Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է



ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԷԳաղտնիք չէ, որ ժամանակակից մարտերում որոշիչ հարվածը հենց օդուժն է հասցնում,  իսկ օդային հարվածները կանխողն ու կասեցնողն էլ  հակաօդայիններն են՝ խաղաղ երկնքի մշտարթուն պահապանները:

…Հայաստանում հակաօդային պաշտպանության ուժերը ձևավորվել են անկախությունից հետո: Գնդապետ Աշոտ Ֆանյանը զինատեսակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորականներից է: 1993թ. ՀՀ զինված ուժերում է, մարտական գործողությունների մասնակից է:

 

-1990-ականներին ադրբեջանական ավիացիան անարգել ռմբակոծում էր հայկական բնակավայրերն ու մարտական հենակետերը: Նորանկախ մեր երկիրը դեռևս չուներ ռազմական ավիացիային դիմակայող ուժեր, եւ  օրվա հրամայականն էր հակաօդային պաշտպանական համակարգի ստեղծումը: 1992թ. աշնանը ձևավորվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչությունը, այդուհետ կազմավորվեցին ՀՕՊ առաջին զորամասերը: Խորհրդային բանակի համապատասխան ստորաբաժանումներում ծառայած պահեստայիններին զորակոչեցին բանակ, ոլորտը համալրվեց նաև տեխնիկական բուհեր ավարտած կարող ուժերով:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանին ժառանգություն հասած ՀՕՊ կրակային և հետախուզական միջոցները մեր մասնագետները  շատ կարճ ժամկետում կարգաբերեցին, և կազմակերպվեց դրանց մարտական կիրառումը: Առկա ներուժով  դրանք նորոգումից հետո  բերվեցին մարտունակ վիճակի, եւ  ՀՕՊ նորաստեղծ ստորաբաժանումների ուժերով արդեն հնարավոր դարձավ կասեցնել թշնամու օդային գրոհները.  շուտով խոցվեց հակառակորդի առաջին ուղղաթիռը: 1992թ. հունիսին Ասկերանի մոտ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով խոցվեց հակառակորդի ՍՈՒ-25 ինքնաթիռը: Այլեւս  ավարտված էր  հակառակորդի օդային գերիշխանությունը երկնքում…

Հրադադարից հետո  հայոց ՀՕՊ զորքերը մյուս նոր կազմավորված զորատեսակների նման անցան շարունակական զարգացման, արդիականացման եւ վերանորոգման ճանապարհ: Անցած տարիների ընթացքում հատկանշական է զորքերի վերազինումը ժամանակակից ՀՕՊ ՍՌՏ-ով, այդ թվում՝ նաև հայրենական արտադրության:

-Պարոն Ֆանյան, յուրաքանչյուր մարտական գործողություն նաեւ տվյալ զորատեսակի   մի յուրօրինակ «քննություն» է: Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ հակաօդային ուժերը պատվով կատարեցին իրենց խնդիրները՝ հակառակորդին ստիպելով հրաժարվել ավիացիայի հետագա կիրառումից։ Ապրիլյան հենց առաջին օրերին խոցվեց ադրբեջանական  երկու ուղղաթիռ:

-Այդ ժամանակահատվածում թշնամին մեկ այլ մարտավարություն էլ կիրառեց՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր գործադրելով, մինչ այդ դրանք կիրառում էր  հիմնականում հետախուզության նպատակներով: Տասնհինգից ավելի ԱԹՍ-ներ կորցնելուց հետո Ադրբեջանը դադարեցրեց օդային հարվածները:

Ապրիլյան քառօրյայից  հետո ՀՕՊ առաջնահերթություններից մեկն էլ դարձավ ԱԹՍ-ների  դեմ պայքարը:

Մի որոշ ժամանակահատված մենք որոշակի դժվարություններ ունեինք միջին հեռահարության համակարգում, սակայն դա արդեն լուծված խնդիր է: Լեռնային պայմանները, ֆիզիկաաշխարհագրական դիրքը, ինչ խոսք, մշտական խոչընդոտներ են, ուստի, նախապես հաշվարկներ են կատարվում, համակարգը կառուցում այն սկզբունքով, որ հնարավոր լինի  առավելագույնս փակել համապատասխան միջանցքները:

Այժմ մենք ՀՕՊ ժամանակակից միջոցներով բազմաշերտ պաշտպանված ենք բոլոր ուղղություններով, տարբեր բարձրություններում վերահսկելի է հակառակորդի յուրաքանչյուր շարժը: ՀՕՊ սպառազինության ռազմական տեխնիկան հիմնականում շարժական  է՝  կարող է  ժամանակին  հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում  ոչնչացնել նշանակետերը: ՀՕՊ համակարգը գործում է թիմային, փոխկապակցված, ներդաշնակ աշխատանքի շնորհիվ, զորատեսակը շուրջօրյա մարտական հերթապահություն է իրականացնում եղանակային ամենատարբեր պայմաններում:

Այսօր մեր երկնքի խաղաղությունը պահպանվում է «Ս-300», «Ս-125», «ԿՈՒԲ» , «Օսա-ԱԿ», «ԻԳԼԱ-Ս» և  մերձակա գործողության հակաօդային պաշտպանության  այլ միջոցներով:  Վերջին  կարևոր ձեռքբերումներից են նաեւ «ՏՈՌ-Մ2» ժամանակակից զենիթային հրթիռային համալիրները, որոնք կարող են ավտոմատ ռեժիմում  պայքարել ցանկացած տեսակի օդային հարձակման միջոցների դեմ, այդ թվում նաև՝ գերճշգրիտ: Մի խոսքով՝ ներկայումս առաջնագծի բոլոր հատվածները լիարժեքորեն ապահովված են և հագեցած: Մեր գրեթե բոլոր զորամասերի ստորաբաժանումներն ունեն մարտական գործողություններ վարելու փորձ, այսինքն՝ ստացել են մարտական մկրտություն և ունեն բարձր պատրաստվածություն:

ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է-Հակառակորդի օդային ձեռնարկումներն արդյունավետ  կանխելու և հակազդելու համար հարկ է նաև ճշգրիտ  տեղեկացվածություն նրա օդային ռեսուրսների մասին։ Վերջին տարիներին Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական եւ թուրքական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ: Այդ երկրների հետ միասին հիմնել ԱԹՍ սեփական արտադրություն:

-ՀՀ զինված ուժերը մշտապես ուսումնասիրում է տարածաշրջանի եւ աշխարհի մասշտաբով  լավագույն արդյունքներ ցուցաբերած ռազմական տեխնիկան, դրանց  հակազդման գործում հաջողություն արձանագրած բոլոր հնարավոր տարբերակները, ըստ այդմ էլ աշխատանքներ են տարվում արդյունավետ զենքի ձեռքբերման և համապատասխան ստորաբաժանումների կազմավորման ուղղությամբ: Այսօր մեր զինված ուժերը համալրված են նորագույն ռադիոտեղորոշման և օպտիկաէլեկտրոնային հետախուզության միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել բոլոր տիպի օդային թիրախները:

Հպարտությամբ պետք է փաստեմ.  մենք ակնհայտ հաջողություններ ենք գրանցել հայրենական  ռազմարդյունաբերության ասպարեզում: Վերջերս էլ մշակվել են համապատասխան միջոցներ, որոնք թույլ են տալիս մինչև 0,1  մետր քառակուսի մակերևույթով նշանակետը համապատասխան հեռավորությամբ՝ մինչև 20-25 կմ, մեծ ճշգրտությամբ հայտնաբերել և ուղեկցել:

-Վերջերս ՊԲ հակաօդայինների ուժերով խոցվեց Արցախի օդային սահմանը հատած ադրբեջանական «Օրբիտր-3» տիպի անօդաչու թռչող սարքը:

-Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ մեր հաշվարկները աչքի են ընկնում բացառիկ արհեստավարժությամբ: Հայաստանը աշխարհում միակ պետությունն է, որի ՀՕՊ ստորաբաժանումները կարողանում են կոնկրետ այս սպառազինության տեսակով խոցել ԱԹՍ: Գրագետ, բանիմաց կադրերի պակաս չունենք:

Մեր ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր զորավարժությունների՝ ըստ արժանվույն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, փայլում  մարտավարամասնագիտական  ունակություններով՝ մշտապես զբաղեցնելով պատվավոր տեղեր:

-Պարոն Ֆանյան, մայիսի երրորդ կիրակին զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես հակաօդային պաշտպանների՝ մեր երկնքի սահմանապահների  օր…

-Մաղթանքս ավանդական է՝ թող ՀՕՊ բոլոր միջոցները գործադրվեն բացառապես ուսումնական նպատակներով, իսկ եթե հարկ լինի՝ անվրեպ խոցեն թշնամու բոլոր թիրախները: Եվ ամենակարեւորը՝ թող Հայոց աշխարհի բոլոր արշալույսները խաղաղ լինեն:

 

ԱԼԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/05/2020