ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ԳԱԼԻՔԻ ՀԱՄԱՐ
Դուռը բացում են դպրոցահասակ Նարեկն ու քույրը՝ Թամարան։ Նրանք սիրով ներս են հրավիրում։ Առաջին անգամ տուն ոտք դրած մարդը զգում է, որ այս օջախի դուռը միշտ բաց է եղել այցելուների, հյուրերի առջեւ։ Իմանալով այցիս նպատակը` Թամարան զանգահարում է ծնողներին։
-Հայրիկն ու մայրիկը տատիկի հետ գնացել են այգի, շուտով կգան,- ասում է Նարեկն ու քույրիկին տղամարդավարի ասում, որ սուրճ եփի։ Զրույցը բնական է, անկաշկանդ։ Մանկական երեւակայությամբ նրանք պատմում են իրենց հորեղբոր մասին, որին չեն տեսել, սակայն թվում է, թե ամեն օր նրանք հանդիպում են, զրուցում, սիրով լսում հորեղբոր հերոսական պատմությունները։
-Այս տանն է ծնվել հորեղբայրս, այս փողոցում է խաղացել, այստեղ է անցել նրա մանկությունը։ Հիմա մեր փողոցը կոչվում է հորեղբորս անունով,- ասում է Թամարան, ում անվանակոչել են տատի անունով։
-Դպրոցը, որտեղ սովորել է հորեղբայրս, նույնպես նրա անունն է կրում։ Բակում հորեղբորս կիսանդրին է, ու ամեն մի միջոցառում այնտեղ ենք անցկացնում,- քրոջ խոսքն է շարունակում եղբայրը՝ Նարեկը, ու աչքը դարպասին` ասում.
-Տատիկը, հայրիկն ու մայրիկը եկան։
Եվ Արարատյան դաշտավայրի աշնանային այդ օրը իր հիշողություններով, իր ներկայով ոգեկոչում է մի անուն, մի անհատ, ով իր երիտասարդ կյանքը գիտակցաբար նվիրեց հայրենիքին…
ԾՆՈՒՆԴ
…Ռուբեն Վաչիկի Եղոյան։ Ծնվել է 1960 թվականի ապրիլի 20-ին, Արմավիր քաղաքում։ Ընտանիքի առաջնեկն է։ Հետո ծնվեցին եղբայրները՝ Հայկազը, Հովիկը, քույրը՝ Ջուլիետան։ Այս ընտանիքի ամեն մի անդամ իր ապրած կյանքով հարստացրեց այս գերդաստանի կենսագրությունը, որն ի վերջո միաձուլվում է հայրենիքի պատմությանը։ Երեք եղբայրներն էլ մասնակցել են Արցախյան գոյամարտին, քույրը, որն այդ տարիներին ուսանողուհի էր, եղբայրների խորհրդատուն էր ու ոգեշնչողը։ Եղոյան ընտանիքի հայրենասիրությունը միգուցե սկսվում է Խնուսցի Կոստան պապից, որը եղբոր հետ անցել էր գաղթի ճամփաներով ու երբ ծառայության էր անցել Զորավար Անդրանիկի մոտ, 12-ամյա տղան ամեն անգամ իր բաժին հացի կեսը հասցրել էր 8-ամյա եղբորը։ Դա նկատել էր Զորավարը եւ պատվիրել, որ եղբորն էլ վերցնի իր մոտ։ Այսպես փրկվել էին գաղթական տղաները։ ՈՒ մինչ դպրոց գնալը Ռուբիկը ծալապատիկ նստում էր ու խնդրում պապին պատմել Զորավարից, անցած-գնացած օրերից…
…1966թ., սեպտեմբերի մեկ։ Դպրոցի բակը լեփ-լեցուն է։ Հետո բոլորը ներս են գնում ու բակում մնում է մի 6-ամյա տղա։ Մնում է այնքան, մինչեւ դասերն ավարտվում են, ու աշակերտների հետ տուն է գնում նաեւ տղան։ Հաջորդ օրը կրկնվում է նույնը։ Այսպես մեկ ամիս։ Դա նկատում է դպրոցի տնօրեն Կարապետյանը եւ տղայի ձեռքից բռնած` մտնում է դպրոց։
-Ընկեր Կարապետյան, այս տղան 6 տարեկան է, մենք 8 տարեկանից ենք ընդունում,- ասել է դասվարը։
-Տղան դպրոց է ուզում, թող նստի, կիսամյակի ավարտին կտեսնենք,- ասում է տնօրենը։
Երկու ամիս անց ծնողական ժողովին դասվար Մանուկյանը երկար խոսում է փոքրիկ տղայի մասին։ Գովեստի խոսքեր ասում ու մատյանում գրում անունը։
