Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸԵրբեմն մի լուսանկարը, հաճախ պատահականորեն ֆիքսված, կարող է ինքնին ավելի խոսուն լինել, քան հատորներում զետեղված պատմությունները…

Ալֆրեդ Էյզենշտադտի «Համբույր Թայմս սքվերում» լուսանկարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող ամենատպավորիչ լուսանկարներից է:

1945թ. օգոստոս, ամենուր ցնծություն է՝ հայտարարվել է պատերազմի ավարտը:

Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Թայմս սքվերում հայտնված լուսանկարիչը թերթի համար հարմար կադրեր էր որսում: Լուսանկարիչները միշտ փնտրում են կերպարներ, կլիշեներ, որ կխորհրդանշեն ժամանակը, պահը, իրադարձությունը:

Մի երիտասարդ նավաստի գրավեց լուսանկարչի ուշադրությունը. նա խենթի պես վազվզում էր փողոցով, բռնում բոլոր կանանց, որոնց տեսնում էր, ու կարևոր չէր՝ տարեց էին, թե երիտասարդ, հաստամարմին, թե նրբիրան, գեղեցիկ, թե տգեղ, անխտիր համբուրում էր բոլորին:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸԼուսանկարիչն իր «Լեյկոյով» վազում էր նրա առջևից՝ փորձելով լուսանկարել, սակայն լուսանկարածներից ոչ մեկն իր սրտով չէր: Եվ հանկարծ լուսանկարիչը նկատեց, որ նավաստին «հափշտակեց» ինչ-որ սպիտակ բան: Սեւ ու սպիտակի համադրությունը հրաշալի էր, Ալֆրեդն ակնթարթորեն սեղմեց կոճակն ու… ցանկալի կադրը պատրաստ էր, մինչդեռ նավաստին դեռ համբուրում էր սպիտակ հագուստով բուժքրոջը:

-Եթե նա հագած լիներ մուգ հագուստ, ես երբեք նրանց չէի լուսանկարի: Եվ նույնը, եթե նավաստին հագած լիներ բաց գույնի համազգեստ, լուսանկարում չէր լինի,- հետագայում պատմել է լուսանկարի հեղինակը:

«Life» ամսագրում հրապարակված այս լուսանկարը հայտնվեց գրեթե բոլոր թերթերի եւ ամսագրերի շապիկներին՝ որպես խաղաղության խորհրդանիշ:

Լուսանկարը հայտնի է տարբեր անվանումներով՝ «Հաղթանակի օրը», «Համբույր Թայմս սքվերում», «Հաղթանակի համբույրը»:

Հեղինակը կատակով այն անվանել է «Անկասելի կապիտուլյացիա»:

Լուսանկարում պարզորոշ չեն երեւում համբուրվողների դեմքերը, ինչի հետևանքով հետագայում որոշ մարդիկ պնդում էին, որ հենց իրենք են նկարում պատկերված:

1970-ական թվականների վերջին Լոս Անջելեսի 60-ամյա բնակչուհի Էդիթ Շեյնը, տեղական ամսագրերից մեկում կարդալով Էյզենշտադտի հարցազրույցը լուսանկարի մասին, լուսանկարչին նամակ գրեց, նշելով, որ հենց ինքն է նկարում պատկերված բուժքույրը: Շեյնը խնդրում էր նկարի կրկնօրինակն իրեն տրամադրել: Հեղինակն անձամբ հանդիպեց Շեյնին և նրան նվիրեց լուսանկարի կրկնօրինակը, սակայն,  մինչև վերջ համոզված չէր, որ Շեյնն ինքնակոչ չէ: Խմբագրությունը որոշեց այդ դեպքի մասին փոքրիկ հոդված տպագրել, և միաժամանակ Շեյնին համբուրող նավաստուն խնդրեցին արձագանքել: 1980թ. հոկտեմբերին որպես նավաստի ներկայացավ 11 հոգի, բուժքույր ներկայացողներն էլ քիչ չէին:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸՇեյնը պաշտոնապես համարվեց «լուսանկարի աղջիկը», սակայն նավաստու ինքնությունը դեռ երկար ժամանակ ջանում էին պարզել: Նրա տեղը հավակնում էին Ջորջ Մենդոսան, Կարլ Մուսկարելլոն և Գլեն Մակդաֆին: Երկար ժամանակ Շեյնը պնդում էր, որ հենց Մուսկարելլոն է լուսանկարի հերոսը, և նույնիսկ հանդիպեց նրա հետ ավելի քան կես դար անց, որպեսզի կրկնի նույն համբույրը: Հետագայում նա խոստովանեց, որ լիովին համոզված չէ, որ Մուսկարելլոն է հենց նկարի հերոսը:

Նավաստի ներկայացածներից ամեն մեկը աշխատում էր հազար ու մի փաստարկներով ապացուցել իր իրավացիությունը: Նրանց տրվում էր ստուգիչ հարց՝ ի՞նչ արեցիք համբուրվելուց հետո: Շատերը զգայացունց, ռոմանտիկ պատմություններ էին հորինում, մինչդեռ նավաստին համբուրել էր առանց խոսքերի եւ արագ հեռացել:

Ծովային Գլեն Մակդաֆին լուսանկարը վերլուծելու համար դատական փորձագետի դիմեց: Թվային լուսանկարների և դեմքի ու ձեռքի ոսկորների չափումների միջոցով փորձագետը եզրակացրեց, որ հենց Մակդաֆին է լուսանկարում:

Տարիներ հետո Թայմս սքվերում վեր հառնեց նավաստու եւ բուժքրոջ համբույրի արձանը:

Ամեն տարի օգոստոսի 14-ին արձանի մոտ հավաքվում են հարյուրավոր զույգեր, որպեսզի «վերաստեղծեն» լուսանկարը: Աղջիկները հիմնականում սպիտակ կարճ շրջազգեստով են, իսկ տղաները նավաստու համազգեստով խելակորույս համբուրվում են, ինչպես տարիներ առաջ՝ այն հեռավոր 1945 թ.՝ Հաղթանակի ավետման օրը…

 

Պատ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Պատմության էջերից


14/05/2020