ԵՐԵՔ ՏԱՆԿԻՍՏ՝ ԵՐԵՔ ԸՆԿԵՐ
Մեր այցելության օրը ուսումնական զորամասում ընթանում էին կուրսանտների վեցամսյա պատրաստության վերջին գործնական պարապմունքները: Օրեր անց դրանց հաջորդելու էին ամփոփիչ քննությունները, ավարտին համապատասխան որակավորում ստացած կուրսանտները, արդեն որպես տանկի մասնագետներ, կշարունակեն ծառայությունը վիճակահանությամբ նախորոշված զորամասերում: Զորավարժարանում մարտական հաշվարկների անձնակազմերը հերթով մարտական արկերով լիցքավորում էին տանկն ու գործի գցում զրահատեխնիկան: Այդ ընթացքում ծանոթացանք տանկի լավագույն մարտական հաշվարկներից մեկի տղաներին, որոնք սպասում էին մարտական կրակ իրականացնելու իրենց հերթին, և զրուցեցինք ծառայության առաջին վեց ամիսների ընթացքում նրանց ձեռքբերումներից ու տպավորություններից, մարտական հավատարիմ ընկեր դարձած տանկի առանձնահատկություններից:
Հովնան Իսրայելյանը տանկի հրամանատարն է: Նորակոչիկների հետ զրույց անցկացնելիս զորամասի հրամանատարը Հովնանի մեջ անմիջապես տեսել էր ապագա տանկի հրամանատարի: Նրա հարցին՝ «Ջոկի հրամանատարի դերում քեզ պատկերացնո՞ւմ ես»,- երիտասարդն առանց երկմտելու պատասխանել էր. «Ճի՛շտ այդպես»: Ծառայության անցած վեց ամիսների ընթացքում երիտասարդ տանկիստը լիովին արդարացրել է իրեն. զորամասում մարտական պատրաստությունից մշտապես լավագույն ցուցանիշներ արձանագրող կուրսանտներից է:
Հովնանի հորաքրոջ որդին Ապրիլյան պատերազմում զինվորական սխրանքի ամենահիշարժան դրվագներից մեկի հերոսն է՝ Վահագն Ստեփանյանը, որը թշնամու այրվող ուղղաթիռից հաջողել էր դուրս բերել կարևոր փաստաթղթեր: Վահագնը զորացրվելուց հետո Հովնանին պատմել էր, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ծառայակից ընկերներով միայն մի բան էին մտածում. պետք է մինչև վերջ կանգնեն սահմանի իրենց վստահված հատվածում: Խոստովանել էր, որ ուղղաթիռի հետ կապված այս դեպքի ամենավճռական պահին գործել էր բնազդորեն՝ իրեն հաշիվ չտալով, որ ուղղաթիռն ամեն պահի կարող է պայթել: Երբ այն օրերին լսում էր պատերազմական գործողությունների մասին, շատ էր ոգևորվում. ուզում էր օր առաջ միանալ կռվողներին: «Իմ եղբայրը հենակետի ավագն է եղել,- ասում է Հովնանը,- ես հիմա տանկիստ եմ և գիտակցում եմ, թե մարտը վարելիս որքան կարևոր է համակողմանի պատրաստվածությունը: Տանկիստի մասնագիտության մեջ ամենակարևորը տանկը մարտի դաշտում ճշգրիտ ու գրագետ կիրառելու կարողությունն է: Հրամանատարից այս խնդրում շատ բան է կախված. պետք է համադրես վարորդ-մեխանիկի, նշանառու-օպերատորի հաղորդած տվյալները, արագ վերլուծես իրավիճակն ու համապատասխան որոշումներ կայացնելով՝ հրամաններ արձակես: Սա մեծ պատասխանատվություն է. քո կայացրած որոշումից է կախված թե՛ մարտագործողության հաջող ելքը և թե՛ անձնակազմի կյանքը»:
Մինչև բանակ գալը Հովնանը սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մարզվել է քիք-բոքսինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սարգիս Բազինյանի ղեկավարած՝ «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում: Դրա շնորհիվ ծառայության հենց սկզբից ֆիզպատրաստությունից միշտ գերազանց արդյունքներ է գրանցում: «Բանակում առավոտից երեկո օրդ ծրագրված է հստակ կարգացուցակով: Սա ակամա պատասխանատվություն ու կարգապահություն է ձևավորում մեր մեջ: Մեր հրամանատարների օրինակը, որոնք միշտ մեր կողքին են եղել, օգնել ամեն հարցում, վարակիչ է՝ պարտավորեցնում է, որ մենք էլ ծառայակիցների հանդեպ նույն սկզբունքները որդեգրենք: Վստահ եմ մեր անձնակազմի անդամների մասնագիտական գիտելիքներին, հմտությանը: Համոզված եմ՝ առաջիկա ամփոփիչ քննությունները նույնպես պատվով կհանձնենք ու կմեկնենք հիմնական ծառայության զորամասեր:
…Ուզում եմ «Հայ զինվորի» միջոցով ջերմ բարևներ հաղորդել հատկապես ծնողներիս ու ընկերուհուս՝ Սյուզաննային, որին շատ եմ սիրում: Իմացե՛ք, որ նախ և առաջ ձեզ եմ պաշտպանում: Համբերությամբ զինվե՛ք ու սպասե՛ք ինձ: Սյուզաննա՛, ուզում եմ, որ հպարտանաս քո զինվոր ընկերոջով»:
Արմեն Գևորգյանը տանկի մեխանիկ-վարորդն է: Մինչև ծառայությունը սովորել է արհեստագործական ուսումնարանում: «Տանկի մեխանիկ-վարորդի գործը լավ ֆիզիկական պատրաստություն է պահանջում: Անկեղծ ասած՝ մինչև բանակը ֆիզիկական մարզումներին այնքան էլ ուշադրություն չէի դարձնում: Այստեղ սկսեցի եռանդով մարզվել ու միշտ գերազանց արդյունքներ եմ գրանցում: Երբ նոր էինք սկսել տանկին ծանոթանալ, վարժասարքի վրա էինք պարապում: Առաջին անգամ իրականում տանկ վարելը շատ անհարմար թվաց ինձ: Բայց, ինչպես ասում են՝ «Գործը վարպետից է վախենում»: Հիմա արդեն ինձ զգում եմ ինչպես «ձուկը ջրում»: 41 տոննա կշռող այս երկաթե հսկային վարելիս ցանկացած բան՝ շարժիչի գվվոցը, լծակները քաշելը, ոտնակները սեղմելը, արագությունը փոփոխելը, ամեն ինչն ակամա փոխում է նաև ինձ. նախկինում երբևէ չապրած նոր ուժ ու եռանդ եմ զգում ներսումս: Իսկ երբ տանկը կրակում է, և զգում ես, թե ինչպես է հսկա տեխնիկան ցնցվում ու տարուբերվում համազարկից, առաջին շոկից հետո այդ հզոր ուժը հենց քեզ է հաղորդվում:
Տանկը, չնայած հսկայական զանգվածին, բավականին «ճկուն» զինտեխնիկա է և ընդունակ է շատ արագ մանևրելու: Ճկունության հաշվին, արագությունը բարձր լինի թե ոչ, կարողանում ես անմիջապես փոխել ուղղությունդ, տարբեր հնարքներ կատարել:
Երբ ծառայության նոր էինք անցել, դեռ չգիտեինք, որ ամեն մեկիս մի դեր է վերապահված՝ մեխանիկ-վարորդ, նշանառու-օպերատոր, տանկի հրամանատար: Սկսեցինք շփվել, ծառայողական, ուսումնական տարբեր խնդիրներ լուծել ու հետզհետե մտերմացանք: Միշտ զգաստացնում ու օգնում է այն միտքը, որ անհրաժեշտության դեպքում, երբ թշնամու դեմ պայքարի ելնես, կողքիդ մարտական ընկերներդ են լինելու:
Մեր սպաներն ասում էին. «Տանկը պետք է լինի ձեր «հացն ու ջուրը»: Այնքան լավ պետք է տիրապետեք, որ այն իրոք հաց ու ջրի պես անհրաժեշտություն դառնա»: Շատ է տպավորվել այս համեմատությունը, ու հիմա լիովին գիտակցում եմ այս խոսքի իմաստն ու նշանակությունը:
Ծառայության վեց ամիսները ետևում են, տարիուկեսն՝ առջևում: Ուսումնական զորամասից զորքեր ենք գնալու. իհարկե, պատասխանատվությունն այնտեղ շատ ավելի մեծ կլինի: Ես՝ որպես մեխանիկ-վարորդ, պետք է մեզ կցագրված տանկին հետևեմ, խնամք տանեմ, որ այն ամեն պահի սարքին, մարտական վիճակում լինի:
Ծառայությունից հետո շարունակելու եմ ուսումս, նշանվելու եմ… Ընկերուհիս շատ է անհանգստանում. օգտվելով առիթից, նորից ասեմ՝ ամեն ինչ շատ լավ է, Մոնիկա՛ ջան, դիմացի՛ր, քիչ մնաց…Սիրում եմ քեզ»:
Ազատ Հարությունյանը տանկի նշանառու-օպերատորն է: «Այստեղ՝ զորքերում, կյանքին սկսում ես բոլորովին այլ աչքերով նայել,- ասում է երիտասարդ տանկիստը,- ամենատարբեր իրավիճակներում սովորում ես ճիշտ գործել: Հասկանում ես ծառայության կարևորությունը: Տանկի նշանառու-օպերատորի մասնագիտությունը մեծ ուշադրություն, դիտողունակություն է պահանջում: Պետք է արագ հայտնաբերես թիրախը, հաշվարկես հեռավորությունը, կոորդինատները և անվրեպ իրականացնես խոցումը:
Տանկը թիմային աշխատանք է պահանջում. չնայած հրամանատարի ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է դրված, բայց մեր ամենափոքր թերացումը կարող է ճակատագրական լինել:
Տեխնիկայի հզորությունը, հսկա զանգվածը, կրակ իրականացնելը, այս բոլորը զգալն ու կառավարելը մեծ հաճույք է: Երբ պատկերացնում ես, որ թիրախը, որի կոորդինատները ճշտում, նշանառության տակ ես վերցնում, ոչ թե ուսումնական է, այլ կարող է իրական թշնամուդ տեխնիկան լինել, խոցումը ճշգրիտ իրականացնելու ցանկությունդ ու ձգտումդ բազմապատկվում են: Նաև հստակ գիտակցում ես՝ եթե դու չխոցես, ինքը կխոցի քո տանկը: Պետք է շատ վստահ գործես բոլոր իրավիճակներում: Այս առումով շատ ու շատ կարևոր են մեր այս գործնական պարապմունքները: Ամեն ինչ պետք է զգայարաններովդ անցնի»:
Տանկիստի ծառայողական կյանքի ամենահետաքրքիր ու հուզառատ դրվագն, իհարկե, երեք տղաների համար էլ մարտական արկով առաջին կրակոցն է եղել: Ասում են. «Կրակոցի անսպասելի հզորությունից մի պահ սարսուռ է անցնում մարմնովդ, հետո մեծ հպարտություն ես զգում, ավելի ես կապվում տեխնիկայիդ»:
♦♦♦
Մոտենում է մարտական կրակ վարելու՝ Հովնանի, Ազատի և Արմենի հերթը: Նրանք արագ ցատկում են տանկի մեջ և գրավում իրենց տեղերը: Տանկը պոկվում է մեկնարկային գծից և առաջ սլանում՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով և խոցելով ուսումնական թիրախները։ Արդյունքները գոհացուցիչ են. բոլոր թիրախներն անվրեպ խոցված են: Մարտական հաշվարկի անձնակազմը՝ խրոխտ տանկիստների այս եռյակը, պատրաստ է նոր մարտահրավերների:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ և
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում