Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ



ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐՄի անգամ դիրքերում տղերքը թուրք զինվոր են բռնում: Պարզամիտ տղա է լինում, նստեցնում են դեմներն ու զրույց անում հետը:

-Ա՛յ տղա, ձեզ մոտ ո՞նց է,- հարցրել են:

-Լա՛վ է,- ասել է թուրք տղան,- 100 դոլար տալիս ենք, գնում ենք արձակուրդ:

-Հա՜յ, հա՜յ,- ասել են մերոնք,- մեզ մոտ հրամանատարին 1000 էլ տաս, չի թողնի: Մինչեւ պտտաձողի վրա տասը անգամ չձգվես՝ արձակուրդի երես չես տեսնի:

Դիրքերում ենք: Բարձր, երկնամերձ լեռան կատարին, ձյուների միջով ձգվող խրամատում զինվորները կանգնած են զգոն, հայացքի մեջ  կլանած թշնամական ողջ հեռուն: Նրանք չեն շրջվում մեր կողմը, նրանք չեն խոսում, նրանք իրենց զենքերի պես սառն ու հրաշունչ սպասում են: Ուրեմն, սա է դիրքը: Ուրեմն, այսպիսին է դիրքը՝ սառն ու հրաշունչ:

Ետ եկանք բլինդաժ, ուր հերթափոխի զինվորները հանգստանում էին: Նրանք մեզ հրամցրին սուրճ՝ զինվորական ալյումինե ամանների մեջ, հետն էլ՝ շոկոլադի սալիկներ:

Սուրճը եւ շոկոլադը մեր՝ հեռվում թողած կյանքի երկու զվարթ չաչանակներից էին:

 

♦♦♦

Հրամանատարի կարգադրությամբ բերեցին տղային:  Փոքր-մոքր, յոթերորդ դասարանցու դեմքով զինվորիկ էր: Եկավ իր ավարով՝ ձեռքի գնդացրով: Պատմեց: Լսում էինք ապշած:

…Մի օր գիշերով դիրքը թողել-գնացել է թշնամու կողմ: Մտել է նրանց դիրքերը, սպասել է մինչեւ լույսը բացվի: Երկու զինվոր են հայտնվել դիմացը, դիմահար կրակել, սպանել է: Վերցրել է ձեռքի գնդացիրն ու փորձել հեռանալ: Բլինդաժից դուրս են եկել եւս երկուսը: Կրակել է սրանց վրա ու վազ տվել մեր կողմ: Սրանք չեն վիրավորվել, հետեւից կրակել են, տղան պառկել է, այնքան է պառկել, որ թուրքերին թվացել է՝ սպանված է, բայց չեն մոտեցել՝ վախենալով մերոնց կրակից: Ապա հարմար պահի տղան վեր է կացել ու սլացել մեր կողմը՝ բղավելով՝ «Ես եմ, չկրակե՛ք»: Իսկ մեր կողմերում կարծել են, թե տղան դասալիք է դարձել: Երբ նա վերջացրեց իր վտանգավոր արկածի պատմությունը, հարցրի.

-Ինչո՞ւ արեցիր այդ բանը:

-Ինձ ստուգելու համար: Ասի՝ տեսնեմ մի բանի պիտանի՞ եմ, թե՞ չէ:

Հրամանատարը, իհարկե, պատժել է նրան՝ ողջ զորքի առջեւ պարսավելով անմիտ արարքը, որը կարող էր մի մատաղ կյանք արժենալ:

Բայց, այնուամենայնիվ, կարճատեւ արձակուրդ է տվել տղային, համենայն դեպս, գնահատելով նաեւ այդ արարքի խիզախությունը:

 

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Պատմության էջերից


18/06/2020