Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՍԻՐՏ ՇՈՒՇԻՆ ԴԱՐՁՅԱԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՉՈՎ ՈՒ ՓՈՂԱՎՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՎ



ԱՐՑԱԽԻ ՍԻՐՏ ՇՈՒՇԻՆ ԴԱՐՁՅԱԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՉՈՎ ՈՒ ՓՈՂԱՎՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՎԽաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՛ր Յիսուս,

յորժամ երևիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս։

 

Սիրելի՛ զինվորներ, սպաներ՝ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս

Փառք Աստծո, այս տարի ևս արժանացանք միմյանց ողջունելու ու շնորհավորելու մայիսյան այս գեղեցիկ եռատոնի առիթով, որ համընկել է համաքրիստոնեական հրաշալի մի իրադարձության` Ս. Խաչի Երևման տոնին։

Խաչը, որ Ս. Պողոս առաքյալն անվանում է քրիստոնյայի միակ պարծանք, մեզ համար մեր հարուցյալ Տիրոջ հաղթանակի մշտամնա դրոշն է, ապավենն ու խարիսխը, և դրան հուսացողը երբեք չի ամաչելու, այլ մշտապես հաղթելու է։ Այս համոզմամբ առաջին հաղթանակը շնորհվել է մեծն Կոստանդիանոս կայսրին, որը երազում տեսնում է մի խաչադրոշ` «Այսու հաղթեսցես» գրությամբ։ Մեծագործ քրիստոնյա, այդ թվում` հայ արքաներն իրենց զորքի առջևից մշտապես խաչ ու խաչադրոշ են տարել` հաղթանակն ակնկալելով առաջին հերթին ամենայն բարիք շնորհող Տիրոջից։ Իսկ այդ արքաների թվում չենք կարող չառանձնացնել Աշոտ Բ Բագրատունուն, ով բառացիորեն մեն-մենակ լինելով թշնամու դեմ, բայց ամուր հավատ ու երկաթյա կամք դրսևորելով` արաբներից ազատագրում է հայրենի թագավորությունը։ Երիտասարդ արքան իր զորաջոկատի առջևից մշտապես տանում էր մասունքակիր հայտնի խաչը, և Տերը նրա թշնամիներին հալածում էր` ամենաանհավանական հաղթանակներ շնորհելով։ Այսօր Աշոտ Երկաթ արքայի խաչը Հայոց բանակի պահապան սրբությունն է, իսկ դրա մանրակերտը` հայ զինվորի կրծքանշանը` իբրև հիշեցում «Այսու հաղթեսցես» ճշմարտության։

Նույն այդ ոգով տոգորված մեր եղբայրները Արցախի մարգարիտ Շուշին ազատագրելիս իրենց հագուստին խաչ էին կարում` համոզված լինելով, որ խաչի Տերն ինքն է զորացնելու և ապահովելու արդարության հաղթանակը։ Արցախ աշխարհի լուսավորության ու հոգևոր կենտրոններից մեկն այսօր եռատոնի կենտրոնն է, որովհետև ինչպիսի հաղթանակներ էլ արձանագրվեին ազատագրական մեր պայքարի ընթացքում, քանի դեռ Շուշին գերված էր, իսկ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչը` խոնարհված, արցախցին չէր կարող լիարժեք շունչ քաշել ու իր արդար պահանջը կատարված համարել։ Եվ մեկ անգամ ֆաշիզմի դեմ հաղթանակ տոնած, խաղաղության գինն իմացող քաջերի որդիները կարողացան հաղթանակ տոնել մեր տմարդի դարավոր ոսոխի դեմ։ «Հարսանիք լեռներում» օպերացիան փայլուն ավարտ ունեցավ, և Արցախի սիրտ Շուշին դարձյալ պսակվեց հաղթական խաչով ու փողավոր հրեշտակներով։

Պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ և հատկապես` բեկումնային նշանակություն ունեցող հաղթանակներ կռելը մեզ մայիսին է հաջողվել: Թե պատմական ո՛ր անկյունադարձը, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Սակայն ուրախ ենք, որ քրիստոնեական ինքնության մեր մեծագույն սխրանքը, իբրև քրիստոնյա ապրելու մեր առաջին այո՛-ն, փառք Աստծո, Ավարայրից վերընձյուղվեց դարերի հոլովույթում և կրկին իբրև կենսատու այո՛ թևածեց մայիսյան հերոսամարտերում` ծնունդ տալով Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

Տիրոջ նախախնամությամբ հենց այս ամսին ջախջախվեցին մարդկության և հայության դեմ ծառս ելած բազմաթիվ չարիքներն։ Այս հաղթանակների կերտման գործում, չնայած իր «փոքր ածու» լինելուն, զգալի լումա ունեցան այս սրբազան հողի զավակները` մարշալներով և բազում հերոսներով ու շքանշանակիրներով։ Ցավոք, նրանց շարքերն այսօր` մեծ հաղթանակից 75 տարի անց, չափազանց նոսրացել են, և մենք երախտագիտորեն խոնարհվելով նրանց անձի ու սխրանքի առաջ` քաջառողջություն ենք մաղթում և հայցում, որ նրանց ապրած հողի վրա միայն խաղաղ արշալույսներ բացվեն։

ԱՐՑԱԽԻ ՍԻՐՏ ՇՈՒՇԻՆ ԴԱՐՁՅԱԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՉՈՎ ՈՒ ՓՈՂԱՎՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՎՍիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, ամեն սերունդ ունի իր սիրելի տոները։ Ինչո՞ւ։ Գուցե հենց նրա համար, որ իր ավանդն է ունենում այդ տոնի ծննդյան ու կերտման գործում։ Մեր հարևան, սակայն ոչ բարեկամ ժողովուրդները թույլ չեն տալիս, որ մեր սրերը պատյանում ժանգոտեն և մոռանում են պատմահայր Խորենացու արձանագրած ճշմարտությունը` «Քաջերի հետնորդները քաջերն են»։ Մենք սերունդն ենք բռնության դեմ կանգնած ու հաղթած Հայկ նահապետի, քրիստոնեությունը մեր ազգի համար իբրև անշեղ ճանապարհ ընդունած Տրդատ Մեծի և այդ ճանապարհի միակ ճշմարիտ լինելն իր կյանքի գնով Ավարայրում վկայած Կարմիր Վարդանի, Արցախ աշխարհն իբրև քրիստոնեության միջնաբերդ պահած մելիքների և սերնդեսերունդ այս հողն իրենց արյամբ ու քրտինքով ոռոգած և իբրև գանձ ավանդած մեր քաջ նախնյաց։ Ազատամարտում պարտվել մենք չէինք կարող, քանզի Աստված ինքն էր մեզ զորացնում ու առաջնորդում` բարձրացնելով արդարության նժարը։ Եվ հնամենի Շուշիի բարձունքում ծածանվեց Հայոց եռագույնը, ծածանվեց բառացիորեն այդ օրերի ծնունդ Արցախի բանակի զինվորի ու թրծված ազատամարտիկի ձեռքով, ծածանվեց ընկած մարտիկի արյունից ավելի բոսոր դարձած կարմիրով, խաղաղությանը մեր հավատարմությամբ ավելի լազուր դարձած կապույտով և աշխատանքով մեր երկիրը շենացնելու առավել հաստատակամ ծիրանագույնով։ Դարձյալ ու կրկին մեր օրհնությունն ու շնորհավորանքները մեզ ամենքիս այս գեղեցիկ Եռատոնի առիթով, արևշատություն ու կորով տոնը հիմնած ապրողներին և խունկ ու աղոթք տոնն ի գին իրենց կյանքի կերտածների հիշատակին։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչը հանապազ հովանի ու պահապան թող լինի մեզ մեր կյանքի ընթացքում, որպեսզի երբեք չշեղվենք աստվածահաճո ճանապարհներից և կարող լինենք Տիրոջ կամքը կատարել երկրի վրա՝ աղոթքով խնդրելով Աստծուց. «Տե՛ր Յիսուս, Քո Խաչ թող մեզ ապավեն լինի…» այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն:

Օրհնությամբ՝

ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդ՝

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


14/05/2020