Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԺԴԵՀԻ ԴԱՇՈՒՅՆԸ



ՆԺԴԵՀԻ ԴԱՇՈՒՅՆԸԳԵՎՈՐԳ ՄԱՍՏՅԱՆ

 

Գրողների տանը ինձ մի բավականին ստվար ծրար հանձնեցին։ Ձեռագիր նամակ է եւ ինը մեքենագիր էջ։ Նամակում գրված է.

«Մեծարգո վարպետ պ. Սերո Խանզադյան

Ես ձեզ գիտեմ (ինչպես եւ ողջ հայությունը) Ձեր հեղինակած բազում աշխատանքներից։ Այդ գրքերից յուրաքանչյուրը մեզ տանում է դեպի անցյալի դեպքերը, որոնց յուրաքանչյուրի ընթացքը հիշեցնում է մեր կնճռոտ պատմության էջերը։

Աիրելի՛ Վարպետ, ցավերդ չնորոգեմ։

Իմացա, որ «Գարեգին Նժդեհ» գիրք եք հեղինակել։ Նժդեհի նահանջի ժամանակ, նա իր հարյուրավոր մարդկանց հետ չորս ամիս մեր տանն է ապրել՝ Մուժամբարում։ Ես նրա ծնկներին եմ նստել:

Ուղարկածս մեքենագրած «Լեռնահայաստանի հերոսամարտը» եւ «Նժդեհի դաշույնը» հոդվածս որոշ պարզաբանումներ կտան ձեզ։

Հարգանքներով՝ Գէորգ Մաստեան։ Գլենդեյլ։ Մարտի 20, 1995թ.»։

Եվ քանի որ պարոն Մաստյանի ինձ գրած այս նամակը, հատկապես նրա հոդվածը, եզակի տեղեկանք է մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհի մասին, ուստի ես որոշեցի մի քանի պատառիկներ հրապարակել դրանից։

 ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

 

-1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։

Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ այլ պարագլուխների հորդորանքով, որոնք արդեն վաղուց Թավրիզում էին, խնդրում են Նժդեհին՝ անցնել Պարսկաստան։ Ուստի, Նժդեհը համոզվելով, տրամադրվում է անցնել Պարսկաստան։ Սրբազան Մելիք Թանկյանը պարսից կառավարության հետ բանակցելով, պարսիկները համաձայնում են, որ հայերը անցնեն Պարսկաստան, որոշ պայմաններով։ Այդ պայմանի կետերը տպված են մտքիս մեջ։

  1. Մարդագլուխ մի ոսկի տրվի պարսից պետությանը։
  2. Կենդանիներից հինգից մեկը տրվի։
  3. Զենքերը հանձնեն պարսից կառավարությանը։
  4. Հայ սպաներից պարսից զորքում ծառայեն։
  5. Պարսից կառավարության նկատմամբ լինեն անկեղծ։
  6. Պարսից կառավարությունը մթերք հայթայթի գաղթականությանը։

Ինչպես միշտ, նման ծանր եւ պատասխանատու գործերը սրբազան հայրը հանձնարարում է հորս եւ որի համար էլ քահանա էր ձեռնադրել նրան, նստացրել Մուժամբարում։

Այս անգամ էլ սրբազան հայրը հորս՝ Ալեքսան Մաստեանին (քահանայական կոչումով՝ Տեր Մեսրոպ Մաստեան) ներկայացնում է պարսից կառավարությանը՝ որպես այդ գաղթի ընդունող եւ դասավորող։

Հայրս՝ Տեր Մեսրոպը, մեկնում է Զանգեզուր։

Այդ ճամփին ընկած բոլոր թուրք գյուղացի ջոջերին հայրս հավաքում է եւ սպառնում, որ գաղթականներին ձեռք չտան։ Այդ շրջանի թուրքերը մուժամբարցիներից սոսկում էին, որովհետեւ հայերը կազմակերպված եւ զինված էին շնորհիվ Ալեքսան Մաստեանի։

Զանգեզուրը դատարկվեց սպարապետ Գարեգին Նժդեհի կողմնակիցներից։ Նժդեհն էլ անցնելով Պարսկաստան, եկավ Մուժամբար եւ ապա Թավրիզ։ Մուժամբարում Նժդեհը իր ամբողջ կազմով մեր տանն էր։

Երբ Նժդեհը եկավ, մեր տունը ծառայում էր Նժդեհի անմիջական գործակիցների համար։

Մի պարոն, զինվորական հագուստով, ինձ բարձրացրեց, թափահարեց, համբուրեց իմ այն ժամանակ ուռած, կարմիր եւ փափուկ թշերը եւ դրեց ցած։ Ես չգիտեի նրա անունը, բայց հետո ինձ ասացին, որ նա Դալի Ղազոն է։ Նրա հետ հետո մտերմացա, որովհետեւ նրանց տանը հաճախ էի լինում, իմ հասակակից Ազատի՝ նրա տղայի հետ խաղալու առիթով։

Դալի Ղազոյի (Ղազար Քոչարեանի) մոտից սկսեցի բադի պես օրորվելով վեր բարձրանալ։ Անցա միջանցքը։ Աջ կողմում Նժդեհի հյուրասենյակն էր։

ՆԺԴԵՀԻ ԴԱՇՈՒՅՆԸՆերս մտա, տեսա շուրջ 20 հոգի, թե կանգնած, թե նստած զրուցում են։ Նժդեհը կանգնած խոսում էր երկու երեւելիների հետ։ Դժվարությամբ հասա հայրիկիս մոտ, դիմացը կանգնելով՝ ասացի.

-Հայրի՛կ, մի քիչ փող տուր ինձ։

Լսողները ծիծաղեցին այս խոսքիս վրա։ Համարյա բոլորի ուշադրությունը գրավեցի ինձ վրա։ Նույնպես Նժդեհի։ Նա քայլերն ուղղեց դեպի ինձ: Քիչ թեքվեց, եւ մեր հայացքները դիպան իրար։ Նա քաղցր ժպտաց, սեւ-սեւ, խոշոր աչքերը ինձ վրա։ Աչքերս չհեռացնելով նրա գեղեցիկ, փայլուն աչքերից, սպասում էի։ Ձեռքը տանելով դեպի իր կողից կախված բարձրորակ դաշույնը եւ դա հանելով, դեպի ինձ ուղղեց ու հորս ասաց.

-Հա՛յր Մեսրոպ, սա էլ ինձնից քո փոքրիկին նվեր։

Հետո իմացա, որ Սիսիանում, կռվի ճակատում իմ ավագ եղբայր Արամը այդ դաշույնը տեսնելով Նժդեհի ձեռքին, հորս ասում է։ -Պահ-պա՜հ, էս ի՜նչ լավն ա: -Նժդեհը այդ լսելով, դաշույնը տալիս է Արամին։ Երբ հայրս այդ իմանում է, դաշույնը վերցնում է եղբորիցս եւ տալիս Նժդեհին։

Իսկ այժմ քիչ ընդդիմացավ, բայդ Նժդեհը չլսեց հորս եւ դաշույնը տվեց ինձ։

Նժդեհը ինձ հարցրեց.

-Անունդ ի՞նչ է, փոքրի՛կ։

Ես սպիտակ կոթով դաշույնը սեղմել եմ կրծքիս, որ չլինի թե որեւէ մեկը դա ինձնից խլի։ Ես նայում եմ Նժդեհի ժպտուն աչքերին։ Սառած, լուռ նայում եմ իրեն։ Հայրս ինձ ազատեց այդ վիճակից։

-Անունը Գեւորգ է, սպարապե՛տ։

-Ա՜, Գեւո՛րգ,- ասաց Նժդեհը, երկու ձեռքերով թեւերս բռնեց, նստեց պատի մոտ փռած ներքնակի վրա ու ինձ դնելով իր ծնկին, շարունակեց:- Քաջ տղա կլինես, Գեւորգ։ Կմեծանաս ու կտեսնես, թե հայը ինչ հերոս ու արժանավոր Գեւորգներ է ունեցել, դու էլ դրանցից պիտի լինես։

Ձեռքս բռնած ինձ դեպի դուռը տարավ ու ասաց.

-Դե, գնա՛։ Դաշույնը տար։ Լավ կպահես, երբ մեծացար, այն ժամանակ գործ կանես։

Համբուրեց ու ինձ ճամփու դրեց դեպի դուռը։

Դաշույնը սեղմած կրծքիս, դուրս եկա սենյակից։ Դաշույնը ցույց տվեցի մորս։ Դա փղոսկրե կոթով էր, արծաթագույն թելերով նախշած, նաեւ մանր թանկագին քարերով զարդարած պատյանով, աչք շլացնող փայլուն շեղբով։

-Դա որտեղի՞ց,- հարցրեց մայրս՝ վրա պրծած։

-Նժդեհը տվավ,- պատասխանեցի ես հպարտ ու հաղթական։

Մայրս վերցնելով դաշույնը՝ տնտղեց, ապա պատյանից շեղբը հանելով լավ նայեց ու զննեց, դրեց պատյանի մեջ։ Միջանկյալ հիշեմ, որ մայրս թե՛ զենք գործածել գիտեր, ինչպես շատ մուժամբարցի կանայք, թե՛ լավ ճանաչում էր զենքը։

-Դաշույնը լավ պահիր,- ասաց մայրս։ -Դաշույնը թշնամու սիրտը խրելու համար ա։

Պահում էի։

Մեր մուժամբարյան ազգային սովորություն էր, որ երբ փեսան գնում է հարսին բերելու, քավորը պիտի լրիվ զինված լինի՝ որպես պաշտպան նորապսակներին:

Երբ մեծացա, ինձ հաճախ էին քավոր վերցնում։ Դե, իհարկե, Նժդեհի նվիրած խանչալիս շնորհիվ։

Հետագայում դաշույնս կորավ։ Շատ էի ցավում։

1975 թվի հունիսին էր։ Գնացել էի Մուժամբար, իմ հեռավոր մի բարեկամուհու տունը։ Նրա տղան ինձ ասաց.

