ԱՆՈԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սուրբ Հովհան Ոսկեբերանը իր քարոզներից մեկում ասում է, թե երբ չարաբարո մարդկանցից ոմանք քարկոծել էին երանելի Կոստանդիանոս ինքնակալի պատկերը, եւ շատերը նրան հորդորում էին վրեժխնդիր լինել իր պատկերն անարգողներից եւ ոչնչացնել այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեցողներին, ավելացնելով նաեւ, թե կայսեր ամբողջ դեմքը քարերով չարաչար վիրավորվել էր, նա ձեռքը դեպի երեսն էր տարել եւ ծիծաղելով ասել.
-Ո՛չ խոց եմ տեսնում երեսիս, ո՛չ էլ ցավ զգում, գլուխս առողջ է, եւ երեսս՝ ողջ։ Նրանք էլ լսելով ամոթահար էին եղել եւ հրաժարվել իրենց չար խրատներից։
♦♦♦
Սուրբ Հովհան Ողորմածը եղբորորդի ուներ, որ կռվելով մի պանդոկապետի հետ՝ նրա կողմից մեծագույն անարգանքի ենթարկվեց։ Եվ քանզի այս բանը հայտնապես կատարվեց, այն էլ անարգ մարդու կողմից, ինքն էլ մանավանդ պատրիարքի եղբորորդին էր, այս պատճառով խոցոտված սրտով, կարեւեր, սաստիկ լացով եկավ նրա սենյակը։ Հեզահոգի պատրիարքը, նրան այսպիսի զայրույթի մեջ տեսնելով, կանչեց եւ հարցրեց նրա տրտմության պատճառը, իսկ նա սաստիկ տրտմության պատճառով չէր կարողանում հայտնել, եւ մերձավոր մարդիկ ամեն ինչ հայտնի դարձրին պատրիարքին։ Իսկ վերջինս, որպես ճշմարիտ բժիշկ, իր եղբորորդու բարկությունը սկսեց մեղմորեն հանգցնել՝ ասելով.
-Արդարեւ դա այդպես է. արդյոք հնարավո՞ր է, որ որեւէ մեկը համարձակվի քո դեմ իր բերանը բացել։ Հավատա՛, որդյա՛կ, այնպիսի գործ կանեմ այսօր, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա։
Եվ նրան փոքր-ինչ հանդարտված տեսնելով եւ կարծելով, թե պանդոկապետը հայտնապես կպատժվի՝ գրկեց նրան եւ ասաց.
-Որդյա՛կ, եթե իսկապես իմ եղբորորդին ես, պատրաստի՛ր քեզ գանակոծության ու ամեն մարդու անարգանքին, քանզի ճշմարիտ ազգակցությունը ոչ թե արյունից ու մարմնից, այլ հարազատ առաքինությունից է ճանաչվում։
Ապա ուղարկեց ու պանդոկապետին կանչեց եւ նրան ազատեց բոլոր հարկերից, այնինչ ովքեր այս մասին լսեցին, զարմացան եւ հասկացան նրա ասածը, թե՝ «այնպիսի գործ կանեմ, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա», քանզի ոչ միայն վրեժխնդիր չեղավ, այլեւ պատժի փոխարեն նրան շնորհներ արեց։
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Հոգևոր-մշակութային