Դա Ռուբեն Վաչիկի Եղոյանն էր, որը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտեց նաև ինստիտուտին կից իրավագիտական ֆակուլտետը։ Հետո մեկնեց ծառայության եւ երեք ամիս անց ստացավ լեյտենանտի կոչում։ Այնուհետեւ աշխատանքի ընդունվեց Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիրի մարզ) հաստոցաշինական գործարանում։ Գործարանում աշխատած տարիներին կատարեց մի շարք նորարարություններ։ Շուտով նշանակվեց գործարանի տնօրենի տեղակալ։
Թամարա մայրիկի հետ ներս ենք մտնում որդու սենյակը։ Սեղանին Ռուբիկի մեծադիր լուսանկարն է, նրա ձեռքով պատրաստած եռագույնը։ Անդրանիկի, Նժդեհի, պատմաբան Լեոյի հատորներն ու մասնագիտական գրքերը, նաեւ` Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը` նույնպես նրա ձեռքի գործը։
-Որդիս երազում էր ավիակոնստրուկտոր դառնալ, պարապում էր, որ Մոսկվա մեկնի ուսանելու,- ասում է մայրը,- սակայն ճակատագիրը անմահության այլ ուղի էր նախանշել…
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉԸ
Արցախյան ազատագրական պայքար, երկրաշարժ, փախստականներ…
Հայաստան աշխարհը ծանր կացության մեջ էր, փորձությունների շեմին։ Ռուբիկը կորցրել էր հանգիստը, քուն ու դադար չուներ։ ՀՀՇ-ի լիազոր ներկայացուցիչն էր, առաջինը նստացույց կազմակերպողներից։ Հետո երեք ամիս Սպիտակում էր, քանի՜-քանի՜ կյանք փրկեց՝ Բաքվից, Սումգայիթից, Կիրովականից, Արցախից բռնագաղթած հայրենակիցներին օգնեց ինչով կարող էր։ Նրա գլխավորությամբ ավտոշարասյուններով սննդամթերք, շինանյութ տեղափոխվեց Արցախ… Ընտրվեց 1-ին համագումարի պատգամավոր: Նրա նախընտրական ծրագրով նախատեսվում էր ամրապնդել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ շրջանները, վերականգնել լքված գյուղերը։
Դրությունը գնալով լրջանում էր, եւ Ռուբիկ Եղոյանի նախագծերով մի քանի գործարաններում սկսեցին արտադրել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, որոնք ուղարկվում էին ՀՀ եւ ԼՂ սահմանների պաշտպանության համար։
Արմավիրում առաջին կամավորական ջոկատների հիմնադիրն էր ու հրամանատարը։ Նա իր կամավորական ջոկատի տղաների հետ դուրս եկավ` Հայաստանի (Ճամբարակ, Իջեւան, Նոյեմբերյան, Երասխ) եւ Արցախի (Գետաշեն, Հադրութ, Լաչին, Հաթերք, Մաղավուզ, Վերին Շեն, Չայլու, Լենինավան, Ջրաբերդ, Հակոբ Կամարի, Մարտակերտ) սահմանները պաշտպանելու։ 1992-ի հունիսի 29-ին իր «Արծիվ-13» ջոկատի տղաներով ահեղ մարտի մեջ մտավ Լենինավանի մոտ, եւ մինչ օրս անհայտ մնաց նրանց ճակատագիրը։
Ռուբիկ Եղոյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, ԵԿՄ մեդալով։ Ռաֆայել Սահակյանի «Արծվականչ» եւ «Գիրք վշտի ու հպարտության» գրքերը նվիրված են Ռուբիկ Եղոյանին եւ Արցախյան ազատամարտի մասնակցած անհայտ կորած ու զոհված ազատամարտիկներին։
Ռուբիկից հետո Հայկազ եղբայրը նշանակվեց ջոկատի, այնուետեւ զորամասի հրամանատար եւ շարունակեց եղբոր գործը։ Հովիկ եղբայրը նույնպես իր մասնակցությունն է բերել հայոց ազատագրական պայքարին, իսկ քույրը՝ Ջուլիետան, եղբայրների խորհրդատուն էր ու ոգեշնչողը։
…Աշնանային խաղաղ օրը մոտենում է իր ավարտին։ Հրաժեշտին ուզում եմ գովեստի, մեծարանքի, երախտիքի խոսքեր ասել Թամարա մայրիկին, սակայն նա ինձ կանխում է.
