Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ



ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ«…եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով Փրկչաւ իմով»

(Ղուկաս Ա 47)

 

Սույն թվականի հունիսի 8-10-ը Շիրակի կայազորում կրկնակի տոն էր: «ԱՇՈՏ ԵՐԿԱԹ» մասունքակիր խաչով, որի կենտրոնում զետեղված է Հիսուս Քրիստոսի կենարար խաչափայտից փոքրիկ մասունք, օրհնվեցին զինվորներն ու սպաները, նաև մեր երկրի հյուսիսարևմտյան սահմանները։ Օրհնության կարգում մաղթանք էր հնչում, որ մեր զորականները վստահ իրականացնեն իրենց ծառայությունը և պաշտպանված զգան երևելի ու աներևույթ թշնամիների արձակած նետերից:

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆՏոնական այս ընթացքը համընկել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային տոներին` «Արարատյան շաբաթվան»: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նախորդող յոթնօրյակը «Արարատյան շաբաթ» է կոչվում՝ պատմական Այրարատ նահանգի շրջանակներում կամ Արարատյան դաշտում տեղի ունեցած հոգևոր-ազգային կարևոր իրադարձությունների պատճառով: «Արարատյան շաբաթի» օրերին տոնախմբում ենք հայոց  նվիրական տոներից մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի, հինգշաբթի՝ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի, որոնց նշխարները սուրբ Գրիգոր Լուսավորիչը զետեղեց Տարոն գավառի Մուշ գյուղաքաղաքում իր կառուցած եկեղեցում, շաբաթ օրը սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնն է, իսկ կիրակի՝ Սուրբ Էջմիածնի տոնը: Սրանք այն սրբերն են, որոնց ճգնությամբ, հեղած արյամբ ու սուրբ նշխարների վրա հաստատվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուստի և նրանց տոները նախորդում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին:

Խաչի զորությամբ օրհնվելով, մասնակիցների խոսքերով, զինվորները վերածնվեցին և զգացին իրենց ինչպես նորաթուխ մանուկներ` Աստծո գրկում:

Տեր Հակոբ քահանա Գրիգորյան

Շիրակի կայազորի գնդերեց

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Հոգևոր-մշակութային


18/06/2020