Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ



ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍԶրույց դաշնակահար ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ

 

-Պիտի խնդրեմ, որ պատմեք Ձեր արմատների, Ձեր մանկության մասին՝ ի՞նչ պատկերներից, հույզերից, ի՞նչ խտացումներից է գոյանում Հայկ Մելիքյանի երաժշտական արվեստը:

-Հայրական արմատներս ձգվում են Արևմտյան Հայաստան` Էսկիշեհիր, իսկ մայրս ծագումով Արցախից է։ Արևմտահայ նախնիներս զրկվել են իրենց հոգևոր և ֆիզիկական հայրենիքից, որը կարող էր անսպառ հոգևոր սնունդ տալ նրանց սերունդներին: Իսկ այ Արցախի` արմատներից չկտրված ծիլերն այսօր ավելի մեծ թափով են զորանում՝ լինի գրող, երաժիշտ, թե մարշալ։ Իմ առաջին դաշնամուրը ժառանգել եմ արցախցի պապիկիցս, մանկությունս հաճախ եմ անցկացրել նրա մոտ, լսել նրա նվագը՝ ժողովրդական գործիքներով: Պապիցս եմ ստացել ամենակարևոր պատգամը՝ ապրել և արարել մեր երկրում և մեր հայրենիքի համար։

-Ձեր ֆեյսբուքյան գրառումները գեղարվեստական խոսքի որակ ունեն, արդյոք Ձեր պապի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի գենե՞րն են խոսում…

-Օ՜, այս հարցը մի այլ իրականություն է տեղափոխում ինձ… մինչ օրս էլ մենք ունենք ընթերցանության ժամեր, երբ պապիկս կարդում է իր բանաստեղծություններն ու հայ դասականներին: Հավաքվում ենք մեծ ու փոքրով, և պապս առանձնահատուկ ներշնչանքով ընթերցում է կամ պատմում իր ընկերների՝ գրողների, արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին։ Սա, վստահաբար, անդրադարձել է գրականության հանդեպ իմ վերաբերմունքի ու լեզվամտածողության վրա։

-Ո՞վ է օգնել, որ կայանա Ձեր և մեղեդու հանդիպումը, Ձեր ընտանիքում երաժիշտներ կայի՞ն:

-Երաժշտության նկատմամբ իմ մեծ հետաքրքրությունն առաջինը արձանագրել է մայրս: Հիշում եմ՝ ինչպես էր շփելով տաքացնում ձեռքերս, ջանք չէր խնայում, որ ինձ համար անհրաժեշտ նոտաներ և գրականություն հայթայթեր ու խավարում ստեղծեր մի այնպիսի էսթետիկ միջավայր, որ ես կարողանամ ազատ ստեղծագործել ու լինել երաժշտության հետ:

-Ովքե՞ր են այն մարդիկ, որո՞նք են այն իրադարձությունները, դեպքերը, դրվագները, որոնք ձևավորել են Հայկ Մելիքյան երաժշտի մարդկային նկարագիրը՝ հոգին, որովհետև արվեստը ծնվում է հոգուց, ասելիքը գոյանում է աշխարհընկալման, արժեքների, հույզերի, առաքինությունների տիրույթում:

-Առաջինը, որ եկավ միտքս, այն մեծ իրադարձությունն էր, երբ պապս գալիս էր Երևան և ինձ տանում մեր ֆիլհարմոնիկի համերգներին՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ։ Դրանք բացառիկ համերգներ էին: Դահլիճում ցուրտ էր, բայց մարդկանց հոգին լի էր ջերմությամբ, իսկ իմ բերկրանքն աննկարագրելի էր: Երաժշտությունն այնքան մոտ էր ինձ: Հիշում եմ, թե այդ աննման դահլիճում նվագելու որքան մեծ ցանկություն էի ունենում

-Ովքե՞ր են եղել Ձեր երաժշտական ուսուցիչները և ի՞նչ դերակատարում են ունեցել Ձեր կյանքում: Առհասարակ, ո՞րն է ուսուցչի առաքելությունը արվեստի բնագավառում, որտեղ կարևոր նախապայմանը տաղանդն է:

-Միանշանակ համամիտ եմ. բարձր արվեստ արարելու նախապայմանը տաղանդն է: Տաղանդն ընդամենը ներուժ է, որը դեռ բացահայտվելու ու իրացվելու կարիք ունի։ Այս առումով, ուսուցչի հանգուցային դերակատարությունն անհերքելի է: Ուսուցիչը պետք է նկատի այն, ինչն  աննշմարելի է հասարակ աչքի համար, օգնի, խթանի, մոտիվացնի… Առաջնորդի այն ճանապարհով, որտեղ արվեստը վայելք է և առաջին հերթին՝ հենց կատարողի համար։

Առաջին քայլերս արել եմ Իրինա Գրիշինսկայայի դասարանում՝ Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում։ Հետագայում ես հանդիպեցի այն մարդուն, որն իմ գաղափարական և մասնագիտական ուղեկիցը դարձավ: Նա իմ Ուսուցիչն էր՝ Ալեքսանդր Գուրգենովը: Մենք միասին ճանապարհ ենք անցել: Եվ այդ ճանապարհն ուներ մի մեծ հավատամք՝ ազնվություն՝ բեմում և բեմից դուրս:

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ-Ձեր միջազգային առաջին բեմելը եղավ Հռոմի «Concerto di Concerti» միջազգային փառատոնում, երբ 20 տարեկան էիք: Որին հաջորդեցին բազմաթիվ մրցույթներ՝ Premio Valentino Bucchi, Ibla Grand Prize, Orleans Concours, Yvar Mikhashoff Trust for New Music և այլն…Դուք հենց սկզբից աշխարհը «նվաճելու» ծրագի՞ր ունեիք…

-Ես երբեք «կարիերային» նկրտումներ չեմ ունեցել. ինձ համար առ այսօր կարևորագույն ուղեցույցը նվագելու ցանկությունն է, իսկ կյանքն ինձ իր տրամաբանությամբ է տանում: Ես ջանում եմ, աշխատում, արդյունքում՝ հանդիպում են մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են, սիրում են իմ արվեստը…

-Ձեզ համարում են աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը: Կա՞ հնարավորություն ապրել, ստեղծագործել Հայաստանում ու դառնալ լավագույններից մեկը աշխարհում, թե՞ ավելի նպատակահարմար է հաստատվել մեծ երկրներում:

-Կյանքում իհարկե ամեն բան իր գինն ունի. ես «վճարել» եմ իմ սկզբունքի համար՝ մնալ և ստեղծագործել իմ երկրում (ես սրտիս յուրաքանչյուր բջիջով եմ զգում «իմ երկիր» ասվածի վեհությունը)։ Հայկ Մելիքյան անվան կողքին պիտի գրված լինի Հայաստան։ Սա ապրելու բանաձև է: Երբ մերժում էի արտերկրից եկող խոստումնալի հրավերները, շատերը ինձ ռոմանտիկ էին համարում, սակայն մտերիմներս ինձ հասկանում էին։ Երբեք և ոչինչ չի համեմատվի այն մեծ բերկրանքի հետ, որ ես զգում եմ երևանյան հանդիսատեսի համար նվագելիս, կամ պարզապես իմ քաղաքի փողոցներով զբոսնելիս։ Հնարավոր է արարել քո երկրում, որի անունը Հայաստան է, ու արարել աշխարհի համար։

-Եվ լինել պահանջված աշխարհի տարբեր ծայրերում: Դուք Ձեր գրառումներում անընդհատ հիշատակում եք հայկական ոգին: Ի՞նչ է այդ ոգին: Առհասարակ, որո՞նք են հայկականության բնորոշիչները:

-Կարող եմ շատ երկար խոսել այս մասին. հայկական ոգին ինձ համար երբեք վերացական հասկացություն չի եղել: Այն իմ պապիկն է՝ իր շվիով: Այն երեկ Ենոքավան գյուղում ճանապարհ հուշող գյուղացի կինն է, որը ինձ իր պատրաստած թանը հյուրասիրեց: Հայկական ոգին մաշտոցյան տաղերն են, որոնց տարիքը հիշելիս փշաքաղվում եմ ակնածանքից: Այն մեր փայլուն աչքերով ջահելներն են, որոնք երբեք բաց չեն թողնում համերգներս… Հայկական ոգին մեր մեջ է ու մեր շուրջ՝ խրոխտ, երբեմն չկողմնորոշված ու էկլեկտիկ, բայց միշտ ազնիվ ու ցասումնալի։

-Կոմիտասի երաժշտությունը վերըմբռնելու կարիք ունի՝ գրում եք Դուք: Որո՞նք են կոմիտասյան ամենախոր հղումները:

-Ես Կոմիտաս եմ կատարել աշխարհի բազմաթիվ բեմերում. հանդիսատեսի արձագանքը միշտ նույնն է եղել: Մեքսիկայից Ճապոնիա՝ մարդիկ զգում են Կոմիտասին, նրա նրբագեղությունը, ցավը, հանճարեղությունը։ Ես միշտ իմ նվագացանկում Կոմիտասին ներառում եմ՝ որպես համամարդկային արժեք: Այս վերըմբռնումը նրան դարձնում է աշխարհինն ու բոլոր ժամանակներինը:

-Այո՛, Կոմիտասը դուրս է ժամանակի ու տարածության չափումներից…

-Ինչպես ամենամեծերը: Նա պատկանում է մարդկությանը Բախի, Մոցարտի և մյուս հանճարների նման:

-Ի՞նչ տեղ ունի Հայկական դասական երաժշտական արվեստը համաշխարհային երաժշտության մեջ:

-Դասականը այն տիրույթն է, որտեղ մեր ազգայինն իսկապես խոսում է աշխարհի լեզվով։ Հայ դասական երաժշտությունը միատարր չէ, ունի ժառանգություն, բազում երանգներ։ Դասական երաժշտությունը մտածողության որոշակի աստիճան է՝ սերում է ժողովրդական կամ հոգևոր երաժշտությունից։ Հայ ժողովրդի այդ երկու ակունքն էլ հարուստ է: Եվ այսօր էլ հայ կոմպոզիտորները ստեղծում են գործեր, որոնք, վստահ եմ, համաշխարհային երաժշտության կարևոր մասն են դառնալու։

-Դուք սիրո խոսքեր եք ձոնում Երևանին, Հայաստանի հետ մեծանում եմ՝ ասում եք: Ինչ-որ կարոտ կա, ինչ-որ անավարտ մղում Ձեր և հայրենիքի փոխհարաբերությունների մեջ…

-Ճիշտ եք նկատել, կա որոշակի անհանգստություն. ես ուզում եմ՝ գալիքին ուղղված հղումները քիչ լինեն, երբ խոսքը մեր հայրենիքի մասին է: Ուզում եմ՝ սիրենք ու զգանք նրա ներկան՝ այն, ինչ ունենք այսօր: Ուզում եմ՝ կատարելագործենք, գեղեցկացնենք, փոխենք, կառուցենք… սիրելով:

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ-Խնդրում եմ պատմել «1900+» համերգաշարի մասին, որը նվիրված է 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: Ո՞րն էր նպատակը, և ի՞նչ արդյունք կա:

-20-րդ դարի երաժշտությանը նվիրված դաշնամուրային մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր դառնալուց հետո իմ նվագացանկի գերակշիռ մասը կազմեց հենց մեր օրերի երաժշտությունը։ Սկսեցի առավել հաճախ անդրադառնալ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին ու բացահայտեցի, որ Երևանում գրեթե չի հնչում ժամանակակից երաժշտություն։ Ես համոզված էի, որ երևանյան հանդիսատեսին միանշանակ կգրավի  դասականի՝ ժամանակակից արտացոլանքը: Ի դեպ, մասնագիտական շրջանակներում գերակշռում էր մտավախությունը, որ հայաստանյան ունկնդիրը պատրաստ չէ ընդունելու ավանգարդ երաժշտությունը։ Արդյունքում՝ ծնվեց միտք՝ Հայաստանում կազմակերպելու մի նախագիծ, որը հնարավորություն կստեղծեր տարբեր ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնելու երևանյան դահլիճներում՝ զուգահեռ խթանելով նաև հայ ստեղծագործողների հանրայնացումը։ Արդյունքում՝ ծնվեց 1900+ համերգաշարը: Ամբողջ կազմակերպչական բեռը ստանձնեց իմ մենեջերը՝ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, որը ներգրավեց Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչներին, նրանց վարակեց այս գաղափարով, սեփական երկրների երաժշտությունը Հայաստանում ներկայացնելու խանդավառությամբ։ Մենք անցած տարի տոնեցինք նախաձեռնության 10-ամյա հոբելյանը՝ ԵՄ պատվիրակության հետ միասին։ Հայաստանում 1900+ -ը  ներկայացրել է ավելի քան հարյուր պրեմիերաներ։ Մենք դեռ ունենք հետաքրքիր գաղափարներ՝ հաջորդ 10 տարիների համար։