-Շնորհակալ եմ մեր պաշտպանության նախարարությունից, մեր նախարարից։ Սուսաննա անունով մի աղջիկ է աշխատում նախարարությունում, մենք չենք հանդիպել, սակայն երբ նա զանգահարում է, հետաքրքրվում, շատ եմ ուրախանում։ Այնքան բարեհամբույր է, մեղմ ու քնքուշ ձայն ունի։ Հավատացնում եմ՝ որդեկորույս մայրերը, ընտանիքները ամենից շատ ուշադրության, հոգատարության կարիք ունեն։ Եվ փառք Աստծո, որ ստանում են դա։
Հրաժեշտ տալիս ես լուռ խոնարհվում ու համբուրում եմ Ռուբիկ Եղոյան աշխարհ բերած Թամարա մայրիկի հողաբույր ձեռքը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
♦♦♦
Ես էի ճանապարհում ռազմի դաշտ, ես էի ընդունում որդուս, տեսնում էի նրա տառապանքը, ոգեւորությունը։ Ասում էի` որդի՛ս, ամուսնացիր, տարիներն անցնում են։
Պատասխանում էր.
-Անձնականի մասին հետո, մայրիկ ջան, կհասցնենք։
Մի անգամ էլ ասաց.
-Եթե մարդ ծնվում, աշխարհ է գալիս ու իր երկրին մի օգուտ չի տալիս՝ նրա ծնունդը անօգուտ է, իզուր։
Ռուբիկիս այնպես ուրախ, ոգեշնչված չեմ տեսել, ինչպես Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Ուրախ-ուրախ թռչկոտելով տուն մտավ ու դիմեց հորը.
-Հայրի՛կ, անկախությունը եղավ։
-Հետո ի՞նչ պիտի անենք, որդի՛ս,- հարցրեց Վաչիկ հայրը։
-Պետք է պաշտպանենք, հայրի՛կ, հզորացնենք, որ այն լինի հավերժական,- ասաց որդիս։
ՏԻԿԻՆ ԹԱՄԱՐԱ
մայրը
♦♦♦
-Եղբորս անունը տալիս տխրություն, թախիծ է իջնում սրտիս, սակայն հպարտությունը մաքրում-տանում է այն, որովհետեւ այդ հպարտությունը անանձնական է։ Եղբայրս մտածում-գործում էր մեր երկրի, Արցախ աշխարհի հաղթանակի, բարօրության համար։ Նա քաղաքական գործիչ էր ու ռազմագետ, զինվոր էր ու հրամանատար։ Նրա ապրած կյանքը օրինակ է այսօրվա եւ գալիք սերունդների համար։
ՀՈՎԻԿ ԵՂՈՅԱՆ
եղբայրը
♦♦♦
Ամեն օր քնելուց առաջ ես զրուցում եմ եղբորս հետ, ասում` Ռուբիկ, ես սպասում եմ քեզ, քո վերադարձի շուքը աչքերիս մեջ է, քո պատկերը՝ իմ սրտում… Այս հավատն է, որ մեզ այսօր ապրելու, աշխատելու ուժ եւ հնարավորություն է տալիս։ Այս սպասումը եւ հավատը կլինի մեր մեջ, քանի դեռ ապրում ենք։ Շատերին սա գուցե անհասկանալի է, բայց ոչ ոք մեզ չի կարող զրկել սպասելու իրավունքից։ Մենք հավատում ենք հրաշքներին…
ՋՈՒԼԻԵՏԱ ԵՂՈՅԱՆ
քույրը