Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ԿԱ ՄԵԿԸ, ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՐԿԵԼ»



«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ԿԱ ՄԵԿԸ, ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՐԿԵԼ»Զրույց արձակագիր Մարկ Արենի հետ

 

-Իմ կարծիքով՝ մարդու կյանքի ամենատպավորիչ, ամենազգայական շրջանը մանկությունն է, երբ դու առաջին անգամ բացահայտում ես աշխարհը: Եթե խնդրեմ մի քանի տողանոց պատմվածք գրել Ձեր մանկության ու ընտանիքի մասին, ի՞նչ կգրեք:

-Ինձ համար մանկությունը դանդաղ սողացող խխունջի պատկերն ունի։ Դուք չե՞ք նկատել, որ մանկության տարիներին ժամանակը ավելի դանդաղ է սահում, քան հասուն տարիքում։ Վերջերս ինձ հաջողվեց բացահայտել այդ զարմանալի երևույթի գաղտնիքը, և դա դարձավ իմ հերթական հայտնաբերությունը:

-Իսկապես, մանկությունը շատ նման է խխունջի: Բառերով դժվար է բացատրել: Պոզավոր, փափուկ, տաք, սիրուն խխունջը…գույնզգույն խեցին՝ իր հավերժական խշշոցով ու անհատնում հեքիաթներով…

-Ի՞նչ կգրեի իմ մանկության ու ընտանիքի մասին…Ես կպատմեի, թե ինչպես մի օր հանդիպեցի Աստծուն և երախտագիտության ինչ բառեր ասացի նրան, որ ինձ ուղարկել է աշխարհ և պարգևել է ծնողներիս ու քույրերիս: Ընտանիքս Տիրոջ ամենահրաշալի պարգևն է ինձ:

-Ինչպիսի՞ն էր երիտասարդ Կարեն Մարգարյանը գրող Մարկ Արենի աչքերով: Ինչո՞վ էր ապրում, ո՞ւր էր ձգտում, ի՞նչ երազանքներ ուներ, ո՞ւմ էր սիրում…

– …Արկածային գրքեր, ֆուտբոլ՝ բակի տղաների հետ, ֆիլմեր՝ «Կինո Նաիրիում», դպրոցական հեքիաթային առաջին սեր… Ես անչափ կարոտում եմ նրան՝ երիտասարդ Կարենին, որի սիրտը դեռ չէին կոտրել: Ու նրան դեռ չէր դավաճանել այն մարդը, որին վստահում էր:

-Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսեց գրել տնտեսական գիտությունների ապագա դոկտորը, համաշխարհային կիրառում գտած «Անվերապահ հիմնական եկամուտի օրենքի» հեղինակը… Մեկը, ով Ռուսաստանի թոշակային ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն է, Հայաստանի IDBank- ի   տնօրենների խորհրդի անդամ…

-Պատահել է, երբ վայրկյանների ընթացքում ինձ անհրաժեշտ է եղել մտածել մի պատմություն, որ օգնեմ հաղթահարել մահվան սարսափը։

Շատ տարիներ առաջ մեր բակում մի գեղեցիկ աղջիկ էր ապրում, որը տառապում էր ծանր հիվանդությամբ: Նա գիտեր, որ դատապարտված է, բայց արտաքուստ շատ խաղաղ էր ու պայծառ: Ես ու նրա եղբայրը մտերիմ էինք, և մի անգամ ես գիշերեցի նրանց տանը: Ինչ-որ ժամի արթնացա ու տեսա, որ աղջիկը նստած է կողքիս: Նա ասաց, որ վախենում է մահից… Ես պիտի գտնեի հարկավոր բառեր: Ամենալավ ու ամենաճիշտ բառերը:

-Այո՛, նման պահերին մարդիկ գրող են դառնում, նկարիչ, կոմպոզիտոր…

Ենթադրում եմ, որ այդ պահին ծնվել է Ձեր առաջին պատմվածքը, որը գուցեև չի գրվել:

-Ես նրան ասացի. «Կան աղջիկներ, որոնք ապրում են մինչև խոր ծերություն՝ առողջ ու առանց ցավի, հետո մեռնում են, որովհետև հոգնում են ապրելուց: Իսկ գիտե՞ս՝ ինչո՞ւ են հոգնում… Որովհետև փողոցում մարդիկ չեն շրջվում, որ մի անգամ էլ նայեն նրանց, ոչ ոք ծաղիկներ չի թողնում նրանց դռների մոտ, ոչ ոք չի զանգահարում, որ գոնե լսի նրանց ձայնը… ու սրտի դողով չի լռում: Այդ աղջիկներից շատերը, որոնց վիճակված է երկար ապրել, հաճույքով կփոխեին իրենց ճակատագիրը քո ճակատագրի հետ: Քո կյանքում այնքան սեր կա, որ կհերիքեր տասնյակ աղջիկների: Տասնյակ կյանքերի կբավեր»: Աղջիկը ժպտաց ու գնաց քնելու: Շուտով նրանք մեկնեցին Միացյալ Նահանգներ: Այնտեղից ես նամակ ստացա՝ ընդամենը մի տող. «Կարեն, ես չեմ վախենում»: Մեկ ամիս անց նա  մահացավ…

-Ձեր առաջին գիրքը կոչվում է «Ռեքվիեմ Հուդայի համար»: Ինչո՞ւ Ռեքվիեմ… Ո՞ւմ պետք է սգալ՝ դավաճանողի՞ն, թե դավաճանվածին: Ինձ նույնպես հետաքրքրել է Հուդայի առեղծվածը, որովհետև մեղքից զղջում ճանապարհը շատ կարճ է ու անհասկանալի:

-Ռեքվիեմ բառը «Requiem aeternam dona eis, Domine» (Հավերժ հանգիստ պարգևիր նրանց, Տե՛ր) արտահայտության առաջին բառն է: Այն աղոթք է վախճանված մարդու հոգու համար:

-Իսկ ինչո՞ւ պիտի աղոթենք Հուդայի հոգու համար:

-Պետք է սգալ նրանց, ովքեր չարիք են գործում, և ոչ թե նրանց, ովքեր հանդուրժում են չարագործին: Չէ՞ որ դավաճանված Հիսուսը փրկեց տիեզերքը և գահակալեց Երկնքում, իսկ դավաճան Հուդան կործանեց իր հոգին և հիմա դժոխքում է` սպասելով անողոք և հավիտենական պատժի:

-Այդ գիրքը Մոսկվայում անվանեցին Դեն Բրաունի և նրա «Դա Վինչիի գաղտնագիրը» գրքի պատասխանը: Հուդայի կերպարը կրկին չի՞ առնչվում արդյոք Մեծ եղեռնին. մենք հավատացել էինք, բայց մեզ դավաճանեցին:

-Գալով Խոր Վիրապ, Հուդան ասում է, որ ինքը երկու հազար տարի հետո վերադարձել է երկիր՝ իր բաց դատավարության համար: Բայց նա ուզում է, որ իրեն դատի ոչ թե Աստծուն խաչած հրեա ժողովուրդը, այլ Աստծուն առաջինն ընդունած և խաչված ժողովուրդը: Սրանով ամեն ինչ ասված է:

… Ռուսների պատմության մեջ ավելի բարդ կերպար, քան Ալեքսանդր Նևսկին, չի եղել: Նա դատաստան էր տեսնում իր հարազատ եղբայրների հետ, ովքեր թաթարների դեմ էին ապստամբում, և լուռ տանում էր մարդկանց անեծքները: Ինչո՞ւ: Որովհետև նա գիտեր, որ թաթարները դեռ ուժեղ են, և եթե ապստամբությունը տարածվի ռուսական այլ քաղաքներում, թաթարները կոչնչացնեն ամբողջ ռուս ժողովրդին: Նա կարծում էր, որ իր առաքելությունը ոչ թե ռուս ժողովրդին ազատագրելն է, այլ պաշտպանելը, մինչև գա  թաթարներին հաղթելու օրը:

-Մինչև կգա մեր հաղթելու օրը, խնդրում եմ, ասեք, թե «որտե՞ղ են ծաղկում Ձեր վայրի վարդերը»: Եվ ի՞նչ «օրորոցային է հնչում» Ձեր արյան մեջ:

-Իմ վայրի վարդերը ծաղկում էին Վանա լճի ափին՝ Արտամետում։ Տատիս ազգանունը Արտամետցյան էր: Նրան և պապիս հաջողվեց փրկվել… Եվ ի հիշատակ Վանի՝ իմ հայրիկին անվանեցին Վանիկ։ Հիշում եմ՝ ինչպես էին մայրս ու հայրս իրար փոխարինելով՝ ինձ օրոր ասում. «Տերտերն ուներ մի հատ շուն…»: Անվերջ ոտանավոր։

-«Անատոլիական պատմություն», «Վիլ Էվրար»…Հասկանալի էր, որ Ձեր սիրտն ավելի մերձ է ցեղասպանություն կոչվող ցավին…

