Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՇՏ ԱՌԱՋ



ՄԻՇՏ ԱՌԱՋՈւսումնական վարժանքի ղեկավարի հրամանով տանկը պոկվեց տեղից և առաջ ընթացավ վարժադաշտով՝ դյուրությամբ հաղթահարելով արգելագոտին: Անձնակազմը՝ հրամանատար Լեոնարդ Պողոսյանի ղեկավարությամբ, հմտորեն կատարում է ուսումնական խնդիրը, լավ արդյունքներ է ցույց տալիս մեքենավարման և կրակային պատրաստության վարժություններից:

Սրանից 16 ամիս առաջ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող, Հայաստանի Ամերիկյան համալսարանում անգլերենի դասընթացներ վարող Լեոնարդի կյանքը կտրուկ փոխվեց զինծառայության անցնելուց հետո: Սակայն, ինչպես ինքն է ասում, անցումը արագ ու դյուրին եղավ առաջին հերթին հրամանատարության սրտացավ վերաբերմունքի շնորհիվ: «Հիշում եմ «կարանտինից» հետո իմ առաջին զինվորական տողանը, որ զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Երոյանն էր անցկացնում: Առաջին իսկ հանդիպումից նա ինձ համար սպայի կատարելատիպ դարձավ, որին ձգտում եմ ամեն կերպ նմանվել, հասնել: Բարի, հոգատար,  մարդկային ու խստապահանջ: Հենց զորամասի հրամանատարի կերպարն էր, որ հայ սպայի մասին կարծիք ձևավորեց իմ մեջ: Ինձ համար կարևոր է, որ սպան իր դիրքում լինի, և շատ ուրախ եմ, որ ծառայությանս ընթացքում միայն այսպիսի սպաների եմ հանդիպել: Ծառայությունն ինձ շատ է ոգևորում. բոլոր այն արժեքները, որ բանակում սկզբունքային են, իսկ կյանքում՝ շատ կարևոր, վերարժևորվում են ծառայության ընթացքում: Որքան ուժ, եռանդ, ոգևորություն ունեմ, ներդրել եմ ծառայությանս մեջ»:

Սերժանտը վստահ է, որ ինչպես ցանկացած մասնագիտության, այնպես էլ ռազմական գործի յուրացման գործում անկարևոր տարրեր չկան: Լավագույն մասնագետը նա է, ով պատրաստ է իրավիճակի փոփոխման ցանկացած սցենարի:

«Տանկը հզոր ներուժ ունեցող զինատեսակ է, և այն խելամիտ կիրառելով՝ մարտական լուրջ խնդիրներ կարելի է իրականացնել: Լավ քողարկվելու և ճիշտ դիրք գրավելու դեպքում հակառակորդի զինտեխնիկան անդառնալի կորուստներ կկրի»:

Լեոնարդը բազմաթիվ խրախուսանքներ է ստացել հրամանատարության կողմից: Մինչև բանակ գալը երիտասարդը 9 տարի բռնցքամարտով  է զբաղվել, եղել է մարզիչի ավագ օգնական: Սա է նաև նպաստել, որ այստեղ՝ բանակում,  ֆիզիկական, կրակային, ինչպես նաև մարտավարական  պատրաստության առարկաներից միշտ գերազանց արդյունքներ արձանագրի: Զինվորի անհատական գրքույկի խրախուսումների համար առանձնացված բաժնում գրեթե ազատ տեղ չի մնացել: Սակայն նա վստահ է՝ բավական է մտածես, որ լավ մասնագետ ես, անմիջապես ինքդ քեզ մի քանի քայլ ետ կշպրտես, այնպես որ, անհրաժեշտ է անընդհատ կատարելագործման ձգտել: «Կյանքն անընդհատ առաջ է գնում, և դրան համընթաց քայլելու համար պետք է փորձես միշտ մի քայլ առջևում լինել»:

Տանկի անձնակազմը փոքրիկ մի ընտանիք է: Նշանառու-օպերատորը, վարորդ-մեխանիկն ու հրամանատարը պետք է միասնական ու միակամ լինեն, յուրաքանչյուրն իմանա իր կողքինին, այլապես, ըստ Լեոնարդի, մարտի դաշտում չեն կարողանա արդյունավետ գործել: «Նրանք պետք է իրար լսեն, հարգեն ու սիրեն: Անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է հստակ իմանա ու փայլուն կատարի իր խնդիրները: Այստեղ երկրորդական դեր չկա. տանկը մի տեխնիկա է, որի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում նաև մյուսի խնդիրներն ստանձնել: Որպես տանկի հրամանատար՝ ես պետք է տիրապետեմ թե՛ նշանառու-օպերատորի, թե՛ մեխանիկ-վարորդի հմտություններին և գիտելիքներին: Խելամիտ ու կրթված լինելը տանկի անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար անհրաժեշտություն է, քանի որ մարտի դաշտում այս տեխնիկայով արագ կողմնորոշվելն ու ճշգրիտ գործելը պարտադիր է: Մեր տանկի մեխանիկ-վարորդի շնորհիվ տանկը միշտ մաքուր է ու սարքին: Մեր նշանառու-օպերատորի խոցումները միշտ դիպուկ են: Այնպես որ, մեր անձնակազմով միշտ պատրաստ ենք կատարելու ցանկացած մարտական խնդիր»:

Լեոնարդը մեծապես կարևորում է զորամասում բարոյահոգեբանական վիճակի պահպանումն ու ամրապնդումը: Մասնագիտական որակների զարգացմանը զուգահեռ՝ պետք է բարձրության վրա պահել միջանձնային հարաբերությունները: Հրամանատարը անձնակազմի հետ զրույցներ է ունենում հայրենիքի պաշտպանության կարևորության, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, մարտական ընկերության և շատ այլ բաների շուրջ: «Հատկապես նոր համալրված զինվորներին բացատրում ենք, թե որքան կարևոր է վերադասի հրամանը լսելն ու ճիշտ կատարելը, որ դա մարտի դաշտում կյանքեր կարող է արժենալ: Որ սպայի հանդեպ զինվորի հարգանքը այնուհետև հենց իրեն է վերադառնում վերադասի կողմից»:

Լեոնարդը մեծ ոգևորությամբ է խոսում բանակում վերջին տարիների բարեփոխումների մասին: Վստահ է, որ զինվորականի համար այստեղ ստեղծված են ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. մնում է՝ բարեխիղճ ծառայել:

«Բանակը զգալի փոփոխություններ է ապրել: Ես ունեցել եմ հարազատներ, որոնք ծառայել են նախկին բանակում: Երբ անդրադառնում եմ նրանց ու իմ այսօրվա ծառայությանը, պարզապես համեմատության եզրեր չեմ գտնում: Բազմաթիվ առավելություններ կարող եմ նշել: Այսօր, օրինակ, առանց չափազանցության, զինվորին լիարժեք ու համեղ սնունդ է մատակարարվում, ինչպես իր տանը: Սպասքը պսպղում է մաքրությունից, ճաշը մատուցվում է կերամիկական ափսեներով: Ամեն ինչ ժամանակին ստանում է զինվորը՝ քաղցրեղենը, սեզոնային միրգը…  Տնից ուղարկվող սնունդ հասկացություն արդեն չկա. ո՛չ միայն կորոնավիրուսի հարուցած արգելքների պատճառով:

ՄԻՇՏ ԱՌԱՋՀաջորդ մեծ առաջընթացն այն է, որ բանակում այսօր բոլորն իրենց դերը հստակ գիտեն ու բարեխղճորեն են կատարում: Յուրաքանչյուրը տիրապետում է իր պարտականություններին և գիտի, որ դրանցից շեղումը անցանկալի հետևանքների կհանգեցնի: «Ծանոթ» հասկացությունը, որ մի ժամանակ շատ էական էր, այժմ չի գործում: Այս ամենը զինվորին ավելի են տրամադրում ծառայության»:

Այժմ համավարակի կանխարգելմամբ պայմանավորված սահմանամերձ զորամասի զինծառայողները կարոտում են տնեցիներին: Լեոնարդն էլ բոլորի պես:

«Սրտով, հոգով զինվորը միշտ առաջին հերթին մոր հետ է կապված լինում: Ուստի, օգտվելով առիթից, ուզում եմ մորս խնդրել, որ միշտ ուրախ լինի, ոչ մի դեպքում չանհանգստանա ինձ համար: Ուզում եմ, որ միշտ հպարտ լինի իր զինվոր որդով:

Ծառայության մեջ գնահատված լինելը կրկնապատկում է զինծառայողի՝ լավ ծառայելու ձգտումը,- անկեղծանում է Լեոնարդը: -Հասկանում ես, որ թեկուզ փոքրիկ, բայց որոշակի ներդրում ես ունեցել բանակի ամրացման գործում: Սակայն հանգստանալ, որ արդեն մասնագետ ես, երբեք չի կարելի. դա մարդու մեջ սառեցնում է զարգանալու, առաջ ընթանալու ձգտումը, որ կյանքի հիմքն է: Նոթատետրումս ամեն օր նշումներ եմ անում. վերլուծում եմ կատարած գործողություններս, վրիպումներս հաշվի առնելով, շտկելով, հետևություններ եմ անում:

Յուրաքանչյուրիս փոքրիկ ներդրումն, ի վերջո, բանակի ամրության հիմքն է դառնում»,- այս բանաձևումով  է ավարտում  տանկի երիտասարդ հրամանատարն իր խոսքը:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ազգային բանակ


07/05/2020