-Նժդեհի դաշույնը մեր տանն է։

-Ինչպե՞ս,- զարմացած հարցրի ես։

-Հա,- ասաց տղան։- Իմ մեծ պապի ձեռքն է ընկել Նժդեհի դաշույնը։ Մեծ պապը պատվիրել է թաքցնել այդ դաշույնը եւ ոչ ոքի ցույց չտալ։ Թաքցրած պահում ենք։

Նա ինձ ցույց չտվեց Նժդեհի դաշույնը։ Հիշեցի մորս ասածը։ -Այս դաշույնը թուրքի սիրտը պիտի խրվի։ -Դե, ինչ, հիմա ահա հայի թշնամի, հայաջինջ թուրքը նստած է հայի հողի վրա, վայելում է հայի սեփականությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չկա այլես Նժդեհի՝ հայ սպարապետի դաշույնը։

Հա՛յ, սուր ու ամուր պահիր Նժդեհի դաշույնը։ Իմացի՛ր, գառան մորթով գայլ դարձած թուրքը ատամներ է կրճտացնում հայի դեմ։ Պինդ պահիր հայի դաշույնը:

 

Ծանոթագրություններ

* «Նժդեհի նահանջի ժամանակ». -Այսպես է գրում հեղինակը։ Սա չպետք է հասկանալ պարտություն, նահանջ, այլ կամավոր հեռանալ։ Ստեղծելով Կապարգողթ (Կապան-Արեւիք-Գողթան) պետական միավորում եւ ինքնապաշտպանական ազգային բանակ, Գարեգին Նժդեհը Զանգեզուրի խիզախ խմբապետների հետ միասին ոչնչացումից փրկեց Մեծ Հայքի Սյունիք նահանգը։ 1918-ի վերջերից մեր ողջ Լեռնաշխարհը իր փոքրաթիվ (մեկը հարյուրի դեմ) ուժերով առասպելական քաջությամբ կռվեց օսման-թուրքական, թուրք-ադրբեջանական, անգլիական, կարմիր խորհրդային-ռուսական նվաճողական զորաբանակների դեմ եւ միշտ հաղթեց։ Լեռնահայաստանի հայերը, ասել է թե՝ նժդեհյան ազատամարտիկները, երբեք ոչ մի պարտություն չեն կրել թշնամուց, լինի թուրք, ադրբեջանցի, անգլիացի, խորհրդային կարմիր բանակ։ Կրկնում եմ՝ Զանգեզուրի գյուղացիությունը միշտ էլ հաղթել է թշնամուն։ Ասածս թշնամիները ստորաբար ջանում էին Զանգեզուրը եւս պոկել (Նախիջեւանի ու Արցախ-Ղարաբաղի պես) Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին։ Դա նրանց չհաջողվեց։ Անվերջ կռիվներում պարտության կրելով, նրանք ստիպված եղան Զանգեզուրը ճանաչել Հայաստանի մաս։ Դրանից հետո միայն Նժդեհը հեռացավ Հայաստանից։

* Մուժամբար – Հայոց մեծ գյուղ էր Պարսկաստանի երկրորդ մեծ քաղաք Թավրիզից 10 կմ հյուսիս: Այդ տարի ունեցել է 1550 հայ բնակիչ։ Նշանավոր են նրա Սուրբ Հռիփսիմե եւ Լուսավորիչ եկեղեցիները։ Գյուղում է Երերման Խաչ ուխտատեղին, որ կառուցվել է հինգերորդ դարում։ 1946 թվականին Մուժամբարի հայերը ներգաղթեցին Հայաստան։

* Ներսես արքեպիսկոպոս – Ներսես (Նիկողայոս) Մելիք-Թանգյան։ Ծնվել է 1866-ին Սյունիքի Ծիսական գավառի Բռնակոթ մեծ գյուղում: Իշխանական Մելիք Թանգյան տոհմի ժառանգ է: Հզոր ու գիտուն հոգեւորական էր։ 1912 թվականից մինչեւ 1948-ը եղել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը։ Վախճանվել է 1948-ին Թավրիզում։ Տասնինը-քսան թվականներին զինական օգնություն է ուղարկել Զանգեզուրի գյուղացիությանը, ապա մեծապես խնամք տարել 1921 թվականին Հայաստանից Իրան փախստականներին։

* Դալի Ղազո – Ղազար Քոչարյան։ Նժդեհի բանակի քաջարի զորապետ էր։ Հաղթանակներ է տարել Նախիջեւանի կռիվներում 1918-19 թվականներին։ Որքան գիտեմ՝ Կոտայքի շրջանի Գառնի գյուղի զավակ է: Նժդեհի հետ անցել է Պարսկաստան։

Ծանոթագրությունները՝ Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Պատմության էջերից


18/06/2020