ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴՈՒՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարզաբանում է, թե ինչպես պետք է ուսումնասիրել զինծառայողի անհատական առանձնահատկությունները:
– Պարո՛ն Մարգարյան, թե՛ խաղաղ եւ թե՛ հատկապես մարտական իրադրություններում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն արդյունավետ կառավարելու համար սպան պետք է գոնե տեղյակ լինի հոգեբանության հիմունքներին: Բայց ինչի՞ց սկսել մարդու ուսումնասիրությունը, ո՞ր առանձնահատկություններից:
-Այդ հարցին պատասխանելու համար պետք է իմանալ, որ անձի հոգեկան կառուցվածքը բաղկացած է ինչպես համեմատաբար կայուն, անփոփոխ, էական, այնպես էլ ըստ իրավիճակի փոփոխվող, երկրորդական հատկություններից: Տրամաբանական է անձի ուսումնասիրությունը սկսել առաջինից:
– Կարո՞ղ էիք անձի գլխավոր ու երկրորդական հատկությունների օրինակ բերել:
– Օրինակ` մարդու այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է գիշերվա ժամերին մտավոր աշխատանքի մեծ արդյունավետությունը, խիստ անհատական է, սակայն` երկրորդական, եւ էապես չի ազդում զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարման վրա: Իհարկե, երբեմն նաեւ մի ոչ էական գիծ որոշակի պայմաններում կարող է որոշիչ դեր խաղալ եւ զգալի կերպով ազդել զինծառայողի գործողությունների վրա (օրինակ` ջրից վախենալը դժվարացնում է ջրային արգելքների հաղթահարումը): Այն կարող է առաջին պլան մղվել կոնկրետ դեպքերում եւ միայն այդ պարագայում իր վրա ուշադրություն սեւեռել: Իհարկե, սա չի նշանակում, թե սպան զինվորի ընդհանուր բնութագիրը կազմելիս պետք է հաշվի չառնի այդ առանձնահատկությունը, որովհետեւ կոնկրետ խնդրի կատարման դեպքում այդ առանձնահատկությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ: Իսկ անձի հոգեկան կայուն հատկության օրինակ են պատվախնդրությունը, պրագմատիզմը, լավատեսությունը կամ հոռետեսությունը, տոկունությունը եւ այլն:
– Իսկ ինչպե՞ս եք որոշում` անձի տվյալ հոգեկան հատկությունը գլխավո՞ր է, թե՞ երկրորդական: Դուք, իհարկե, նշեցիք սկզբունքը` հատկության հարաբերական կայունությունը, բայց համաձայնեք, որ ոչ մասնագետի համար դժվար է գործնականում կողմնորոշվել, թե ո՞րն է կայունը:
– Անձի մշտապես եւ առավել կայուն դրսեւորվող հատկություններն են ուղղվածությունը, խառնվածքը, բնավորությունը եւ ընդունակությունները:
– Խնդրեմ, առանձին-առանձին բացատրեք այդ տերմիններից յուրաքանչյուրի իմաստը:
– Ուղղվածությունը անձնավորության բարդ հատկություն է: Այն ներառում է մարդու ակտիվությունը, նրա հարաբերությունների ընտրողականությունը որոշող մղումների համակարգը: Զինծառայողի անձի ուղղվածությունից է կախված, թե ինչպես է նա ծառայում, ինչպես է վերաբերվում զինվորական պարտքի կատարմանը: Անձնավորության ուղղվածության տարրերն են` շարժառիթները (պահանջմունքները, հետաքրքրությունները, իդեալները, աշխարհայացքը), նպատակները, հեռանկարները եւ դիրքորոշումները:
– Ինչո՞ւ է կոչվում «ուղղվածություն»:
– Որովհետեւ բնութագրում է մարդու մղումների, գործողությունների ուղղությունը, նպատակը: Չէ՞ որ շարժառիթներն են մարդուն դրդում որոշակի նպատակների առաջադրման եւ դրանց հասնելու գործողությունների: Իսկ մարդու նպատակներն էլ սերտորեն կապված են նրա պահանջմունքների հետ…
– Կներեք, ինչո՞վ են տարբերվում շարժառիթն ու նպատակը:
– Նպատակը ցույց է տալիս, թե մարդ ի՛նչ է ուզում, իսկ շարժառիթը` ինչո՞ւ է ուզում:
– Լավ: Պահանջմունքների մասին էիք խոսում…
– Պահանջմունքը նորմալ կենսագործունեության եւ հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որեւէ երեւույթի, հոգեւոր արժեքի կարիքն է, որը մարդու մեջ առաջ է բերում համապատասխան հոգեվիճակ, հուզական ապրումներ եւ նրան մղում է ակտիվության, նպատակասլաց գործունեության:
– Իսկ ի՞նչ պահանջմունքի հետ է կապված հետաքրքրությունը, ինչո՞ւ է այն համարվում ուղղվածության տարր:
– Հետաքրքրությունը բխում է մարդու ճանաչողական պահանջմունքներից եւ սերտորեն կապված է մեկ այլ շարժառիթի` հակումների հետ: Հակումը անձի ընտրողական մղվածությունն է կոնկրետ գործունեությանը: Դրա հիմքը այս կամ այն գործունեությամբ զբաղվելու` անձի կայուն պահանջմունքն է: Օրինակ` ռազմական տեխնիկայի նկատմամբ մշտական, կայուն հետաքրքրությունը կարող է աստիճանաբար վերաճել հակման: Զինծառայողը ավելի ակտիվ է ուսումնասիրում այդ տեխնիկան, ձգտում է դառնալու իր գործի վարպետը:
– Հետաքրքրությունն ու հակումը բնածի՞ն են, թե՞ ձեռքբերովի:
– Բնածին են, բայց ենթակա են զարգացման: Մարդու մեջ կարելի է հետաքրքրություն արթնացնել, բայց կարելի է եւ ոչնչացնել:
– Լավ, իսկ իդեա՞լն ինչ պահանջմունքի հետ է կապված:
– Իդեալը մտապատկերային կամ պատկերացումային համակարգ է, որում իրենց արտահայտությունն են ստանում անձնավորության բարոյական, գեղագիտական, սոցիալական ընկալումները եւ կատարելության մասին պատկերացումները: Եթե զինծառայողի ձգտումը իդեալին դառնում է նպատակ, ապա դա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը:
– Փաստորեն, մարդն ունի կատարյալ դառնալու պահանջմո՞ւնք:
– Այո՛:
– Եւ ուրեմն` սեփական անկատարության գիտակցո՞ւմ:
– Այո՛, իհարկե:
– Ձեր ասածը երեւի վերաբերում է միայն համեստ մարդկանց:
– Թերեւս համաձայնեմ: Ավելին` իդեալ կարող է ունենալ քիչ թե շատ մտածել սիրող մարդը, նա, ով ձգտում է ձեւավորել սեփական աշխարհայացքը` որպես օբյեկտիվ իրականության եւ հասարակության մեջ ու կոնկրետ կոլեկտիվում իր տեղի վերաբերյալ հայացքների համակարգ: Աշխարհայացքի վրա է հիմնվում զինծառայողի այն համոզմունքը, որ զինվորական պարտքի կատարումն անհրաժեշտություն է: Եթե աշխարհայացքը կայուն է, ապա զինծառայողը ցանկացած առաջադրանքի կատարման համար` լինի դա խաղաղ, թե մարտական իրադրությունում, կգործի անձնուրացաբար:
– ՀՊՊ եւ ԳԴՊ առարկաները երեւի հենց աշխարհայացք ձեւավորելու խնդիր էլ են հետապնդում:
– Բնականաբար:
– Որպես ուղղվածության տարր` նշեցիք նաեւ հեռանկարը: Ի՞նչ նկատի ունեք:
– Հեռանկարը նպատակ է, որն իր իրականացման ռեալությամբ (իրատեսականությամբ) գրավում է մարդու ուշադրությունը եւ նրան մղում է գործունեության:
– Այսինքն` կարեւոր է զինծառայողին համոզելը, որ իր առջեւ դրված նպատակն իրական է:
– Անպայման: Միայն այդ դեպքում է հնարավոր նրա մեջ ձեւավորել գործի հանդեպ դրական դիրքորոշում:
– Այսինքն:
– Դիրքորոշումը անձնավորության ներքին կողմնորոշումն է, պատրաստությունն է որեւէ ձեւի ակտիվության դրսեւորման: Դիրքորոշումը ուղղվածություն է հաղորդում մարդու գործունեությանը եւ կարող է ազդել դրա արդյունավետության վրա. օրինակ, եթե զինծառայողն ունի ուսումնասիրվող նյութը հիշելու կայուն դիրքորոշում, ապա նա ավելի լիարժեքորեն եւ հիմնովին է յուրացնում տեղեկույթը, քան այն զինծառայողը, որը չունի այդ ներքին մղումը: Պետք է հաշվի առնել, որ դիրքորոշումները կարող են ունենալ նաեւ բացասական ներգործություն:
– Այլ կերպ ասած` դիրքորոշումը զինծառայողի` ինչ-որ բան անելու կամ չանելու ցանկությունն է:
– Այո՛:
– Շնորհակալություն, պարոն Մարգարյան, մեր զրույցը կշարունակենք անձի խառնվածքի, բնավորության եւ ընդունակությունների շուրջ:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական