Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»



«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»Ռոբերտ Կարայան վիպասանի, առակագրի, բանաստեղծի, մանկագրի, հրապարակախոսի մասին խոսել են ժամանակի երևելի մտավորականները: Նրա բանաստեղծության մասին դրվատանքի խոսքեր են ասել Իսահակյանը, Սևակը և այլ նշանավոր բանաստեղծներ ու գրականագետներ: Ռոբերտ Կարայանին կոչել են հայազգի Կռիլով՝ շեշտելով նրա առակների բովանդակային բազմազանությունը, խորությունն ու պատկերային մտածողությունը: Նրա մեծակտավ «Փրկությունը» համեմատել են Եղիշեի հայտնի ստեղծագործության հետ՝ ի ցույց դնելով կերպարների էպիկական գույները, թափը, շքեղ լեզուն: Սակայն Ռոբերտ Կարայանին ամենից դիպուկ են բնութագրել Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ու Հայրապետ Վազգեն Առաջինը: Լևոն Թոքմաջյանը նրան կոչել է հանդուգն ասպետ, իսկ Վազգեն 1-ը անվանել է հայրենաշունչ գրող:

…Հայոց ազատագրական պայքարի խարույկը բոցկլտացել է դարեդար: Դարեդար այդ խարույկը իրենց ինքնավեր կյանքով սնել են ազգի ըմբոստ որդիները՝ վառ պահելով ազատասիրության տենչը բարձրացող սերնդի հոգում: Բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, որոնք վտանգի պահին քայլել են առջևից, ճանապարհ բացել մյուսների համար: Ժողովուրդը գնացել է առաջամարտիկ-ընտրյալների ոտնահետքերով, նրանց նախանշած ուղիով: Նրանք խիզախորեն երազել են, որ գալիք սերունդները այդ երազի ժառանգորդը լինեն:

1974 թվականին, երբ գրաքննությունը խոշորացույցի տակ զննում ու ջնջում էր ամենափոքր շեղումն անգամ իր հռչակած ինտերնացիոնալ արժեքներից, խորհրդային ապազգային բովանդակությունից, երբ Դրոյի, Անդրանիկի, Նժդեհի, Արամ Մանուկյանի անուններն արտաբերելու համար անգամ մեծ քաջություն էր պետք, հայտնվեց մի գրող, որն ընթերցողի սեղանին դրեց «Արևը գեղեցիկ է մայրամուտին» վերնագրով վեպը՝ մեր ժողովրդի պատմության ամենադրամատիկ ու ողբերգական իրադարձությունների մասին՝ Ցեղասպանություն, ազատագրական պայքար, Առաջին Հանրապետություն, երկրի խորհրդայնացում…

Նա Սփյուռքի հետ կապերի Կոմիտեում աշխատելու տարիներին հանդգնեց քրքրել Կոմիտեի արխիվները և ուսումնասիրել իր ժողովրդի պատմության 20-րդ դարասկզբի հայտնի իրադարձությունները: Եվ մաքրելով լռության փոշին՝ ստեղծեց գեղարվեստական վավերագրության փայլուն նմուշ՝ մի վեպ, որտեղ առաջին անգամ հայ ընթերցողը տեսավ իր ռազմական-քաղաքական գործիչների գեղարվեստական կերպարները: Ոչ մի ուժ, ոչ մի սպառնալիք չի կարող ժողովրդից խլել իր հերոսներին, մանավանդ, երբ այդ հերոսները վերադառնում են իրենց կերպարի գեղարվեստական շքեղությամբ, խորությամբ ու գույներով: Ոչ մի քարոզ ու դատաստան չի կարող ժողովրդին բաժանել իր ազատագրական պայքարի ոգուց, մանավանդ, երբ այդ ոգին հառնում է վիպասանքի էպիկական ուժով: «Արևը գեղեցիկ է մայրամուտին» գրքի 15 հազար տպաքանակը սպառվեց մի քանի ժամում: Մարդիկ հերթ էին կանգնում գրախանութների դռներին՝ գիրքը գնելու համար, իսկ հեղինակը, որին ոչ ոք չէր ճանաչում, հեռվում կանգնած ուրախությունից արտասվում էր: Եվ այդ արտասուքը ոչ թե սեփական գրքի հաջողության ուրախությունից էր ծնվել, այլ այն մտքից, որ ժողովուրդը դեռ մերձ է իր պատմությանն ու իր հերոսներին:

Տարիներ անց ականատեսները պիտի հիշեին, թե ինչպես Ուջանում Անդրանիկի արձանի բացման արարողության ժամանակ ոչ մի իշխանավոր չմոտեցավ ամբիոնին, որ մի քանի բառով փառավորի հայոց զորավարներից մեծագույնի նվիրումն ու սխրանքը: Ռոբերտ Կարայանը միակն էր, որը խոսեց առանց մտածելու հետևանքների մասին: Նույնքան անկակազ ու համարձակ նա «Արևը գեղեցիկ է մայրամուտին» գրքում առաջին անգամ խորհրդահայ գրականության մեջ ներկայացրեց Գևորգ Սուրենյանց Կաթողիկոսին՝ իր ամբողջ նվիրումով ու հայրենասիրությամբ: Մարդ, որը զինում էր հոգևորականներին ու կոչում ազատագրական պայքարի: Մարդ, որը հայրենիքի փրկության համար կռվող մարտիկների կողքին էր, քաջալերում էր նրանց ու ոգևորում:

Խորհրդահայ գրականության մեջ առաջին անգամ շեշտվեց Հայոց եկեղեցու մեծ դերակատարումը ազգապահպանության գործում: Վազգեն 1-ին կաթողիկոսը անձամբ Առաջնորդարան հրավիրեց Ռոբերտ Կարայանին, ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում դրվատանքի խոսքեր ասելով գրքի ու հեղինակի մասին:

«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»Ռոբերտ Կարայանը տիտանական աշխատանք էր կատարել. ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել էր վեպում նկարագրված ժամանակահատվածի վերաբերյալ վկայությունները: Նաև դա էր պատճառը, որ պատմական հզոր դեմքերը՝ Անդրանիկը, Արամ Մանուկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրոն, մյուսները այդքան վառ են, ընդգծված, գունեղ: Երկխոսություններն այդքան հավաստի են ու անկեղծ: Պատումը զարգանում է շարժուն, լարված, հայրենաշունչ վիպասանությանը հարիր լեզվով, հուզական չափավոր հագեցվածությամբ, կառուցիկ սյուժեով, մեծ վարպետությամբ կերտված ռազմի տեսարաններով ու բնության նկարագրություններով՝ մատչելի ընթերցող հասարակության բոլոր շերտերին: Բազմադեմ այս գործի մեջ կա մի կերպար, որը գույն առ գույն, գիծ առ գիծ կերտվում է վեպի սկզբից մինչև ավարտը: Եվ վերջում ընթերցողի առջև կանգնում իր ամբողջ վեհությամբ, խորությամբ, մեծությամբ: Մոնումենտալ ընդգծվածությամբ: Դա հայ ժողովրդի կերպարն է: Դարերի ճանապարհ կտրած, ամենադաժան փորձությունների միջով անցած, վերելքի ու վայրէջքի, հաղթանակների ու պարտությունների բաժակը ցմրուր դատարկած, հին ու իմաստուն, տառապած, բայց ուժեղ…բայց անհաղթ, բայց անկոտրում: Ձուլված իր արմատներին, իր արժանապատիվ գոյության համար կռիվ տվող, կյանքը ստորադասած իր ազատությանն ու պատվին, հայրենապաշտ ու հերոսական: Հայ ժողովրդի կերպարը կերտված է հեղինակի անսահման սիրով, ու դա ակնառու է ամեն տողում:

«Արևը գեղեցիկ է մայրամուտին» վեպի հրատարակությունից 10 տարի անց լույս տեսավ վեպի լրամշակված տարբերակը նոր վերնագրով՝ «Փրկություն»: Վերնագիրը շեշտեց, տողատակից հանեց պատումի ամենակարևոր հղումը, ամենաառանցքային ասելիքը: Որտե՞ղ է հայ ժողովրդի փրկությունը: Նրա հերոս որդիների հայրենասիրությա՞ն մեջ: Գուցե Սարդարապատի ճակատամարտի ինքնազոհ խիզախությո՞ւնն էր հայոց փրկության բանալին: Գուցե Առաջին Հանրապետության լիդերնե՞րը պիտի բերեին փրկությունը: Խորհրդային կարգե՞րը: Նա, ով ուշիուշով կարդում է վեպը, չի կարող չնկատել հեղինակի անթաքույց ուղերձը՝ հայոց փրկությունը նրա հավաքական ուժի, մեկտեղված սիրո, անմասնատ պայքարի մեջ է: Զերծ կուսակցական, խմբային շահերից, ներքին պառակտումներից ու անձնական դիտավորություններից: Հայոց փրկությունը միայն ինքն իրեն ապավինելու և օտարների օգնության հետ հույսեր չկապելու մեջ է: Սարդարապատի հաղթական ճակատամարտը այդ միասնության ու ինքն իրեն հավատալու, իր հաղթանակը սեփական ձեռքերով կռելու գաղափարի առհավատչյան է:

Ինչո՞ւ է վեպը արդիական, արժանի ընթերցվելու նաև այսօր ու երբեք չի դառնալու ժամանակավրեպ ու հին: Առաջին հերթին միասնականության գաղափարի հրատապությամբ: Ցեղասպանության ու հայրենազրկման ցավի միջով անցած, բոլոր հարազատներին կորցրած երկու որբերի ժառանգ Ռոբերտ Կարայանը բոլորից լավ գիտեր, թե ինչ աղետ կարող են բերել փոքր, թշնամիներով շրջապատված ազգին ներքին խժդժությունը ու պառակտումները: Վեպը ազգի միասնականության ներբող է՝ գեղարվեստական տպավորիչ ընդհանրացումներով ու ազդեցիկ: Վեպի կերպարները հերոսներ են, որոնք միշտ լինելու են հայ ժողովրդի հավաքական քաջության, հայրենապաշտության, ազնվության, արժանապատվության խորհրդանիշը: Վեպի ոգին անդառնալի հետք է թողնում ընթերցողի սրտում: Եվ պակաս կարևոր չէ գրքի հեղինակի՝ Ռոբերտ Կարայան գրողի, քաղաքացու կերպարը, որը մտորելու առիթ է տալիս: Մտավորական, որը ճշմարտությունը չփոխեց բարեկեցության հետ, չփնտրեց իշխանահաճո թեմաներ, չխցկվեց տաքուկ տեղեր և առակներից մինչև «Փրկություն» ասպետավայել ու հանդգնորեն խոսեց իր ժողովրդի ցավերից, իր երկրի խնդիրներից, իր ազգի մերժված հերոսներից, իր պատմության բախտորոշ իրադարձություններից: Առանց դրոշակ պարզելու ու առանց դափնիների ակնկալիքի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Հոգևոր-մշակութային


27/05/2020