Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԼԵՎՈՆ ԽՆԳՅԱՆՈՍԻ (ԽՆԿԱՆՈՍԻ) ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1905թ. մայիսի 29-ին Ալաստան գյուղում (Ախալքալաքի շրջան, Ջավախք, Վրաստան):

Լեւոն Խնգյանոսի Դարբինյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի գնդապետ:

1918-1920թթ. ապրել է առողջարանային Բորժոմ քաղաքի մանկատանը:

1921-1924թթ. աշխատել է միլիցիայում: 1924թ. զորակոչվել է Կարմիր բանակ: 1927թ. Երեւանում ավարտել է Ա.Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը, 1928թ.՝ Թբիլիսիի անդրկովկասյան հետեւակային դպրոցը, իսկ 1934թ. «Վիստրել» դասընթացները (Մոսկվա): Այնուհետեւ ուսումնառությունը շարունակել է Մ.Վ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Այն ավարտելուց հետո շարունակել է զինծառայությունը բանակում:

1941թ. հունիսից  մասնակցել է Մեծ Հայրենականին: Որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար մարտնչել է Կենտրոնական եւ Հյուսիսարեւմտյան ռազմաճակատներում: Հինգ անգամ վիրավորվել է:

1942թ. ծանր մարտեր է մղել Ուկրաինայում՝ Խարկովի ու Ցիմլյանսկի շրջաններում:

1943թ. դեկտեմբերի 24-ին 69-րդ մեքենայացված բրիգադը Լեւոն Դարբինյանի հրամանատարությամբ, 9-րդ մեքենայացված կորպուսի կազմում, ներգրավվել է 22-րդ եւ 101-րդ հրաձգային կորպուսների ձեռնարկած ճեղքմանը: Հարձակվելով Ռակովիչի-Զաբելոչյե գյուղախմբից աջ՝ գնդապետ Լեւոն Դարբինյանի 69-րդ մեքենայացված բրիգադը հասել է Կոչերովո գյուղ, շրջվել է արեւմուտք եւ 9-րդ մեքենայացված կորպուսի 1-ին էշելոնում Կիեւ-Ժիտոմիր խճուղու երկայնքով հարձակվել է Կորոստիշեւ քաղաքի վրա:

1943թ. դեկտեմբերի 25-ին 69-րդ մեքենայացված բրիգադը Լ.Խ.Դարբինյանի հրամանատարությամբ մարտեր է մղել Ժիտոմիրի մարզի Կորոստիշեւ քաղաքի մատույցներում, գետանցել է Տետերեւը եւ անսպասելիորեն հարձակվել հակառակորդի վրա: Հրամանատարի հմուտ գործողությունների շնորհիվ բրիգադը նվազագույն կորուստներով գրավել է Կորոստիշեւը: Այդ մարտերում ծանր վերքեր ստացած Լ.Խ.Դարբինյանը 1943թ. դեկտեմբերի 28-ին մահացել է:

Հանգչում է Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Կորոստիշեւ քաղաքի զբոսայգում:

1944թ. հունվարի 10-ին գնդապետ Լեւոն Խնգյանոսի Դարբինյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով, մեդալներով:

Ժիտոմիրի մարզի Կորոստիշեւ քաղաքի Հերոսների ծառուղում կանգնեցվել է Լ.Խ.Դարբինյանի կիսանդրին: 1967թ. ապրիլի 20-ին Կորոստիշեւի 2-րդ միջնակարգ դպրոցը (այժմ՝ 1-ին-2-րդ աստիճանի հանրակրթական դպրոց-տեղեկատվական տեխնոլոգիաների լիցեյ-ուսումնակրթական համալիր) կոչվել է Հերոսի անունով:

Խորագիր՝ #23 (1343) 10.06.2020 - 16.06.2020, Պատմության էջերից


11/06/2020