Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՇ – ԱՊԱՐԱՆԻ  ՂՈՂԱՆՋՆԵՐ



ԲԱՇ - ԱՊԱՐԱՆԻ  ՂՈՂԱՆՋՆԵՐՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

 

Ավետիք Իսահակյան – Տեսնում եմ Արարատյան երկիրը, հայ ժողովուրդը՝ ուժեղ, պայծառ, հզոր. ստեղծում է, պայքարում, ապրում…

Անապատներից մորեխների պես արշավում են կատաղած ձիերի նման՝ վայրենի աղմուկներով, սրածություն, ավեր, արյուն, հրդեհ, քանդում են, մորթում. Արաբիան, ջարդեր, Նախիջևանի նախարարների կիզումը, մոնղոլներ. Չինգիզ խան, Ալփարսլան, Իսմայիլ, Լենկ-Թեմուր. Շահ-Աբաս, աղա Մահմադ…

…Տեսնու՛մ եմ՝ Համիդ, Թալիաթ, Էնվեր, Վիլհելմ, Գոլց փաշա, Հորվեգ, ջարդեր, ջարդեր, անապատ, Դեր-Զոր… Ուզում եմ գահավիժել տիեզերական անդունդի մեջ…

Նոթատետրից- Ծովից երկու հազար մետր բարձրության վրա ենք: Մեր մեքենան սլանում է Ապարանի խճուղով: Մի կողմում Արագածն է, մյուսում՝ Ծաղկունյաց լեռնաշղթան: Սիզամարգերի, մարգագետինների մեջ հուրհրատին տվող ծաղիկներ, ծաղկաշղթաների ծիածաններ… Ես իջա մեքենայից: Ես տեսա սրսփացող կանաչը Ապարանի թափանցիկ օդի հայելու մեջ կրկնապատկերված, ես լսեցի Բաշ-Ապարանի քամու հառաչանքը: Այստեղ տեղի է ունեցել Բաշ-Ապարանի նշանավոր ճակատամարտը: Հայերն այստեղ հաղթել են թուրքական կանոնավոր բանակին: Ժողովրդական պատերազմի գալիքնափայլ երեք թևերը՝ Սարդարապատ-Բաշ Ապարան-Ղարաքիլիսա: Թուրքական բանակը պարտվել է, ջախջախվել, սակայն թուրքերը չեն պարտվել:

Հայերը հաղթանակել են և ընդամենը… փրկվել, ընդամենը … փրկվել: Ումի՞ց, թուրքերի՞ց, օսմանների՞ց, Օտոմանյան կայսրությունի՞ց, չէ՞ որ միջնադարի մասին չէ խոսքը:

Ստեֆան Ցվայգ- 1451թ. փետրվարի 5-ին Մահմուդին առանց առարկության ճանաչում են Օտոմանյան կայսրության տիրակալ: Իր արնեկից հնարավոր մրցորդներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում Է լողարանում խեղդել իր անչափահաս եղբորը: Նրա առաջին հարվածը ուղղված է լինելու Բյուզանդիոն քաղաքի՝ Կոստանդին Հուստինիանոսի կայսերական գահի վերջին գոհարի դեմ:

-Եվրոպա՛, հասի՛ր օգնության:

Մի՞թե Հռոմի Պապը կարող է անտարբեր մնալ, երբ Սուրբ Սոֆիային՝ Արևմուտքի սրբազնագույն տաճարին, սպառնում է անհավատների մզկիթ դառնալու վտանգը: Մի՞թե Եվրոպան չի հասկանում, որ ինչքան էլ գժտություններում արատավորված, որքան էլ վարկաբեկված ստոր կրքերի հարյուրավոր դրսևորումներով՝ հույներն, այնուամենայնիվ, վտանգ չեն ներկայացնում Արևմուտքի մշակույթի համար: Բայց հայտնի է դառնում տխուր իրողությունը. քրիստոնեական աշխարհը մոռացության է մատնել Բյուզանդիոնը: Պաշարվածները լքվել են, նրանք դատապարտված են կործանման…

Նոթատետրից- Հիմա ես գլխահակ կանգնած եմ Հանրապետության շքեղաշուք հուշարձաններից մեկի առջև, որ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տաղանդի ուժով արտացոլում է ժողովրդի կյանքի երեք անմոռանալի շերտերը՝ Մեծ եղեռն, Բաշ-Ապարանի հերոսամարտ և Մեծ հայրենական: Ծեր մի կին՝ եկած հեռուներից (կարծեմ Ավստրալիայից), ասում է, որ իր հայրը զոհվել է Բաշ-Ապարանի ճակատամարտում:

Այսքանը միայն:

Իսկ ես այստեղ, իմ ժողովրդի մի հուշասյան առջև գլխահակ, ասես լսում եմ Սուրբ Սոֆիայի վերջին պատարագի ղողանջները՝ հեռուներից ոգեկոչված: Արևելքի հռոմեական կայսրության հոգեհանգստի վերջին պատարագը…

Ստեֆան Ցվայգ-…Եվ հանկարծ մի ողբերգական դրվագ, որ երբեմն ծագում են պատմության անքննելի վճիռներում, մի հարվածով վճռում է Բյուզանդիայի ճակատագիրը: Կատարվեց միանգամայն անհավատալին: Թուրքերը նկատեցին, որ պաշարված Կոստանդնուպոլսի հզոր պարիսպների դարպասներից մեկը, ավելի փոքրն ու աննկատելին, որ Կերկապորտ էր կոչվում, անըմբռնելի մի անփութությամբ բաց է մնացել: Այս պատահական հյուլեն՝ բաց մնացած Կերկապորտը, մոռացված դուռը, վճռեց համաշխարհային պատմության ընթացքը:

Նոթատետրից – Կերկապորտ. այդ անունը կհիշվի ընդմիշտ: Մահմուդը քաղաքը լիովին հանձնեց իր հրոսակների ձեռքը, և նրանք ամեն ինչ արեցին ճշգրիտ և թուրքավարի. ավերեցին, կոտորեցին, բռնաբարեցին, գերեցին, թալանեցին, վառեցին: Հունական մտքի և պոեզիայի անմահ գանձարանները՝ սահմանված գալիք դարերի համար, չքացան երկրի երեսից: Սուլթանը մուտք գործեց Սուրբ Սոֆիայի տաճարը: Այն մաքրվեց նախկին կրոնի նշաններից. ծեփում-ծածկվում են խճանկար բարեպաշտական պատկերները: Բովանդակ աշխարհում ի նշան մահմեդականության հաղթանակի, սուլթանը հրապարակավ մերձենում է հերոսաբար զոհված Կոստանդին կայսեր անչափահաս որդուն, հենց այդտեղ, նախկին Սուրբ Սոֆիայի տաճարում, հիմա արդեն անհավատների ու բարբարոսների մեջիդի աղտոտված ու եղծված բեմահարթակի վրա:

ԲԱՇ - ԱՊԱՐԱՆԻ  ՂՈՂԱՆՋՆԵՐ…Դե, իհարկե, Եվրոպան լսեց ընկած խաչի խլաձայն արձագանքը, գիտակցեց իր բութ անտարբերության հետևանքով սեփական տուն ներխուժած արհավիրքի ուժը. գիտակցեց, սակայն, հետագա դարերում բազմիցս հուշակորույս լինելու, չարին ու վատթարին կրկին հանցակից լինելու համար:

Աբդուլ Համիդ 2-րդ (Կարմիր սուլթան)- Թույլ կտամ իմ գլուխը բաժանել իմ մարմնից, բայց հայերին անկախանալ թույլ չեմ տա:

«Միրաթի Մոստակիմ» (թուրքական ամսագիր, 1909թ.)-Թուրքական սուլթանի շուրջը պետք է համախմբել Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի 350-400 միլիոն մուսուլմաններին: Երբ հասնենք այդ նպատակին, մենք, անտարակույս, կդառնանք ամբողջ աշխարհի վրա տիրապետող ազգ:

Ահմեդ Աղաև (վտարանդի ադրբեջանցի, պանթուրքիստ)-Թուրքական կայսրությունը կընդգրկի Ղրիմը, Բալկանները, Կովկասը, Բաքուն, Դերբենդը, Թերեք գետը, Կասպից ծովի հյուսիսային մասը, Աստրախանը, Սիբիրի որոշ տարածություններ, Մոնղոլիան, Թուրքմենստանը, Չինաստանի որոշ մասը, Աֆղանստանը, Բաղդադը, Մոսուլը, Էգեյան ծովը և այլն: (Ոմանք հավակնում են նաև Թայվանին, Կուրիլյան կղզիներին, Ճապոնիային, նաև Ֆինլանդիային և Հունգարիային):

Նոթատետրից- «Ետ՝ դեպի Թուրան». դա թուրքերի լոզունգն էր: Այսինքն՝ ետ դեպի Աթիլլա, Չինգիզ խան, Օղուզ խան: Ահա նրանց նշանավոր գործիչներից մեկի «Թուրան» բանաստեղծության ողնաշարը. «Ո՞ւր է այժմ Թուրանը, ո՞ւր է Ղրիմը, ի՞նչ դարձավ Կովկասը: Ամենուրեք, Կազանից մինչև Տիբեթ, ռուսներ են»,- բողոքում է հեղինակը և աղաչում ալլահին «կորցրածը» վերադարձնել (ընդ որում, շատ կարճ ժամկետներ է դնում ալլահի առաջ): Ոմանք կարող են ասել. այդ ամենը եղել է այն ժամանակ: Սալոնիկի համագումարը նույնպե՞ս «այն ժամանակ» է եղել՝ 1911թ., երբ որոշվեց իրականացնել բոլոր թուրք հպատակների օսմանացումը: 460-465 տարի՝ Կոստանդնուպոլսի անկումից հետո: Եվ կրկին՝ Եվրոպայի աչքի առաջ:

Իսկ ընդամենը 25 տարի առաջ հրապարակվեց Ալփարսլան Թյուրքեշի հոդվածը, ուր նա կոչ էր անում. «Գործի՛ր, օ՜, թուրք…դե՛, գործիր… Մենք չունենք այլևս Ռումելիա, Հունգարիա, Սիրիա, Իրաք, Պաղեստին, Եգիպտոս, Թունիս, Ալժիր, Ղրիմ, Կովկաս: Մեզ մնացել է միայն մեր հայրենիքի փոքր կտորը… Թող նորից ծածանվեն հաղթանակների ու փառքի դրոշները: Թող բոլորից վեր բարձրանա Թուրքիան: Այդ մեծ Թուրքիան դուրս է գալիս ազգային ուխտով սահմանված սահմաններից և տարածվում մինչև Թուրան»… Եվ այսպես շարունակ: Ուրեմն, կրկի՞ն գորշ գայլեր, կրկի՞ն Թուրան: Նորի՞ց նույն ճանապարհը, որ հիմա ձգվում է Կերկապորտից մինչև այստեղ, այս մաքրորեն ծածանվող մարգագետինները, որ կոչվում են Բաշ-Ապարան…

Կերկապորտից- Բաշ-Ապարան… Սարդարապատ… Հիմա՛ անգամ շատ շատերը չեն գիտակցում, որ այդ ճանապարհն անցնում է նաև քրիստոնեական Եվրոպայի բոլոր տերությունների միջով:

Պատմությունից- 1917 թվականի ձմռանը կովկասյան ռազմաճակատի քայքայման հնարավոր արշավանքի հաջողությունն սպառնում էր ֆիզիկական մահ բերել հայ ժողովրդին, ոչնչացնել ռուսական հեղափոխության նվաճումները Անդրկովկասում, Անդրկովկասը դարձնել պանթուրքիստական ծրագրերի իրականացման բանալի. այդ էր թուրքերի ծրագրերի ծրագիրը: Հայ ժողովուրդն անպարտելի ժողովրդական պատերազմի ելավ թուրքերի դեմ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայերի համառ դիմադրությունը արյունաքամ արեց թուրքերի կանոնավոր բանակին, որը Սարդարապատի հարթավայրում ջախջախվեց և ետ շպրտվեց:

Նոթատետրից – Արագածի ներկայությունը զգում ես, հայացքդ որ կողմն էլ որ ուղղելու լինես: Թվում է՝ լսվում է լեռան շնչառությունը: Ուրիշ ոչ մի տեղ օդն այդպես թափանցիկ չէ: Ծաղկունյաց լեռնաշղթայի հեռանիստ կատարներին կարելի է նշմարել ամենափոքրիկ քարաբեկորն անգամ, գեղեցիկ կակաչները: Օդը, երևի, այսպես պարզկա է եղել նաև այն ճակատագրական օրերին:

Մարտադաշտի շուրջը՝ 881,4 քառ. կմ, հոգևոր կյանքի հանգրվաններն են՝ 5-րդ դարից սերած Քասախի բազիլիկ եկեղեցին, Աստվածընկալ վանքը, Զովունիի հուշարձանախումբը, Մենաստան վանքը, Թեղենյաց հռչակավոր վանքը, որոնց զանգերի ձայնը ճակատամարտի օրը այստեղ լսելի էր: Զանգերի, որ տագնապաշունչ արձագանքն էին Էջմիածնի Մայր տաճարի ղողանջների…

Արագածի քամին մագաղաթի շրշյուններ էր բերում, որ լսելի են նաև հիմա, այս լայնահուն սարահարթի սրսուռ լռության մեջ.

«Որպէս և ասաց ոմն ի հնումն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն: Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահվանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ»:

Այս խոսքերը սրբազան դող են հաղորդում ինձ, ես տեսնում եմ առասպելական պատմիչին՝ մի ձեռքին մատյան, մյուսին՝ սուր, ես խառնում եմ ժամանակները, ու պատկերվում է ինձ Վարդան Զորավարը ՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի աշխարհազորայինների գլուխ անցած:

Ապարանի աշխարհազորայիններից յուրաքանչյուրը պատրաստ էր լինել ճակատամարտի և՛ հրամանատարը, և՛ զինվորը: Զինվել են՝ ով ինչով կարող է: Մայիսի 22-ին առաջին մեծ բախումը եղավ: Ապարանցի ջահել տղերքը (մինչև անբեղ-անմորուսը) Քյուլուջա գյուղի մոտ ելել են քայլ առ քայլ ալպիական մարգագետինները պղտորող կանոնավոր խաժամուժի՝ թուրքական կանոնավոր բանակի դեմ…

…Ես հիշում եմ … Հինգ-վեց տարեկան երեխա՝ սարսափահար ու զմայլված, մի խաչքարի ետևից դիտել եմ ապարանցի տղերքի քարակռիվը: Դա իրո՛ք մի հոյակապ տեսարան էր, որ կարող էր միաժամանակ և՛ սահմռկեցնել, և՛ հափշտակել ինքնամոռացության չափ: Դա և՛ խաղ էր, և՛ պատերազմ: Տղերքը և՛ մեծ էին, և՛ չէին: Այդ սքանչելի պարսատիկները… դրանցից հիմա էլ կարելի է տեսնել հին մասունքների մեջ, Ապարանի հին տներում:

Հիմա երբեմն ինձ թվում է, թե այդ դրվագը էպոսից եմ հիշում… Քարերը սուրում էին արկի նման, և նրանց դիպուկ կրակոցներից արթնանում էին գերեզմանաքարերը:

Բաշ-Ապարանի քարակռիվը… Ժողովրդական պատերազմի ամենազարմանալի էջերից մեկը: Շուտով վրա է հասնում համալրումը: Դրանք Երևանում ապրող ապարանցիներն են եղել: Նրանց այստեղ է առաջնորդել Արսեն Տեր-Պետրոսյանը: Նույն ինքը՝ Րաֆֆու Խենթի հայրենասեր որդին: Թվում է՝ լեգենդ է. անվերջ շարունակելի լեգենդ՝ և՛ պարսատիկները թուրք հրանոթների դեմ, և՛ էպոսի ու մատյանների միֆերին խառնված ընկնող-բարձրացող ապարանցի աշխարհազորայինները, և՛ նրանք, ում անունները հիշվում են շատերի մեջ՝ Մաթևոս Հովհաննիսյան, Սեդրակ Ջալալյան, և՛ Դրո Կանայան, ու նրանք, ում անունները դեռ պիտի՛ հիշվեն էլի՛ շատերի մեջ:

Պատմությունից- Ապարանի ճակատամարտում մայիսի 22-ին և 23-ին թուրքերին դիմադրություն են ցույց տալիս միայն աշխարհազորայինները: Սակայն, երբ Սարդարապատի առաջին հաղթանակը հաջող ինքնապաշտպանության հավատ ներշնչեց հայ ժողովրդին և իմաստավորեց պատերազմը շարունակելը, և երբ աշխարհազորայինների նորանոր խմբերով արդեն ուժեղացած էր Սարդարապատի ճակատը, Երևանի զորաբաժնի հրամանատարությունը Սարդարապատի ճակատից վերցրեց 6-րդ մարտական գունդը, Կորոլկովի պարտիզանական հեծյալ գունդը և նրանց հետ արդեն սերտորեն միաձուլված բուլանըղցի Մուրադի և բաշգյառնեցի Մակեդոնի խմբերը, ինչպես նաև Սակելյարիի հրետանային մարտկոցը և շտապ ուղարկեց Ապարանի ռազմաճակատ…

Նոթատետրից –Սարդարապատը մեր Արևելյան հատվածի փրկության խորհրդանիշը եղավ, մեր օրրանի պահապան ուժը, մեր կամքի ու հնարավորության ապացույցը: Սարդարապատը տեղի ունեցավ Եվրոպայի անարյուն դիմախաղի ու պաղ աչքերի առաջ: Ժողովուրդը կենաց ու մահու կռիվ տվեց, առաջ մղեց իր լավն ու վատը, իր անհնարինն ու հնարավորը, և ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ չդարձավ երկրորդ ԿԵՐԿԱՊՈՐՏ ո՛չ միայն ամբողջ Կովկասի համար: ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԾՆԿԱԾԱԼՈՒՄ եղավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում:

1985թ.

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


27/05/2020