-Ցեղասպանությունը սարսափելի է, իսկ  ազգային դրդապատճառով ցեղասպանությունը սարսափելի է երիցս: Չէ՞ որ երբ մարդկանց ցեղասպանության են ենթարկում, որ նրանք այլ կրոն են դավանում, այլ հայացքներ ունեն կամ ընդդիմանում են թշնամուն, ապա ինչքան էլ սարսափելի լինի, դա մարդկանց ընտրության հետևանքն է: Եվ կա փրկվելու Ճանապարհ: Կարելի է հավատափոխ լինել, փոխել հայացքները կամ, զենքը վայր դնելով, հանձնվել թշնամուն: Բայց երբ մարդուն ոչնչացնում են ոչ թե որևէ բան անելու համար, այլ ազգային պատկանելության, սա անչափելի աղետ է, քանի որ ազգային պատկանելությունդ դու չես ընտրել, և ի տարբերություն հայացքներիդ և հավատիդ, փոխել չես կարող:

-Հայերին ամբողջ կյանքում ատած Մուստաֆան օր ծերության հանկարծ պարզում է, որ ինքը հայ է: Ու իր հոգում հնչող օրորոցայինը երբեք չի լռել: Ինչո՞ւ եք թուրքին հագցրել այս կրակե շապիկը:

-Որ նա իր կաշվի վրա զգա, թե ի՞նչ է ցեղասպանության ախտանիշը։ Ի՞նչ տառապանք է լինել հոշոտված ժողովրդի զավակ, ապրել այդ ահռելի ցավի ու այրող վրեժի հետ:

-Մուստաֆայի կերպարի տպավորության տակ ես մտածեցի՝ ի՞նչ կանեի, եթե հանկարծ իմանայի, որ թուրք եմ ու…սարսռացի էդ մտքից…

Անցյալը հնարավոր չէ շտկել, կարելի է շտկել միայն ապագան: Դուք տեսնո՞ւմ եք այն նախադրյալը, որը կօգնի ապագա սերնդին՝ «քանդել մեզ անջրպետող պատը ու այդ քարերից կամուրջ կառուցել» հայ և թուրք ժողովուրդների միջև:

-Թուրքերը առաջիկայում ևս բարոյական ծանր ընտրության առաջ են կանգնելու: Գերմանացիների համար էլ հեշտ չէր: Բայց նրանք ապաշխարեցին: Թուրքերը պիտի իմանան ու խոստովանեն, որ մարդասպանները և բռնացողները եղել են իրենց պապերը: Ավագները կրտսեր սերնդի թուրքերին սովորեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, և այս ամբողջ աղմուկը հայերն են սարքում, որոնք պատերազմի ժամանակ դավաճանել են իրենց և օգնել ռուսներին: Թուրքերը այդ փրկարար ծղոտից այնքան պինդ են բռնում, որքան աղքատը` իր վերջին վարտիքից: Մենք` հայերս, ըմբռնելի լինելու ծարավ ունենք ավելի քան 100 տարի: Ապրումակցվելով մեր ցավին՝ մեր վիրավոր հիշողության առջև գլուխ խոնարհեցին շատ ժողովուրդներ: Բայց ոչ նրանք, ում ցավակցությանը, ում զղջման ու մխիթարանքի խոսքերին մենք ամենաշատն ենք սպասում: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մեր հարևանների ողջախոհության ժամանակը կգա: Բայց ոչ միայն քաղաքական բանաձևերում, քանի որ այն, ինչին մենք սպասում ենք, առաջին հերթին բարոյականության տիրույթում է: Ես վստահ եմ՝ կգա թուրքական մի սերունդ, որը անաչառ կլինի` ազատ կանխակալությունից և սխալ կարծրատիպերից: Նրանք կլինեն պրագմատիկ, առանց վախերի ու ապագային միտված:  Հասկանալի է, որ դրա համար ժամանակ է պետք: Ինչևէ, մեր ժողովուրդը պատրաստվում է երկար ապրել, և ես վստահ եմ` մենք կտեսնենք այդ օրը:

-«Անատոլիական պատմությունը» սիրվեց Հայաստանում, դարձավ բեսթսելլեր, իսկ Հանրային հեռուստաընկերության էկրանավորումը Ձեզ դո՞ւր եկավ:

-«Անատոլիական պատմության» էկրանավորումը, հանրության կարծիքով, հայկական սերիալներից լավագույնն էր: Համոզվելու համար բավական է համացանցում կարդալ հազարավոր մարդկանց մեկնաբանությունները: Ֆիլմը դիտում էին նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք սերիալներ չէին դիտել:

-«Քառյակ» վեպում զոհված ընկերոջ մեդալները նրա ծնողներին տանող զինվորի ու Արցախում ոտքը կորցրած տաքսիստի պատմությունը, իր անպաճույճ happy end-ով, համեմված՝ «զինվորից փող չեմ վերցնում», «ընկերն Աստծո պարգև է» անկեղծ հղումներով, մարմնավորում է մեր չավարտվող պայքարը հայրենիքի ազատության համար ու նվիրյալի կերպարը: Ո՞րն է հայրենիքը սիրելու սահմանը Ձեզ համար:

-Առիթ չի եղել ստուգելու, չգիտեմ։ Բայց կյանքը ցույց է տալիս՝ կան մարդիկ, որոնց համար հայրենիքի հանդեպ սերը սահմաններ չունի։ Հակառակ դեպքում, նրանք հանուն հայրենիքի չէին զոհաբերի ամենաարժեքավորը՝ կյանքը։

-Դուք երևանցի՞ եք, թե՞ մոսկվացի: Եթե նկարիչ լինեիք, ի՞նչ գույներ ու պատկերներ կընտրեիք Երևանն ու Մոսկվան կտավին պատկերելու համար. մեկը Ձեր ծննդավայրն է, մյուսը՝ այն քաղաքը, ուր ապրում եք:

-Ես երևանցի եմ և ունեմ միայն ՀՀ քաղաքացիություն: Ուղղակի, ես աշխատում եմ նաև Մոսկվայում: Եթե ես նկարել կարողանայի, ապա Երևանի մեր տունն ու բակը կպատկերեի սարյանական գույներով, իսկ մոսկովյանը` գունամատիտի երանգներով:

-Դա օջախի ու կացարանի տարբերությունն է՝ ընդգծված սիրո չափումներով…Իսկ ինչպիսի՞ն է սիրո ու երջանկության փոխհարաբերությունը տնտեսագիտության դոկտորի ու հաջողակ գրողի կյանքում:

-Երջանկությունն այն է, երբ երազանքը հանդիպում է ճակատագրին: Երջանկությունն այն է, երբ կա մեկը, ում կարող ես գրկել… Ինչ վերաբերում է սիրուն, ես կնկարագրեմ հակադրությունը` սիրո բացակայությունը: Դա այն է, երբ քեզ չեն սեղմում կրծքին, երբ քեզ չեն գովում, չեն նկատում, ոչինչ չեն նվիրում: Դա ատելություն չէ: Ավելի վատ է, քանի որ ատում են ինչ-որ բանի համար: Իսկ չեն սիրում հենց այնպես: Սիրո բացակայությունը մարդուն դարձնում է երկչոտ, ծանրաշարժ, տգեղ, ճնշված: Նա վախենում է… վախենում է ամեն ինչ փչացնել, խանգարել, բարկացնել: Դրանից մեռնում են: Ոչինչ անել հնարավոր չէ: Եթե դեռ ուժ ունես, պետք է վերցնես հոգիդ ու հեռանաս այնտեղից, որտեղ սեր չկա:

-Որքան ճիշտ եք….Չի՛ կարելի վտանգել սեփական կյանքը և լինել այնտեղ, որտեղ սեր չկա…

 Պարոն Արեն, ինչո՞վ են իրարից տարբերվում հաջողակ մարդն ու արժեքավորը: Դուք մի զրույցի մեջ այդ երկուսը հակադրեցիք ու չմանրամասնեցիք:

-Մարդու արժեքը պայմանավորված է նրանով, թե ինչ է տալիս: Իսկ հաջողակ մարդը բնութագրվում է նրանով, թե ինչի է հասել: Այստեղ տալու և ստանալու հակադրությունն է: Արժեքավոր մարդիկ աշխարհին ավելի անհրաժեշտ են:

-Մարդը պիտի առավոտյան արթնանա հանուն ինչ-որ բանի՝ հուշում եք Դուք «Քառյակ» վեպում կոշկակար ծերունու երազանքով, որը առանց փողի նորոգում է մարդկանց կոշիկները: Ո՞րն է Ձե՛ր երազանքը:

-Երազում եմ, որ մանկատներում ապրող ամեն երեխային մոտենա մեկը և ասի՝ արի՛ գնանք տուն։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ կինոռեժիսոր ԱՐՏԱԿ ԻԳԻԹՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Հոգևոր-մշակութային


21/05/2020