Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԼՌՈՂ ԳՆԴԱԿՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ…



ՉԼՌՈՂ ԳՆԴԱԿՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ…Արցախ Բունիաթյան. Արցախյան պատերազմի հերոս բժիշկ-վիրաբույժը պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալների կազմում բյուրավոր կյանքեր է փրկել, բուժել կռվում վիրավորված զինվորականների և քաղաքացիական անձանց վերքերը…: Բացի վիրաբույժի իր պարտականություններից, նաև ծնունդներ էր ընդունում… Բայց այսքանով էլ չի սահմանափակվում նրա կատարած հսկայական ծառայությունը. հենց վայր էր դնում բժշկի նշտարը, ձեռքն էր առնում գրիչը: Պատերազմական գործողությունների մասնակից զինվորականներից բազմիցս եմ լսել, թե ինչպես է Արցախ Բունիաթյանը մոտեցել իր նոթատետրով ու գրչով, հարցեր է տվել, գրառումներ արել: Պատերազմական տարիների հսկայածավալ վավերագրություն է պահպանվել նրա շնորհիվ: Եվ այդ բոլոր վկայությունները մեզ են հասել հազվագյուտ մարդու, անմնացորդ նվիրյալի հուշագրությունների արդյունքում ծնված օրագիր-գրքերի տեսքով: Իսկ դրանք թերթիկ առ թերթիկ հավաքելու, տպագրության պատրաստելու աշխատանքներն իրականացրել է նրա յուրահատուկ ճակատագրի հավատարիմ «զինակից ընկերը»՝ բժշկի կինը՝ գրականագետ Սոնա Հովեյան Բունիաթյանը: 

 

Նախախնամության հոգատար ձեռքը

 

Նրանց հանդիպումը նախասահմանված էր, ինչպես ամեն ինչ, որ հետագայում ծառայելու է մի մեծ գործի…

…1965թ. մի սովորական առավոտ էր, երբ Սոնան՝ իր երկու ընկերուհիների, Դալտոնն էլ՝ երկու ընկերների հետ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Հանրային գրադարանին կից «Ղուկասյանի» այգում նստած պատրաստվում էին տարեվերջյան քննություններին: Երիտասարդները էլի էին տեսել աղջիկներին: Տղաներից մեկը՝ ամենահամարձակը, մոտեցավ ու հետաքրքրվեց. «Բարի օր, աղջիկնե՛ր, ի՞նչ եք պարապում»: Սոնան սովորում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսում, Դալտոնը՝ բժշկական համալսարանի ավարտական կուրսում: Կիրթ, հետաքրքիր տղաների հետ զրույցը վերածվեց ընկերության: Գեղեցկուհի Սոնային առաջին իսկ հանդիպումից հուզեցին տղայի՝ թավ հոնքերի տակից փայլող սև, աննկարագրելի բարի աչքերը: Հիացրին նրա խորը գիտելիքները գրականությունից, հայոց պատմության, հայտնի մարդկանց գործերի յուրօրինակ վերլուծությունները: Զարմացրեց, թե ի՜նչ կրքոտ ըմբոստությամբ էր խոսում ԼՂՀ՝ Ադրբեջանի կազմում գտնվելու պատմական անարդարության մասին:

Ինստիտուտն ավարտելուց հետո Դալտոնը Ղազախստանում նշանակում ստացավ, մի քանի տարի այնտեղ աշխատեց՝ որպես վիրաբույժ:  Երբ վերադարձավ, ընկերությունը վերականգնվեց: Շուտով աղջկան սկսեցին այս ու այն կողմից հարցերով նեղել. ինչո՞ւ չեն ամուսնանում: Սոնայի սրտում ևս կասկածներ առաջացան. գուցե ընդամենը սիրախա՞ղ է սա… Մի օր իր կասկածներն ուղղակի հայտնեց երիտասարդին: Մի քիչ նեղացավ տղան. «Ինչե՞ր ես մտածում իմ մասին…»: Այդ օրը իրար հրաժեշտ տվեցին՝ փոթորկված սրտերով… Երկու օր անց պատահածը ստիպեց, որ նրանք հավատան ճակատագրին: Այդ օրը Սոնան սովորականի պես տրամվայով Բաղրամյան փողոցով իջնում էր իր աշխատավայրը՝ «Արմենպրես»: Դալտոնն էլ մեկ այլ տրամվայով ինչ-որ տեղ էր գնում: Ճանապարհին հանկարծ ինչ-որ խափանման պատճառով երկու հանդիպակաց ընթացող տրամվայները իներցիայով եկան, սահելով մոտեցան իրար ու կանգնեցին զուգահեռ… Բաց պատուհանների մոտ նստած երիտասարդները հավասարվեցին, զարմանքից մի պահ քարացան… հետո ժպտացին իրար ու արագ իջան տրամվայներից: Հենց նույն օրը Դալտոնը Սոնայենց տուն եկավ. խնդրեց աղջկա ձեռքը:

Միմյանց նվիրված երիտասարդներին շա՜տ դժվարություններ էին սպասում, բայց երբեք չէին զղջալու միասին ապրած և ոչ մի օրվա համար…

Ընտանիքում երեք աղջիկ ծնվեց. հայրիկի երեք ուրախությունները: «Շատ քնքուշ հայր էր, ռոմանտիկ ամուսին,- հիշում է տիկին Սոնան:- Հոգնած աշխատանքից գալիս էի տուն, տեսնում էի մեծ դույլով լիքը ծաղիկներ… Հոգնությունս մի ակնթարթում անցնում էր: Երբ հանկարծ մի թեթև վիճաբանություն էր լինում, կանչում էր իր մոտ, թվում էր՝ երեխաներից գաղտնի մի բան ունի հայտնելու: Ականջիս շշնջում էր. «Գիտես չէ՞, քեզ ինչքա՜ն եմ սիրում…»: Բոլոր հարցերը երկրորդական էին դառնում…»:

Դալտոնի ծնողների հանդիպումը նույնպես ճակատագրական է եղել. արմատներով աշտարակցի հայրը գնացել է Արցախ՝ որպես դպրոցի տնօրեն, այնտեղ էլ հանդիպել է մորը, որը նույն դպրոցում ուսուցչուհի էր: Արցախ Բունիաթյանն իր գրքերից մեկն ընծայել է ծնողներին՝ «Նվիրում եմ ծնողներիս, որոնք Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման յուրահատուկ մի խորհրդանիշ են» բնաբանով:

«Գրել սկսել է մանկուց,- պատմում է տիկին Սոնան,- օրագրեր էր պահում: Հետագայում էլ, կարող է ինչ-որ խնջույքի ժամանակ բացեր անձեռոցիկն ու մի բան գրեր վրան. հոքուների ու թանկաների նման փոքրիկ քառատողեր էին ստացվում»:

«Իսկ ինչո՞ւ հենց Դալտոն տարօրինակ անունն են ընտրել»,- հարցնում եմ տիկին Սոնային: «Մի ժամանակ օտար անուններ դնելու սովորություն կար՝ Վիոլետա, Ջուլիետա, Վովա և այսպես էլ՝ «յուրահատուկ» նրա անունը` գիտնական  Դալտոնի անունով»: Եվ մի օր էլ բժիշկ Բունիաթյանը գտնում է իր համար անչափ խորթ այդ անունից ազատվելու հնարը: 1989թ. մի օր ընկերներին հրավիրում է Էջմիածին՝ կնունքի: Եկեղեցական ծեսով ընդունում է իր նախընտրած Արցախ անունը:

ՉԼՌՈՂ ԳՆԴԱԿՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ…Արցախ Բունիաթյանը ոչ միայն անվանի վիրաբույժ էր, այլ նաև պրակտիկ հոգեբան. Լենինգրադում մասնագիտացել էր հիպնոսի գծով:  Պատերազմի տարիներին  էլ նրան հաճախ են կանչել հոգեբանական ցնցումներ կրած մարդկանց մոտ: Նրան հաջողվել է շատերին հիպնոսով բուժել տարբեր հիվանդություններից: Տիկին Սոնան այս առթիվ էլի մի հետաքրքիր դեպք հիշեց. «Մի կին շնից վախեցել էր, տնից բացարձակապես դուրս չէր գալիս: Բժշկի մի քանի սեանսից  հետո միանգամայն լավ էր զգացել: Ամուսնու հետ նվերով եկան մեր տուն: Հյուրասիրեցինք, բարի ճանապարհ մաղթեցինք, գնացին: Քիչ անց ամուսնու հետ լեղապատառ ետ եկան. էլի մի շուն էր հարձակվել կնոջ վրա: Դարձավ անեկդոտ»,- ծիծաղում է տիկին Սոնան:

«Հիպնոսը վիրաբուժության մեջ» թեմայով գրած իր աշխատությունը թարգմանեց ռուսերեն. այն ժամանակ այդպես էր կարգը, սակայն չէր հասցնելու պաշտպանել…

 

Պատերազմն ու «Թիկունքի զինվորները»

 

Պատերազմը դառնալու էր այս ընտանիքի լիիրավ անդամը… 1992թ. Ղարաբաղում վիրաբույժների մեծ կարիք կար:  Առաջին իսկ խմբի հետ բժիշկն Արցախ մեկնեց: Առաքելությունն ավարտելուց հետո մեծ մարդասերը մյուսների հետ չէր վերադարձել: Նրան վիճակված էր այնտեղ մնալ և դեռ շատ ու շատ կյանքեր փրկել: Նա դաշտային հոսպիտալներում և նկուղային հիվանդանոցներում մնաց մինչև 1995թ.: Սոնան՝ նրա հոգատար, մարդասեր, նրբազգաց կինն, իհարկե, ընդունելու էր ամուսնու ընտրությունը՝ որպես կյանքի իրողություն. բժիշկն ավելի շատ Արցախում էր լինելու, քան տանը: Իր ընտանիքն անվանելու էր՝ «Իմ թիկունքի զինվորներ…»:

Սոնան անհամբեր սպասում էր մարտական գործողությունների կիզակետերից նրա ուղարկած նամակ-վկայություններին, հուշագրություններին: Սկզբնական շրջանում մեծ անհամբերությամբ, դողացող ձեռքերով էր բացում նամակը, ընթերցում: Հետո արդեն անցնում էր բանասերի ու Արցախի «զինակից ընկերոջ» իր պարտականությանը: Տպում էր, խմբագրում, սրբագրում ու հանձնում տպագրության. հոգեմաշ մի գործընթաց, որի ժամանակ ստիպված էր լինում մի քանի անգամ վերընթերցել պատերազմի իրական արհավիրքների, սարսափների նկարագրությունները:

«Լինում էր՝ երկար ժամանակ լուր չէի ունենում: Նեղանում էի,- ասում է տիկին Սոնան,- մի զանգ, մի նամակ, մի թուղթ գոնե ուղարկեր, որ ողջ է: Երբ հաջողվում էր կապ հաստատել, քնքշանքով ասում էր. «Երբ ինձնից լուր չես ունենում, դուրս արի պատշգամբ, նայի՛ր լուսնին. ես դրա վրա քեզ միշտ նամակ եմ թողնում…»:

Մարտակերտը նոր էր ազատագրվել: Լուրեր հասան մեզ, որ նրանց հոսպիտալը ռմբակոծվել է: Իրենցից ոչ մի լուր: Անհանգիստ էի:  Այնպես ստացվեց, որ հենց մեր բակից Կիմ Բալայանի հայրը կնոջ հետ պետք է գնար Մարտակերտ: Սա պարզապես նվեր էր ինձ համար: Գնացինք միասին, որ իմ աչքով տեսնեմ վիճակը ռմբակոծությունից հետո, համոզվեմ, որ ամուսինս ողջ է: Ոտքն էր թեթև վնասվել, ուրիշ ոչինչ: Երբ տեսա, թե ինչ իրավիճակ էր, շատ ամաչեցի, նոր միայն հասկացա, որ չէր կարելի նրանից նեղանալ: Շրջում էինք ազատագրված Մարտակերտով: Ամենուր տան փլատակներ էին. հետաքրքիր մի հանդարտություն. վայրի, հրաշալի վարդերի թփերը փարթամ ու գեղեցիկ մնացել էին փլված տների կողքին… Արցախն ինձ ամեն օր թարմ վարդեր էր նվիրում»:

Կոչումով բժշկի, ազատամարտի նվիրյալի, մեծ ու բարի մարդու՝ Արցախ Բունիաթյանի մասին շատ վկայություններ են հասել տիկին Սոնային: Բուժանձնակազմից պատմել են, թե ինչպես էին երբեմն Հայաստանից հիվանդներ գալիս Արցախի մոտ. «Բժի՛շկ ջան, չեմ կարող այդքան գումար տալ, պետք է դու վիրահատես»: Չէր մերժում: Մի անգամ վիրահատությունից հետո բուժվածը շնորհակալություն էր հայտնել ու ասել. «Բժի՛շկ ջան, վերջապես ազատվեցի այս հիվանդությունից, ահա տասը տարի է՝ տանջվում էի: Շնորհակալ եմ: Բայց երեխաներս տանը սոված են, ի՞նչ պիտի անեմ…»: Արցախը նրան գումար է տվել. «Տա՛ր, երեխաներիդ կերակրի՛ր»: Պատմել են, որ դաշտային հոսպիտալում բոլորը պետք է ուտեին, վերջացնեին, նոր միայն ինքը ուտելիքին մոտենար:

…Հատկապես թեժ մարտերից հետո բժիշկը հաճախ ստիպված էր երկու վիրահատասեղանի մեջտեղում կանգնել ու միաժամանակ երկու վիրահատություն կատարել. ամեն վայրկյանը կյանք արժեր…

Ասում էին, որ հիվանդանոց զանգեր էին գալիս տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերից: Կարգին մեքենա էլ չկար: Հաճախ բենզինը չէր հերիքում մինչև հիվանդին հասնելը: Պատահում էր՝ ճանապարհի մի մասը ոտքով էին անցնում: Կա՛մ հիվանդին իրենց հետ բերում էին հիվանդանոց, կա՛մ բժշկական անհրաժեշտ միջամտությունը տեղում անելուց հետո կրկին նույն դժվարություններով, նույն խարխուլ ավտոմեքենայով դեպի տուն՝ Լաչին:

Մի օր լուր է հասնում, որ մոտակա գյուղում ծննդկան կա, ուր որ է՝ ծննդաբերելու է: Միակ բժիշկը տարածքում Արցախն էր: Կիսավեր մի գյուղ էր, մեքենայով գնում, վերցնում են ծննդկանին և ճանապարհվում դեպի հոսպիտալ: Մի ամբողջ տրագիկոմիկ պատմություն է դառնում: Հենց սկսվում են ծննդկանի ցավերը, դուրս են բերում մեքենայից, բայց ցավերն անցնում են՝ էլի մեքենայի մեջ են տեղափոխում: Ու այսպես մի քանի անգամ: Հերթական ցավերի ժամանակ, երբ դուրս են բերում՝ վստահ, որ այս անգամ հաստատ ծննդաբերում է, հորդառատ անձրև է սկսվում: Ղարաբաղցի բուժքույրը գոչում է. «Վա՜յ, էնա ծնվում էր, էն էլ անձրևը խանգարեց…»: Այսպես բերում-հասցնում են հիվանդանոց: Ի վերջո, ծննդաբերում է կինը, և աղջիկ երեխայի անունը դնում են Արցախուհի՝ ի պատիվ ծնունդն ընդունած Արցախ Բունիաթյանի:

ՉԼՌՈՂ ԳՆԴԱԿՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ…Երբ Արցախ Բունիաթյանը նշանակվեց Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, կարևոր մի սկզբունք ուներ. նորածինները միայն հայկական անուններ պետք է ստանային: Անգամ հատուկ հայկական անունների ցուցակ էր կազմել ու փակցրել հիվանդանոցում՝ ծնողների ընտրությունը հեշտացնելու համար:

…1995թ. Արցախ Բունիաթյանը վերադարձել էր Աբովյան, սակայն մեկ տարի չանցած՝ նրան հայտնեցին, որ Բերձորում հիվանդանոց են բացել, և նա գլխավոր բժիշկն է լինելու: Սկզբում չէր համաձայնել: Ասել էին, որ ընկերները շատ են սպասում իրեն, ուզում են տեսնել: Երբ մեկնեց Բերձոր, իմացավ, որ նշանակման հրամանն արդեն գրված է: Այդպես նա մնաց Բերձորում՝ այնտեղ տեղափոխելով նաև ընտանիքը: 1996-2008թթ. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր: Անցյալ տարվանից Բերձորի՝ լիովին հիմնանորոգված հիվանդանոցը, որի հիմքերը դրեց բժիշկը, կրում է Արցախ Բունիաթյանի անունը: 2016թ. նրան Բերձորի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց: 2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ էր: Բժիշկն ակտիվորեն մասնակցել է Արամ Մանուկյանի շիրմի խաչքարի տեղադրմանը, Նժդեհի աճյունի տեղափոխման և հայրենիքում ամփոփելու պատմական գործողությանը:

Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկան կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Սիրելի բժիշկն ու մեծ մարդը կյանքից հեռացավ  2012 թ. հուլիսի 18-ին: Նրա աճյունը հանգչում է Եռաբլուրում՝ մարտական ընկերների կողքին: Հայրենանվեր գործունեության համար Արցախ Բունիաթյանը ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: ԼՂՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Վաստակավոր բժշկի կոչում: Սակայն ո՛չ կոչումը, ո՛չ պաշտոնը չփոխեցին նրան. մնաց հավատարիմ իր և ընկերների դավանած գաղափարին…

Մեր զրույցի պահին տիկին Սոնան Բերձորում էր: Նրա հետ մեր հարցազրույցն էլ Երևան-Բերձոր կապ էր՝ հերոսական տարածքի, մարդկանց հետ  կենսական, հոգեպարար, սնուցող մի կապ…

Երբ ձեռքս առա այս զարմանահրաշ մարդու՝ Արցախի նամակները, հասկացա, որ նրան նվիրված այս շատ հակիրճ պատմությունը պետք է լրացնել դրանցից քաղված մի քանի դրվագներով:

 

Նամակներ ռազմաճակատից

 

«Բարև, Սոնա ջան

Տղաները վերադառնում են, հնարավորություն է առաջանում նրանց միջոցով լուր ուղարկելու: Չեմ ցանկանում գրել արդեն սովորական դարձած թնդանոթային «երաժշտության» մասին: Այստեղ ուշացած գարունը լիիրավ մտնում է իր դերի մեջ: Ծաղկած ծառեր, ամբողջ կոկորդով երգող թռչուններ: Անհանգիստ, տագնապալի մարդիկ… Ի վիճակի չեմ եղել գնալու Մոխրաթաղ. գյուղում Թալիշի կռիվներում զոհված Գարիկ Պողոսյանի թաղումն էր: Հերոս մի տղա, որը շատ մեծ արժեք ուներ այս պայքարում: Ծանր էր. մեկ ամիս առաջ էր նշանվել…»:

♦♦♦

«Բարև, Սոնա ջան

Ղարաբաղյան գարուն է: Բնությունն ընդարձակվում է Մռավի  գագաթի ձյան նոսրացման հետ: Իսկ մենք, գարունը մեր մեջ տեղավորած, ընդարձակում ենք մեզանից բռնի խլված, նեղացրած մեր տարածքները: Արդեն Քելբաջարի ուղղությամբ հաջողությունները առկա են. յուրաքանչյուր առաջընթաց արյունով է թաթախված: Ինչպիսի՜ տղաներ են զոհվում… Բայց ազատված Հողի, Հայրենիքի հմայքը տիեզերական, աննկարագրելի հասկացություն է… Շուտով, շուտով մենք կանցնենք խաղաղ կյանքի: Հոգնել են մեր մարտիկները, շա՜տ են հոգնել… Հիմա, երբ հանգիստ է այստեղ, թաքստոցներից դուրս եկան, շատերն են շտապելու այստեղ հերոսանալու կամ հաղթանակի արդյունքները վայելելու: Այդպես է կյանքը… բայց հողն իր հիշողությունն ունի և գիտի, թե ովքեր են եղել իր նեղության ժամանակ իրեն չլքած զավակները… Դա ամենամեծ պարգևն է՝ մնալ հողի, հայրենի հողի հիշողության մեջ…

Համբուրիր դուստրերիս, որոնց անսահման կարոտել եմ: Շուտով կտեսնեմ ձեզ և հույս ունեմ ավելի կարճ ճանապարհով կվերադառնամ՝ Քելբաջարով:

Ամուր պահեք ձեզ… Համբույրներս բոլորին… Ձեր Հայրիկ:

30.03.1993թ. Դրմբոն»:

♦♦♦

…«…Դիակներ, վիրավորներ… Եվ հաճախ թվում էր, թե հոգուս մեջ մի յուրօրինա՜կ գերեզմանոց և հիվանդանոց էր ստեղծվել: Ուստի, ներող կլինես, որ փոխանակ քո և դուստրերիս մասին գրելու, գրում եմ այստեղի մասին, իմ մասին, բայց չէ՞ որ դուք էլ ինձ հետ այստեղ եք: Եվ վերջապես, ինչի՞ մասին կարող է գրել նավաստին, որ ծովում է, եթե ոչ ծովի մասին: Կամ նա, ով տեսնում է մահ, վիրավորում…»:

Համբուրում եմ Լիլիթիս, Սիրանույշիս, Լիանայիս:

Ձեր հայրիկ:

27.06.1993թ.:

♦♦♦

Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում Արցախյան ազատամարտի և նրա մասնակիցների մասին Արցախ Բունիաթյանի «Արյունոտ օրեր»-ի 7 հատորները, որոնք լույս տեսան 2000-2011թթ. և դրանց շարունակությունը՝ «Հուշագրություն»-ը՝ 2014 թվականին:

 

Հատված «Արյունոտ օրեր» գրքից

«…Պատերազմ էր … Ես վիրաբույժ եմ: Պատերազմի դաշտում նման էի այն հորը, որն իր որդիների հետ կռվի դաշտ էր եկել` իր հողը, հայրենիքը պաշտպանելու… Եվ յուրաքանչյուր պահի բերում էին իմ զավակներին` վիրավոր, նահատակված… Դժվար էր… Պատառիկներ եմ գրի առել այն ամենից, ինչ տեսել եմ… Ապրումներս դարձան իմ հրդեհվող խորքը… Չգիտեմ` ինչքանով եմ կատարել իմ պարտքը, բայց ձեռքումս այդ ժամանակ նշտարի հետ գրիչն էլ էր շիկացած … Չեմ կարող ճշտությամբ նշել, թե քանիսի մարմնի վրա է իմ և իմ ընկերների նշտարը իր հետքը թողել… Դա գիր է մեր` հայերիս մղած ազատագրական պատերազմի, ականջներումս երբեք չլռող, սուրացող ու սվվացող գնդակների երաժշտության մասին …»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


04/06/2020