ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1905թ. մայիսի 1-ին Բոլանուխ գյուղում (Կարսի մարզ, Արեւելյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա):
Թադեւոս Արշակի Եղիազարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի փոխգնդապետ:
1918թ. նրա ծնողները լքել են թուրքերի ավերած գյուղը, եւ Թադեւոսը հայտնվել է Ալեքսանդրապոլի (Լենինական, Գյումրի) մանկատանը, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:
1924թ. նոյեմբերին հաշվառվել է Կարմիր բանակի շարքերում:
1927-1931թթ. ուսումնառել է Թբիլիսիի ռազմական դպրոցում:
Ավարտելով Անդրկովկասյան հետեւակային դպրոցը՝ ծառայությունը շարունակել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես վաշտի հրամանատար:
Թադեւոս Եղիազարյանը գործուն մասնակցություն է ունեցել Խարկովի ու Բելգորոդի համար մղված դաժան մարտերում: Բելգորոդում ծանր վիրավորվել է:
…1942թ. ամռանը 76-րդ հայկական հրաձգային դիվիզիան ֆաշիստական զորքերի դեմ ծանր մարտեր էր մղում Հարավային ռազմաճակատում: Օգտագործելով իրենց ժամանակավոր ուժային առավելությունը՝ հիտլերականները շարժվում էին դեպի Ստալինգրադ եւ Կովկաս: Նաեւ այդտեղի մարտերի գործուն մասնակից է եղել գնդի հրամանատար Թադեւոս Եղիազարյանը:
1943թ. ավարտել է Մ.Վ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան եւ որպես հրամանատար մեկնել է ռազմաճակատ:
1943թ. երկրորդ կեսին Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի կազմում գունդը նրա գլխավորությամբ մասնակցել է Դոնբասի եւ Ձախափնյա Ուկրաինայի հարավային շրջանների ազատագրմանը:
Եղիազարյանի հմուտ հրամանատարությամբ գործող գունդը առաջիններից էր, որ ֆաշիստներին վտարելով՝ անցել է Խորհրդային Միության սահմանից անդին: Ուկրաինական 2-րդ ռազմաճակատի զորքերը դաժան կռիվներով մոտեցել են Տիսա գետին եւ ապա հաղթահարել ջրախոչընդոտը: Գետափնյա մարտում խփվել են թշնամու 2 տանկ, սպանվել 40 հիտլերականներ:
1944թ. հոկտեմբերի 26-ին փոխգնդապետ Թադեւոս Արշակի Եղիազարյանը հերոսաբար զոհվել է իր մարտական դիրքում՝ Հունգարիայի ազատագրման մարտերից մեկում:
1945թ. մարտի 24-ին գվարդիայի փոխգնդապետ Թադեւոս Արշակի Եղիազարյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):
Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի, Կարմիր դրոշի (1944թ.) եւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Պատմության էջերից