Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՐԱԶԴԱՆՑԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ



ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՐԱԶԴԱՆՑԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸԱրդեն 75 տարի է, ինչ դադարել է ֆաշիստական արկերի պայթյունը, և խաղաղվել է երկինքը։ Այսօր Կուբանի, Թերեքի ափերին, Վոլգոգրադում և Սևաստոպոլում լքված, ժանգոտված զենքերը դարձել են թանգարանային ցուցանմուշներ։ Այսօր Ղրիմում և Կերչում, Լենինգրադում և Բրեստում, Արևելյան Պրուսիայում ռումբերն ու ականները պահվում են միայն թանգարաններում…

Մեծ հայրենականում կռվել են նաեւ ներկայիս Հրազդան քաղաքային համայնքի տարածքի մեջ մտնող գյուղական բնակավայրերից խորհրդային բանակ զորակոչված 3340 իմ հայրենակիցները, որոնցից 946-ը տուն չեն վերադարձել:

Այժմ Հրազդանում բնակվում է պատերազմի մասնակից հրազդանցի վերջին մոհիկանը՝ երկրորդ կարգի հաշմանդամ, Աշխատանքի վետերան 96-ամյա Արշավիր  Սիմոնյանը, որին օրերս այցելեցինք։ Թեեւ Արշավիր պապը վատառողջ էր, սակայն իմանալով մեր գալստյան մասին ու տեղեկանալով, որ խոսելու ենք Մեծ հայրենականից, զինվորի պատրաստակամությամբ ոտքի էր ելել:  Տնեցիներն էլ էին զարմացել՝ պապն ասես մի գերբնական ուժ էր ստացել:

Արշավիր պապը կորցրել է տեսողությունը ու հիմա տնեցիների օգնությամբ է հագնում կոստյումը, առանձնահատուկ գուրգուրանքով շոշափում կոստյումին ամրացված մարտական և աշխատանքային պարգևները… 18 տարեկան էր, որ զորակոչվեց, մարտական մկրտությունն ստացավ Ղրիմի ազատագրման ժամանակ։ Ծառայել է 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի 978-րդ, 390-րդ և 531-րդ հրաձգային գնդերի կազմում։ Պատերազմի տարիներին արժանացել է սերժանտի, հետո՝ ավագ սերժանտի զինվորական կոչման, եղել է 45մմ-անոց հրետանային հակատանկային հաշվարկի նշանառու, այնուհետև՝ հրամանատար։

-Ամենաահեղ մարտերին եմ մասնակցել՝ 1942-1943թթ.՝ Թամանյան դիվիզիայի հրամանատարներ՝ գնդապետ Սիմոն Զաքյանի և գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ,- ասում է անթաքույց հպարտությամբ:

Այսօր էլ, այսքան տարիներ անց, ծերունազարդ վետերանը հուզմունքով է հիշում գնդապետ Զաքյանի զոհվելու մանրամասները: Արշավիր պապն ասում է, որ այդ օրերը երբեք չի մոռանա, քանի որ հազարավոր հայորդիներ զոհվեցին, և հենց այդ ժամանակ տարածվեց հետևյալ խոսքը՝ «Կերչ, տվեց հային վերջ»։ Արշավիր պապը մասնակցել է նաև Կերչի ազատագրմանը։ Նրա մարտական ուղին ավարտվել է Ղրիմում: Վերադարձել է Հայաստան, հաղթանակը տոնել Երևանում: Զորացրվելուց հետո՝ 1947թ. մարտին աշխատանքի է անցել հայրենի գյուղում, ընտանիք կազմել:

-Ապրեցինք, արարեցինք միասին, ունեցանք 7 զավակ, հրաշալի կին ունեի,- ասում է պապը:

Արշավիր պապը զրուցասեր է, խոսքաշատ, պատերազմական թեմաներից հետո էլ անցում է կատարում իր աշխատանքային գործունեությանը, պատմում, թե ինչպես դարձավ պետական պաշտոնյա, շեշտելով, որ միշտ էլ բարեխղճորեն ու ամենայն պատասխանատվությամբ է կատարել ամեն գործ:

Սիրելի վետերանը այսօր շրջապատված է սիրով ու ջերմությամբ, ապրում է իր կառուցած տանը, լուսահոգի որդի Մանվելի որդու՝ Արմեն թոռան, սիրելի հարս Գայանեի և Մանվել ու Սամվել ծոռների հետ։ Ուշադրության պակաս չկա նաև համայնքի ղեկավարության, Վետերանների կոմիտեի և Վետերանների միավորման կողմից։

Մի ցանկություն ունի միայն պապը, որ այնպիսի աղետ, ինչպիսին էր Երկրորդ համաշխարհայինը, այլևս չկրկնվի.

-Պատերազմը խլում է անմեղ կյանքեր, պատերազմը խլեց իմ սիրելի Թամանյան դիվիզիայի մարտական ընկերների կյանքը, ովքեր պիտի վերադառնային, ամուսնանային, զավակներ ունենային, շենացնեին երկիրը:

Մեր զրույցը դեռ երկար-երկար շարունակվում է. պատերազմական օրերից հասնում ենք մինչեւ մեր օրերը: Աշխարհակործան պատերազմի թոհուբոհով անցած ծերունազարդ վետերանը, պարզվում է, ամենեւին էլ անտարբեր չէ մեր օրերի զարգացումներին, անդրադառնում է նաեւ կորոնավիրուսային հիվանդությանը, ասելով, որ դա նույնպես համաշխարհային աղետ է, ինչպես պատերազմը, պարզապես անտեսանելի, անշոշափելի է:

Հրաժեշտ ենք տալիս պապին՝ 100-ամյակին մասնակցելու խոստումով:

Բայց ես անհամբեր կսպասեմ Հաղթանակի օրվան, որ կրկին այցելեմ Արշավիր պապին: Գիտեմ՝ սպասելու է ինձ և ոչ միայն ինձ: Այդ օրը շատերը կայցելեն Հրազդանի միակ ու սիրելի վետերանին։

 

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Հրազդանի համայնքապետարանի կրթության,

մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/05/2020