Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ



ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ1054-1055 թվականներին, թուրք-սելջուկների հայաստանյան առաջին արշավանքի ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց նրանց առաջնորդ Տուղրիլ սուլթանին ու նրա զորավարներին։ Ծրագրերը, որ ամենազոր սուլթանը դրել էր իր առաջ, եւ որոնք հաստատվել էին  վհուկների գուշակությամբ, որոնց խոսք ու պատգամին անվերապահ հավատում էր, չիրականացան. նա չկարողացավ ամբողջովին նվաճել Հայաստանը, ընդհակառակը, Մանազկերտ քաղաքի ամրակուռ պարիսպների տակ, ինչպես եւ Կարսի շրջակայքում ծանր պարտություն կրելով, ստիպված եղավ ամոթահար հեռանալ՝ ճանապարհին հրի ու սրի մատնելով մի քանի անպաշտպան գավառների քրիստոնյա բնակչությանը։ Այս անգամ թուրք-սելջուկը բավականացավ թալանելով, ավերելով ու մարդկանց գերեվարելով։ Քոչվորի՝ նստակյաց դառնալու պատմական ընթացքը դեռեւս շարունակելիության մեջ էր, որովհետեւ նստակյաց միանգամից չեն դառնում, դրա համար երկար ժամանակ ու սերնդափոխություն է հարկավոր։ Բայց ծրագիրը չէր փոխվել, այն առաջնային էր ու հրատապ։ Հայաստանը եւ դրա հետ մեկտեղ նաեւ առաջին իսկ հնարավորության դեպքում, Բյուզանդական կայսրության անծայրածիր տարածքները թե՛ Ասիայում եւ թե՛ Եվրոպայում նվաճելը քոչվորի՝ ուրիշի հողում նստակյաց դառնալու, դարերի ընթացքում դեմք ու դիմագծով փոխվելու ամենակարեւոր նախապայմանն էր։ Եվ այն, ինչ չիրականացրեց Տուղրիլը, պատմականորեն բաժնեգրված էր նրա հաջորդին՝ Ալփ-Արսլան սուլթանին։ Իզուր չէ, որ Տուղրիլը, մահվան մահճին գամված, վերջին շնչում, իր եղբորորդի Ալփ-Արսլանին երդվել է տալիս, որ Մանազկերտում կրած խայտառակ պարտության վրեժը լուծի տասնապատիկ։

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑԱլփ-Արսլան սուլթանը… Պատմության քառուղիներում չափազանց շատ հոլովված մի անձնավորություն, որի մասին անխտիր գրել են ե՛ւ այդ ժամանակի, ե՛ւ հետագա դարերի գրեթե բոլոր հայ մատենագիրները՝ Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռհայեցին, Ստեփանոս Օրբելյանը, Սամվել Անեցին եւ Կիրակոս Գանձակեցին։ Ինչպես հնում Շապուհ 2-րդ Երկարակյացի գործունեության մասին են հազար ու մի մանրամասներով գրել Հայոց ոսկեդարի պատմիչները։ Օտար, մասնավորապես՝ բյուզանդական աղբյուրներն էլ անդրադարձել են այս կենդանի հայաստանյան արշավանքին։ Շապուհ 2-րդի նման նա երկար չի ապրել, առավել եւս՝ թագավորել, բայց իր իշխանության չափազանց կարճ ժամանակահատվածում, ընդամենը մի քանի տարում, հասցրել է այնքան աներեւակայելի չարիք բերել քրիստոնյաների գլխին, որ եթե նրա արածների մասին հատորներ էլ գրվեին, դարձյալ չէին կարող ամփոփ ու վերջնական լինել։ Թուրք-սելջկական աղբյուրները, որոնք գրվել են պարսկերեն ու արաբերեն, նրան համարում են մեծ ու տիեզերակալ թագավոր, որը կարողացել է համախմբել քոչվորների ցաքուցրիվ ուժերը, ստեղծել միասնական հզոր սուլթանություն Բյուզանդական կայսրությանը պատկանող տարածքներում։ Այդ աղբյուրներում նրա արշավանքները ներկայացված են ֆանտաստիկ գունավորումներով եւ հեքիաթին հատուկ չափազանցումով՝ շեշտելով Ալփ-Արսլանի աստվածածին լինելը, նրա զորքի անպարտելիությունը, նրա նվաճումների քարտեզը հասցնելով ընդհուպ Կոստանդնուպոլսի մատույցները։ Այդ մեծարված ու գերբնական հերոսը հայկական մատենագրության մեջ, ընդհակառակը, հանդես է գալիս իբրեւ «վայրենի ու արյունռուշտ գազան», որը՝ ըստ ավանդության եւ պատմիչների վկայության, Անի մայրաքաղաքը գրավելուց հետո, չգոհանալով տասը հազար անմեղ հայերի սրածությամբ, անձամբ լողացել է անեցիների արյան լճակի մեջ։ Սկզբնաղբյուրների տվյալները այնպիսիք են, որ կարելի է հեշտությամբ գծագրել Ալփ-Արսլանի հայաստանյան արշավանքի ամբողջ ընթացքը բոլոր մանրամասներով։ Այդ ամենը վեր է իմ նպատակից։ Բացի այդ,  դա ցնցող մանրամասներով ու մեկնաբանություններով ներկայացրել են ե՛ւ հայ պատմիչները, ե՛ւ հետագայի ուսումնասիրողները։ Ես այսօր պարզապես ցանկանում եմ կանգ առնել Ալփ-Արսլանի արշավանքի մի կարեւոր դրվագի վրա, դրվագ, որը ճակատագրական եղավ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ բովանդակ Բյուզանդիայի համար։

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑԲայց, մինչեւ պատմության այդ ցուրտ սառցաբեկորին անցնելը, իբրեւ մեր մատենագիրների վերը մեջբերված վկայության պարզաբանում, ուզում եմ ընդգծել, որ Ուռհայեցուն կամ Գանձակեցուն շփոթեցնող եւ բազմամարդությամբ ծովի ավազ հիշեցնող թուրք-սելջկական բանակն իրականում այդքան մեծաքանակ ու սարսափազդու  չէր։ Պարզապես,  թուրք-սելջուկ զինվորները տեղից տեղ արշավելիս իրենց հետ տանում էին նաեւ իրենց բազմանդամ ընտանիքը, վրանները, անասունները, դա երկար ու ձիգ քարավան էր, որ հեռվից դիտողի վրա արտաքուստ բազմամարդության տպավորություն էր թողնում։ Ամբողջ աղխով, ինչք ու ունեցվածքով… թվում էր, թե քոչվորը ոչ թե պատերազմի է գնում, այլ, սովորության համաձայն, արոտավայրից արոտավայր է փոխադրվում։ Ընտանիքի ներկայությունը թուրք-սելջուկ զինվորի համար յուրօրինակ պահեստի զորք էր, պահեստի ուժ ու զորություն, եւ որտեղ էլ որ նա մարտի էր գնում, դժվարությամբ էր նահանջում, որովհետեւ գիտեր, որ փախչելով, գլուխը մի կերպ պրծացնելով, չի փրկվելու վերջնականապես, որ թիկունքում անտեր ու անտիրական է թողնելու իր բազմաթիվ կանանց ու երեխաներին, ովքեր, անպաշտպան մնալով, անպայման գերեվարվելու են հակառակորդին։

Ինձ միշտ թվացել է, թե թուրք-սելջուկների՝ մի քանի վճռորոշ ճակատամարտերում տարած հաղթանակների գաղտնիքը հենց դա էր, այդ պահեստի ուժի առկայությունը եւ, ուրեմն, ամենածանր պահին անգամ չնահանջելու կամ դժվարությամբ իր դիրքը զիջելու վճռականությունը։ Այլապես հետամնաց, քաղաքակրթությունից հեռու քոչվորը հնարավոր չէ, որ առավելություն ունենար ե՛ւ մարտական տեխնիկայի, ե՛ւ ռազմավարական ասպարեզում։ Պատահական չեն մատենագիրների այն վկայությունները, ըստ որոնց՝ թուրք-սելջուկները որտեղ որ քիչ թե շատ կազմակերպված դիմադրության էին հանդիպում, շվարում-սասանվում էին. շատ հաճախ աննվաճ թողնելով այդ շենն ու քաղաքը՝ շրջանցում-գնում էին՝ ավելի թույլ եւ իրենց համար մատչելի վայրերի վրա հարձակվելու։ Այս առումով հետաքրքիր է դեռեւս Ալփ-Արսլանից էլ առաջ, Մանազկերտ քաղաքի պարիսպը քանդելու համար Տուղրիլ սուլթանի օգտագործած հսկայական բաբանի փաստը, այդ բաբանը թուրք-սելջուկը չէր կառուցել. քոչվոր-խաշնարածը որտեղ, ժամանակի համար բավական բարդ մեխանիզմով պարիսպներ քանդող բաբանը՝ որտեղ։ Դա բյուզանդական կայսեր «նվերն» էր նրանց, որ գերեվարել էին հայոց Հեր քաղաքում, երբ քաղաքն առանց դիմադրության հանձնվել էր։ Թուրք-սելջկական զորքն, ուրեմն, եթե հատուկենտ բարդ սարքավորումներով հագեցված տեխնիկա ուներ, դա միայն ու միայն ձեռք բերված էր, գրավված վայրերից ավարառած, եւ իրենք շատ հաճախ չգիտեին դրա օգտագործման ձեւերը եւ մահվան սպառնալիքի տակ իրենց գերիներին էին ստիպում գործածել այդ զենքերը։ Այսպես թե այնպես՝ Ալփ-Արսլանը հայաստանյան արշավանքի ժամանակ ակնհայտ հաջողության հասավ։ Նախ՝ նա ասպատակեց Աղվանից աշխարհը, ապա՝ Վրաստանը, եւ հետո՝ հաշտություն կնքելով Լոռվա Կյուրիկե Բագրատունի թագավորի հետ եւ նրա աղջկան կնության առնելով՝ նա եկավ, պաշարեց հայոց Անի մայրաքաղաքը։ Այստեղ արդեն լուրջ դիմադրություն էր սպասում նրան։ Ինչպես գրում են մեր մատենագիրները՝ քաղաքը բազմամարդ էր ու անառիկ։ Թուրք-սելջուկները 25 օր շարունակ ոչ մի կերպ չեն կարողանում գրավել Անին, եւ միայն քաղաքի ավագանու եւ հոռոմ ու վրացի առաջնորդների դավաճանությունն է օգնում Ալփ-Արսլանին։ Այն պահին, երբ սելջուկ զորապետը, անեցիների կատաղի դիմադրությունից հուսահատված, որոշում է թողնել պաշարումը եւ հեռանալ, անեցիների առաջնորդները փախչում են՝ անգլուխ ու անտիրական թողնելով քաղաքացիներին։ Եվ սկսվում է անղեկ ու անտեր մնացած բնակիչների խուճապահար փախուստը քաղաքից։ Այդ ամենի մասին իմանալով՝ Ալփ-Արսլանը նորից հետ է դարձնում պաշարումը թողած եւ Անիից հեռացող իր զորքը եւ անարգել, առանց որեւէ դիմադրության, մտնում քաղաք։ Ի՞նչ էր դա, հաղթանա՞կ էր, թե՞ պարզապես Բյուզանդիայի անակնկալ պարգեւն էր թշնամուն։ Երեւի վերջինը, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, Անիի առաջնորդների այդ անսպասելի դավաճանությունը Բյուզանդիայի նենգ խաղերի ու խարդավանքի թելադրածն է. ըմբոստ անեցիներին խաղաղացնելու հրաշալի միջոց է՝ ուրիշի ձեռքով շարունակ շագանակ հանողի համար։ Այդ ուրիշը վայրենի ու արյունարբու գազան էր՝ Ալփ-Արսլան անունով, որը գրավելով Անին՝ դաժան հաշվեհարդար է տեսնում անմեղ բնակիչների նկատմամբ։

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑՈրոշ ժամանակ անց, Ալփ-Արսլանը Շեհդադյան Մանուչեին է վաճառում քաղաքը եւ դրանով՝ այդ առուվաճառքով հայոց մայրաքաղաքում սկիզբ է դրվում Շեհդադյանների կամ Շահի-Արմենների իշխանությանը, որը, որոշ ընդմիջումներով, տեւում է 135 տարի։

1064-ի այդ օրը թուրք-սելջուկների կողմից հայոց մայրաքաղաքի գրավումը բովանդակ Հայաստանի համընդհանուր նահանջի գուժկանը դարձավ։ Առջեւում, իհարկե, նոր փորձություններ էին սպասում Ալփ-Արսլանին եւ նրա զորքին։ Դրանց մեջ ամենից կարեւորն ու վճռորոշը Մանազկերտի ճակատամարտն էր, որը տեղի ունեցավ 1071 թվականին։

Մինչեւ այդ ճակատամարտի մասին պատմելը՝ ուզում եմ առաջ անցնելով նշել, որ այդ ծանր ու խավար ժամանակաշրջանից կանցնեն հարյուր եւ ավելի տարիներ, սակայն տասը հազար անմեղ անեցիների սրածումը չի ջնջվի, կմնա սերունդների հիշողության մեջ, եւ երբ 1199-ին եւ դրան հաջորդող տարիներին Զաքարե Երկայնաբազուկ Զաքարյանը կազատագրի Անին եւ Բագրատունյաց թագավորության նախկին տարածքը, ճակատամարտերից մեկի ժամանակ գերի ընկած տասը հազար թուրք-սելջուկ զինվորների ու զորավարների այրել կտա նույն անգթությամբ՝ ի պատասխան Անիում թափված անմեղ արյան եւ ի հատուցումն չարագործության։ Հարյուր եւ ավելի տարիներ ուշացած հատուցումը… Սակայն Զաքարե զորավարն, այնուամենայնիվ, չի կարող դեմ գնալ պատմության ընթացքին։ Նա ուրիշի հողում նստակեցության վարժված քոչվորից ամբողջովին չի մաքրի Հայաստանը, որովհետեւ թուրք-սելջուկը ծավալվող, տարածվող, առաջացող քաղցկեղի պես բուն դրած կլինի պատմական Հայաստանի տարածքում, իսկ առաջացող քաղցկեղից ազատվելն այլեւս անհնար կդառնա, համենայնդեպս, դա Զաքարե զորավարի անելիքը չէր, եւ մինչեւ այսօր էլ դեռեւս ոչ ոք չի գտել քաղցկեղից բուժվելու եղանակը…

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Պատմության էջերից


18/06/2020