-«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գալա համերգ, առցանց բարեգործական համերգ՝ հանուն մանուկների…աշխարհը արվե՞ստն է փրկելու, թե՞ գթասրտությունը:

-Աշխարհը գուցե «փրկելու է» covid-19-ը: Այսինքն՝ մարդասիրությունը, կյանքի վերաիմաստավորումը և գութը՝ իբրև մարդկային կերպարի հանգուցային գիծ։ Եվ արվեստը կլինի գործիքներից մեկը։

-Դուք նվագել եք մոլորակի ամենատարբեր ծայրերում, ազգային պատկանելությունը որևէ դեր խաղո՞ւմ է ընկալելի ու արժանահավատ լինելու առումով:

-Կատարողական արվեստում պրոֆեսիոնալիզմը ազգային և որևէ այլ պատկանելությունից անդին է։

-Որտե՞ղ եք գտել Ձեր ամենալավ լսարանը:

-Հարցը հռետորական է, քանի որ պատասխանն անվիճարկելի է:

-Դուք վերջերս եղել եք Ստեփանակերտում: Ամենամեծ ստեղծագործությունը ազատագրված հողն է՝ ասում էր Վազգեն Սարգսյանը: Ի՞նչ է ազատագրված հողը արվեստագետի համար::

-Ինձ համար  ազատագրումն ու ազատությունը կենսական նշանակություն ունեն։ Արցախում համերգներ եմ նվագել դեռ 1997թ.-ից: Իհարկե, ազատագրված հողը ամենամեծ ստեղծագործությունն է, սակայն ցանկացած ստեղծագործություն, որ «հանձնվել է թղթին», կարիք ունի հնչելու ու սպասում է հանդիսատեսի հրճվանքին. այս իմաստով՝ մեր գործը դեռ անավարտ է:

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ-Առիթ ունեցե՞լ եք շփվելու մեր զինվորական խավի, բանակի, զինվորի հետ:

-90-ականների վերջին և 2000-ականների սկզբին հաճախ եմ հանդես եկել մեր բանակի զինվորների համար։ Չեմ մոռանա հատկապես 2003թ. մենահամերգս Ստեփանակերտի Սպայի տանը, երբ Արցախի ՊՆ-ի կողմից շատ անսպասելիորեն արժանացա պատվոգրի։ Թեև իմ ամենամեծ պարգևը զինվորների համակ ուշադրությունն էր իմ  նվագն ունկնդրելիս և նրանց բուռն արձագանքը՝ համերգի ավարտին։

-Ի՞նչ ապրումներ ունեիք Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի հիշատակի արարողության ժամանակ նվագելիս: Ի՞նչ մեսիջներ էր հղում աշխարհին Ձեր նվագը:

-Ես ուզում էի՝ աշխարհը հասկանա, որ մենք աղերսող չենք, մենք պահանջող ենք, ու բարձրագույն արվեստի միջոցով և՛ սգում ենք, և՛ աշխարհին ասում, որ կանք. «Ես կա՛մ, հա՛յ եմ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապրում ու ստեղծագործում եմ իմ երկրում, իմ երկրի մայրաքաղաքում: Ու իմ ապագան անբեկելի է»։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Հոգևոր-մշակութային


18/06/2020