Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԱՎ ԲՆԱԿՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ԿԱՅԱՑԱՎ ԲՆԱԿՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸՀունիսի 12-ին կայացավ հիպոտեկային արտոնյալ պայմաններով բնակտարածք ձեռք  բերելու հնարավորություն ընձեռող վարկավորման ծրագրի շահառուների վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի  զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիպոտեկային վարկեր, ընդ որում՝ մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցի պետությունը:

Առաջինը վիճակահանության թմբուկին է մոտենում փոխգնդապետ Վահե Թամրազյանը: Բացելով վիճակահանության կտրոնը, նա ուրախությամբ փաստեց, որ ինքը երջանիկ շահառուների ցանկում է:

-Այս պահին սրտի թրթիռով և աննկարագրելի հուզմունքով էի սպասում,- մեզ հետ անկեղծացավ փոխգնդապետ Վահե Թամրազյանը:

ԿԱՅԱՑԱՎ ԲՆԱԿՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸՓոխգնդապետը մինչ օրս կնոջ, երեխաների, եղբայրների  և ծնողների հետ բնակվել է երկսենյականոց բնակարանում: Այս ամառ Վահեի կյանքում,  շնորհիվ ծրագրի արտոնյալ պայմանների, իրավիճակ կփոխվի. նրա ընտանիքը շուտով  կտոնի այդքան սպասված բնակարանամուտը:

Վիճակահանությամբ ծրագրի շահառուներին միացավ նաև կապիտան Գրիգորյանը: Խաղաղապահ բրիգադի զինծառայողը գոհունակությամբ նշեց, որ   այսպիսի ծրագրերը զինվորականի անդուլ ծառայության հանդեպ գնահատանքի լավագույն դրսևորումներն են, որոնք ոգևորում ու գոտեպնդում են հայրենիքի պաշտպաններին:

-Շատ կարևոր ծրագիր է: 10 տարի սպասում էի այս ծրագրին: Սպաներին այսպիսի վերաբերմունքը օդի ու ջրի պես էր պետք: Այն հետայսու դրական մեծ ազդեցություն կունենա նաև նրանց ծառայության, բարոյահոգեբանական վիճակի վրա, քանզի այս ծրագրով մեկընդմիշտ լուծվում է հազարավոր զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կեցության հարցը,- ասաց Վահեն:

ԿԱՅԱՑԱՎ ԲՆԱԿՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸՎիճակահանության գործընթացին հետևող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը այս համատեքստում նկատում է. զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված այս ծրագրին շուտով կմիանան նաև նորերը՝ այդկերպ նաև բարձրացնելով  զինծառայության հանդեպ գրավչությունը:

-Սա մի կարևոր քայլ է գնահատելու զինծառայողների այն վաստակը, որ նրանք բերում են Հայրենիքի պաշտպանությանը: Ծրագիրը լայն արձագանք է գտել զինված ուժերում: Իհարկե, մենք ունենք նաև ձևաչափը զարգացնելու այլ ծրագրեր, այդ թվում՝ սպառողական վարկերի հետ կապված,- հավաստիացրեց փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հավելենք, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի  զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/06/2020