնական դիրքը չարաշահե՞լ է, թե՞՝ ոչ։ Քանի որ այդ հարցը ներկա դատավարության քննարկման նյութ չէ, ատյանի տրամադրության տակ եղած նյութերը լրացուցիչ քննության կուղարկվեն համապատասխան կազմակերպություններին, եւ Նիյազի էֆենդին ու Թալեաթ բեյը, եթե այլ գործերով դատական պատասխանատվության ենթակա չեն, տուն կվերադարձվեն։ Ինչ վերաբերում է հասարակական առողջապահության տնօրեն Սայիր բեյին, քանի որ նրա գործի որոշ հանգամանքներ լրացուցիչ լուսաբանման կարիք են զգում, ատյանը կկայացնի հատուկ որոշում։

Դատավճիռներն ընդունվել են  միաձայն, Ջեմալ Ազմիի եւ Նաիլի բացակայությամբ, ներկայությամբ մնացած բոլոր մեղադրյալների։

 

22 մայիսի 1910թ.

Ստորագրություններ՝

Ռեջեբ Վերդի, Ալի Նազիմ, Մուստաֆա, Զեքի, Նազիմ,

Զինվորական ատյանի դիվանապետ՝ Աբիդին Դավեր։

 

Ֆրանսերենից թարգմանեց ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


30/04/2020