Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (նախագահ Գեղամ Հարությունյան) կազմակերպում է այց ԼՂՀ տարածքում տեղակայված զորամասեր: Ստեփանակերտ հասնելուց հետո նրանց ընդունում է ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Զորամասի մի խումբ զինծառայողներ` Մարզպետ Միրումյանը, Բենիկ Գրիգորյանը, Լավրենտ Հարությունյանը եւ Անդրանիկ Սարգսյանը, մայոր Արմեն Կարապետյանը, տիկին Գոհար Արմենակյանը, բանասիր. գիտ. դոկտոր պրոֆ. Մուշեղ Հովսեփյանը:

Հրամանատարը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց պաշտպանության բանակի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Հարկ ենք համարում ընդգծել, որ գեներալը, չնայած իր բազմազբաղությանը, միշտ ժամանակ է գտնում ներկայացնելու զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները, տեղեկացնելու ռազմաճակատում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին:

Դասախոսները գեներալին նվիրեցին իրենց հրատարակած աշխատությունները: Գրքեր նվիրվել են նաև բոլոր այն զորամասերի գրադարաններին, որտեղ եղել են դասախոսները: Գեներալ Մ. Հակոբյանը հրամանատարական ժամացույցով պարգևատրեց Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Միքայել Հարությունյանին, որը նկարել էր հրամանատարի դիմանկարը: Կտավի հետևում պատանի գեղանկարիչն արել էր հետևյալ մակագրությունը. «Ձեզ են վստահել մեր սահմանները»:

Հանդիպման վերջում հրամանատարը պատասխանեց ներկաների հարցերին:

Առաջին հարցը վերաբերում էր արհեստավարժ բանակ ունենալու խնդրին: Մ. Հակոբյանը պատասխանեց, որ ներկայումս պաշտպանության բանակի անձնակազմի 30%-ը պայմանագրային զինծառայողներ են: Այդ գործընթացը շարունակական է:

Հաջորդ հարցը վերաբերում էր բանակում սպա հոգեբանի անհրաժեշտությանը: Գեներալն ընդունեց, որ բանակում նման մասնագետի կարիք կա, և որոշակի քայլեր են կատարվում այդ ուղղությամբ: Նա նշեց, որ զինծառայողը, երկար ժամանակ մնալով հակառակորդի հետ անմիջական շփման գծում, շատ հաճախ հայտնվում է իր համար անսովոր, դժվարին հոգեկան դրության մեջ, ուստի հոգեբանական բնույթի համապատասխան աշխատանքի կարիք զինվորների շրջանում զգացվում է: Գեներալ Մովսես Հակոբյանը որպես օրինակ վկայակոչեց ԼՂՀ ներկա սերունդը, որը չի պատկերացնում իր գոյությունը օտար պետության` Ադրբեջանի կազմում: Դա Արցախյան ազատամարտի գլխավոր ձեռքբերումներից է:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, ժամը 9-ին, համաձայն վաղօրոք կազմած ծրագրի, դասախոսական անձնակազմը մեկնեց զորամասեր:

Մեր խմբում էին «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը, պատանի գեղանկարիչ Մ. Հարությունյանը, Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սահակյանը:

Առաջինը այցելեցինք գնդապետ Գ. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Հրամանատարի ուղեկցությամբ շրջեցինք զորամասում, ապա տեղի ունեցավ հանդիպում, և անցկացվեց դասախոսություն ստորաբաժանման զինծառայողների հետ:

Ներածական խոսքով ներկաներին դիմեց գնդապետ Գ. Սահակյանը: Նրա ելույթը ավելի շատ մտերմիկ զրույց էր, քան պաշտոնական ելույթ, որը շատ ուրախալի է և ողջունելի: Այդ հանգամանքը «հարկադրեց» մեզ եւս ցուցադրել նման մոտեցում:

Ելույթ ունենալով զինվորների առջև` տիկին Գ. Արմենակյանը նշեց, որ ստորաբաժանումը զինծառայողի տունն է, իսկ տանը, իհարկե, լինում են նաեւ անախորժություններ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դիմել ոչ կանոնադրական քայլերի: Կա հրամանատարություն, որը ի զորու է լուծել առաջացած խնդիրները:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Հովսեփյանի դասախոսությունը նվիրված էր համացանցի տարբեր կայքերում ադրբեջանցիների ծավալած ապատեղեկատվական գործունեությանը, որը նպատակ ունի միջազգային հանրության աչքում սևացնել Արցախյան ազատագրական պատերազմը և հայկական բանակը: Ինչպես օրինակ` այսպես կոչված «Խոջալու» կայքէջը, որտեղ տեղադրված էին 29 իբրեւ թե հայերի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչության «կոտորածի լուսանկարներով»: Հայ մասնագետները ուսումնասիրելով լուսանկարները, կարողացել են բացահայտել ադրբեջանցիների ապատեղեկատվությունը: Կայքում տեղադրված լուսանկարներից 18-ը որևէ կապ չունեին տվյալ բնակավայրի և ադրբեջանցիների հետ ընդհանրապես: Լուսանկարները վերցված էին օտար պատերազմական շրջաններից, ինչպես օրինակ Կոսովոյից:

Հայ մասնագետների` ադրբեջանցի կեղծարարների մերկացումից և հակաքարոզչությունից հետո կայքէջը փակվեց:

Ռ. Սահակյանի դասախոսությունը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1917 թթ.) ծավալված հայ կամավորական շարժմանը և 1915 թ. արևմտահայ ինքնապաշտպանական մարտերին:

Դասախոսության ավարտին կատարվեց զորամասի քայլերգը: Ապա առանձնազրույց ունեցանք զինվորներից մի քանիսի` Ռաֆայել Խաչատրյանի, Սերոբ Հայրապետյանի, Տարոն Ղարիբյանի և Արման Թևոսյանի հետ: Նրանք հիմնականում գոհ էին իրենց ծառայությունից, արձակուրդները տրվում են ժամանակին:

Գնդի հրամանատարի հետ ունեցած առանձնազրույցը մեզ հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց: Գնդապետը մանրամասն ծանոթացրեց զինծառայողների առօրյան, սակայն առավել հետաքրքրականը և ուսանելին նրա աշխատանքային տետրերն էին, որոնցից մի քանիսի բովանդակությանը նա մեզ ծանոթացրեց: Դա Գ. Սահակյանի անձնական գրառումներն են այս կամ այն զինծառայողի բարոյահոգեբանական կերպարի մասին: Նա պարբերաբար զրույցներ է ունենում «դժվար» զինվորների հետ և իր ստացած տպավորություններն ու դիտարկումները գրանցում իր աշխատանքային տետրում:

Գնդապետը մեզ պատմեց նաև մի յուրօրինակ փորձի մասին, որը կատարվել է բանակի հրամանատարի թույլտվությամբ: Նա մեկ օրով զորամասի հրամանատարությունը հանձնել է սերժանտական անձնակազմին և այդ օրն արգելել է սպայական անձնակազմից որևէ մեկին լինել զորամասում: Արդյունքը եղել է սպասվածից ավելին` ծառայությունն ընթացել է իր բնականոն հունով: Սա նշանակում է սերժանատական անձնակազմը հիրավի ընտրվել և ուսուցանվել է համապատասխան հրամանատարական ունակություններ ունեցող երիտասարդներից:

Այս օրինակն ակամա հիշեցնում է իմ ծառայությունը խորհրդային բանակում: Այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարարը Դ. Ֆ. Ուստինովն էր, որը հայտնի էր իր հետևյալ ասույթով. «Ես երկու հրամանատար գիտեմ: Մեկը սերժանտն է, մյուսը` ռազմական օկրուգի հրամանատարը»:

Հաջորդ զորամասում մեզ դիմավորում է մայոր Ա. Կարապետյանը: Մինչ դասախոսությունը շրջեցինք զորամասի տարածքով: Կարող եմ փաստել, որ երկու զորամասերն էլ մաքուր էին, զինվորների արտաքին տեսքը կոկիկ էր և մաքուր, ինչը աչք է շոյում: Երկու զորամասերում էլ գործում էին բաղնիքները: Այս զորամասը ավելի շատ առողջարան էր հիշեցնում` շրջապատված է անտառով:

Զրուցեցինք զինվորների հետ, որոնց թվում էին Մարզպետ Միրումյանը, Բենիկ Գրիգորյանը, Լավրենտ Հարությունյանը և Անդրանիկ Սարգսյանը: Նրանք ևս հիմնականում գոհ էին ծառայությունից, սակայն զրույցի ընթացքում առաջադրեցին մի քանի խնդիր: Այսպես, անհրաժեշտ է` ունենալ ակումբի շենք, սպորտդահլիճ: Հատկապես կարևորվում էր վերջինը, քանի որ կար ամառային, սակայն ձմռանը հնարավոր չի լինում լիարժեք զբաղվել:

Ամփոփենք: Արդեն երկրորդ տարին է, ինչ դասախոսական խմբերով լինում ենք ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում: Այս այցելությունները խիստ կարևոր են ոչ միայն գիտելիքների մատուցման, այլև հոգեբանական տեսակետից: Զինվորը, ինչու չէ, նաև սպան, գործնականում տեսնում է, որ մտավորականությունը ոչ միայն խոսքով, այլև գործնական քայլերով սատար է կանգնում Հայոց բանակին: Զինվորներից և սպաներից շատերը ճանաչում են իրենց դասախոսներին կամ այն գիտնականներին, որոնց տեսել են միայն հեռուստատեսությամբ: Նման դեպքեր հաճախակի են լինում: Լսում ես, թե ինչպես զինվորներից մեկնումեկը հպարտությամբ ասում է, թե` այսինչն իմ դասախոսն է, կամ էլ` ես նրան տեսել եմ հեռուստատեսությամբ, երբ պատմում էր, թե ինչպես է բարձրացել Մասիսի գագաթը: Միանշանակ պետք է գովեստի խոսք ասել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հասցեին, որը պարբերաբար կազմակերպում է նման դասախոսությունները: Այս կերպ է գործնականում իրականացվում հասարակություն-բանակ կապը:

Զինծառայողն ավելի ուշադիր է, երբ դասախոսում է Արցախյան ազատամարտին մասնակցած դասախոսը, որը մասնակցել է այս կամ այն շրջանի ազատագրության մարտերին:

Այժմ ցանկանում եմ ներկայացնել իմ անձնական նկատառումները, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն բանակի համար.

ա) անընդհատ շրջանառվում է տեսակետ, որ բանակին հարկավոր են հոգեբան սպաներ, որոնք զինծառայողների շրջանում կիրականացնեն համապատասխան աշխատանքներ: Մեր կարծիքով, դա ավելորդ է, քանի որ դա նշանակում է հաստիքների ուռճացում: Հոգեբան սպայի աշխատանքը կարող են կատարել բազմափորձ սպաները (ի դեպ` վաղուց կատարում են) և փորձառու սերժանտները:

բ) մասնագետների օգնությամբ կազմել մի պատմական տեղեկանք, որում ներկայացված կլինեն տվյալ մարզի համառոտ պատմությունը, հիշարժան վայրերը, նշանավոր դեմքերը և այլն:

Ընդհանուր առմամբ, սրանք են մեր նկատառումներն ու առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել զինվորների ծառայությունը և կնպաստեն մարտական պատրաստականության բարձրացմանը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու

Զորամասի մի խումբ զինծառայողներ` Մարզպետ Միրումյանը, Բենիկ Գրիգորյանը, Լավրենտ Հարությունյանը եւ Անդրանիկ Սարգսյանը, մայոր Արմեն Կարապետյանը, տիկին Գոհար Արմենակյանը, բանասիր. գիտ. դոկտոր պրոֆ. Մուշեղ Հովսեփյանը:

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Բանակ և հասարակություն


09/11/2011