ՄԻՇՏ ԿԳՏՆԵՍ՝ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ ԱՊՐԵԼ
Գյումրու թիվ 10 դպրոցի նախկին տնօրեն, ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշան` ֆրանսիական մշակույթի տարածման գործում ունեցած բազմամյա ավանդի համար:
-Պարոն Փաշայան, հարուստ, բովանդակալի կենսագրությամբ, ուժեղ, ճակատագրին հաղթած մարդկանց օրինակը ուսանելի է շրջապատի համար, նրանք ներշնչում են, արթնացնում ինքնավստահություն՝ մեծ ձեռնարկումների ու համարձակ երազանքների համար: Եկեք մեր պատմությունը սկսենք Ձեր կյանքի ամենանշանակալի իրադարձությունից…. կամ ամենակարևոր մարդուց:
-Ուրեմն՝ պատմեմ Շուշանիկ տատիկիս մասին: Նա արևմտահայ էր, Հասանկալե քաղաքից: Միշտ մի երգ էր դնդնում.
Թուրքը եկավ, ջարդեց մըզի,
Անտեր մնաց Հասանկալեն…
Թաքուն, շուրջբոլորը զննելով, քչփչալով պատմում էր, թե ինչպես իր վեց եղբայրների հետ փախավ Արևելահայաստան ու ավելացնում էր՝ մարդու չասես. հանկարծ թուրքի ականջը կընկնի, թուրքը շա՜տ վտանգավոր է: Ցեղասպանության սարսափը մինչև կյանքի վերջ մնաց տատիս հոգում:
Ես տատիս փեշից կպած էի, վայելում էի նրա սերն ու հոգատարությունը, լսում նրա երգերն ու պատմությունները Հասանկալեի մասին: Երբ հայրս մահացավ, ես տասը տարեկան էի, և իմ դաստիարակությամբ ու խնամքով սկսեց զբաղվել հորս քեռու տղան: Նա կրթված մարդ էր, լավ ընտանիք ուներ. գիտնական որդիներ, որոնցից Ֆերդինանդը, որը հայտնի ֆիզիկոս էր, իմ երկրորդ հայրը դարձավ: Նա ինձ չէր տարբերում իր որդի Տիգրանից: Ինչ Տիգրանի համար գներ, նույնից ինձ համար էլ էր գնում: Նաև քույրերիս էր տիրություն անում, հորդորում, հսկում էր, որ լավ սովորենք, խոսում էր մարդկային առաքինություններից ու թերություններից: Այդ մարդը բառացիորեն փրկեց իմ մանկությունն ու իմ ապագան: Ես սա պատմում եմ, որ հետո ասեմ՝ մարդուց մնում է միայն նրա բարի համբավը, մնացածն անցողիկ է: Ֆերդինանդը վաղուց չկա, բայց այսօր ես օրհնանքով ու երախտագիտությամբ եմ հիշում նրան:
Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբորս երկրորդ կինը՝ Արուս Ազնավուրյանը, որ Շառլ Ազնավուրի հարազատ հորաքույրն էր, ու նրա հրավերով հաճախ էր լինում ֆրանսիայում: Արուս Ազնավուրյանը ինձ ծանոթացրեց Շառլի երգերի հետ …Ու ես սիրահարվեցի ֆրանսերենին: Երբ փոքր էի, առանց բովանդակությունը հասկանալու, անգիր էի անում Շառլի երգերը: Մեր տանն ամենուր նրա ձայնապնակներն էին: Պիտի պատմեմ նաև հորեղբորս առաջին կնոջ՝ դերասանուհի Ծաղիկ Վրույրի մասին:
-Նա ազգակցական կապ ունե՞ր հայտնի դերասան Արամ Վրույրի հետ:
-Արամ Վրույրի աղջիկն էր: Թիֆլիսի թատրոնում էր խաղում ու հաճախ այցելում էր մեզ: Խոսում էր արվեստից, գրականությունից, պատմում էր մեծ արտիստների մասին: Երեխայի հոգին պարարտ հող է. ինչ ցանես, այն էլ կծլի: Ես այնքան երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք ճակատագրի բերումով հանդիպել են ինձ մանկության ու պատանեկության տարիներին:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք ֆրանսերենի ուսուցիչ դառնալ: Ձեր սերնդի տղաները պիտի որ ուրիշ նախասիրություններ ունենային:
-Իմ ֆրանսերենի ուսուցչուհին եգիպտահայ էր՝ Անժիկ Ալեքսանյանը: Շատ խիստ կին էր ու ծեծում էր մեզ: Երբ ես դպրոցական էի, օտար լեզուն երկրորդական առարկաների շարքում էր, և Անժիկ Ալեքսանյանը անհարկի խստությամբ փորձում էր կարևորել այն: Մենք Անժիկ Ալեքսանյանի անունը Փանթիկ էինք դրել, որովհետև հերիք չէ՝ իր մազերին, հագուստի վրա մեծ ժապավեններ էր կապում, մեզ էլ ասում էր. «Բառատետրերը փանթիկով կամրացնեք տետրերուն վրա»: Ու չամրացնողներին փայտով ծեծում էր…
-Պարզ է, որ Ձեզ էլ է ծեծել: Այս «հրաշալի» հիշողություննե՞րն էին պատճառը, որ ընտրեցիք Ձեր ուսուցչուհու մասնագիտությունը:
-Մի անգամ Անժիկ Ալեքսանյանն ինձ ապտակեց, իսկ ես նրան հրեցի: Նա էլ ինձ անբավարար գնահատեց ֆրանսերենի քննության ժամանակ, մինչդեռ ֆրանսերենի իմացությամբ դասարանում ոչ ոք չէր կարող մրցել ինձ հետ: Ես տարված էի Շառլ Ազնավուրով և Արուս Ազնավուրյանի աջակցությամբ անընդհատ պարապում էի ու թարգմանություններ էի անում: Քննության ժամանակ Անժիկ Ալեքսանյանը ինձ հանձնարարեց թարգմանել մի տեքստ, որը վերցված էր ֆրանսիական մամուլից: Ու պատժեց ինձ՝ անբավարար գնահատեց գիտելիքներս: Մեր դպրոցի տնօրենը հրաշալի, ազնվական կին էր՝ Հռիփսիկ Ավետիսյանը, նա փոխեց գնահատականս:…Ու ես որոշեցի՝ պետք է ֆրանսերենի ուսուցիչ դառնամ, վերադառնամ իմ դպրոց, աշխատեմ Անժիկ Ալեքսանյանի հետ: Ու ապացուցեմ, որ ես իրենից լավ մասնագետ եմ:
-Պարոն Փաշայան, իհարկե, շատ լավ կլիներ, որ ավելի բարի ու գեղեցիկ դրդապատճառ ունենայիք ուսուցչի մասնագիտությունն ընտրելիս, մանավանդ՝ 50 տարվա փառահեղ ճանապարհ եք անցել ու անգամ արժանացել եք ֆրանսիական կառավարության բարձր պարգևին: Բայց, ինչպես ասում են, եղածը եղած է…Գոնե կարողացա՞ք իրագործել Անժիկ Ալեքսանյանի հետ աշխատելու երազանքը:
-Ես նրա տեղն աշխատեցի: Երբ ավարտեցի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, Անժիկ Ալեքսանյանի թոշակի գնալու ժամանակն էր, ու ես փոխարինեցի նրան:
-Մի բան ասեմ՝ Ձեր աշակերտները պնդում են, որ Դուք պակաս խիստ չեք եղել: Փաստորեն, կրկնել եք Անժիկ Ալեքսանյանի աշխատաոճը:
-Այո՛, ես խիստ ուսուցիչ եմ եղել, բայց՝ արդարամիտ, ու շատ եմ սիրել իմ աշակերտներին: Ես ամեն ինչ արել եմ նրանց համար: Աշակերտներս այդ մասին չե՞ն ասել:
-Իհարկե, ասել են: Պարոն Փաշայան, ցավոք, Ձեզ հետ զրուցելիս մենք չենք կարող շրջանցել երկրաշարժը, քանի որ այն երկատեց Ձեր կյանքը:
-Չերկատեց, պարզապես փշուրների վերածեց: Բայց ես կարողացա այդ փշուրները սոսնձել իրար ու ապրել: Երկրաշարժի ժամանակ կորցրի երկու երեխաներիս, կնոջս՝ իմ հրաշալի, իմ սիրելի, երջանկությամբ ու սիրով լեցուն ընտանիքը…Կորցրի իմ աշակերտներին. 299 երեխա մնաց փլատակների տակ: Ես տարիներ շարունակ չէի կարողանում մոռանալ նրանց սարսափած աչքերը, երբ վախից հավաքվել էին շուրջս, ի՛նձ էին ապավինել, բայց ես չկարողացա փրկել նրանց: …Երբ ինձ հանեցին դպրոցի փլատակների տակից, ամեն ինչ անդառնալիորեն ավարտված էր…
-Պատմում են, որ Դուք փլատակների տակից բազմաթիվ երեխաների եք հանել, ու նրանք ողջ են մնացել:
-Բազմաթիվը մեր կորուստներն էին: …Ու ես ինքս ինձ ասացի՝ մեռնելը մեծ շռայլություն կլինի քեզ համար, վե՛ր կաց, վերականգնի՛ր դպրոցդ, հավաքի՛ր երեխաներիդ, վերածնի՛ր ընտանիքդ, զավակնե՛ր ունեցիր…
Լիլիթս ու Վահանս երկնքում էին, իսկ Վանինես ու Վահես լույս աշխարհ եկան երկրաշարժից հետո: Ի դեպ, Վահես պատվով ծառայեց Մատաղիսում:… Կյանքը, թեև տարտամ, բայց հետզհետե գույներ առավ:
Ես գործի մեջ թաղեցի վիշտս, ինձ ստիպեցի ապրել հանուն նպատակի: Կարիք կա՞ պատմելու, թե ինչ գերմարդկային ջանքերի գնով սկզբում դպրոց հիմնեցինք վրանների տակ, հետո մեր շենքը կառուցեցինք: Մեր դպրոցի տնօրենը՝ Արտուշ Պապիկյանը, կրթության գործի նվիրյալ էր, նա բարձունքի էր հասցրել մեր կրթօջախը: Արտուշ Պապիկյանը զոհվեց երկրաշարժի ժամանակ, մնաց դպրոցի փլատակների տակ: Ես որոշեցի փլատակներից բարձրացնել ոչ միայն դպրոցը, այլև նրա երջանկահիշատակ տնօրենի հիմնած բարի ավանդույթները:
-Պատմեք, թե ինչպե՞ս սկսվեցին Ձեր կապերը Ֆրանսիայի հետ:
-Ֆրանսիացի պատգամավոր Ռոշբլուանի հետ Հայաստանում ծանոթացա: Հետո գնացի Ֆրանսիա: Ռոշբլուանը օգնեց իրականացնել նոր ու բարեկարգ դպրոց ունենալու մեր մեծ ու անհնար թվացող երազանքը: Փոխայցելությունները շարունակվեցին: Ես տարիների ընթացքում մոտ 600 աշակերտ եմ տարել Ֆրանսիա՝ հայ-ֆրանսիական բարեկամության ու համագործակցության շրջանակում: Նույնիսկ ինձ հրավիրեցին Ֆրանսիայում դասավանդելու՝ խոստանալով շահավետ պայմաններ ու բարեկեցիկ կյանք: Բայց ես մերժեցի հրավերը, որովհետև սիրում էի իմ քաղաքը, իմ դպրոցը ու իմ աշակերտներին:
-Պարոն Փաշայան, որտե՞ղ է մարդկային ուժի ակունքը: ո՞րն է հաղթելու Ձե՛ր բանաձեւը:
-Եթե Դուք ինձ հարցնեք երջանկության մասին, ես կպատմեմ, թե ինչ ջանքերի գնով էինք իրականացնում երեխաների ուսումնառությունը վրանների տակ, և ինչ տիտանական աշխատանք կար նոր, գեղեցիկ, մեծ դպրոցի կառուցման հենքում: Ես կպատմեմ, թե ինչպես էինք զրոյից դպրոց ստեղծում, ձեռք բերում առաջին գույքը, պատից կախում առաջին նկարը….Մարդը աշխարհ է գալիս, որ մի լավ բան անի ուրիշ մարդու համար: Այս պարզ բանաձևն է ամփոփում մարդու գոյության խորհուրդը: Եթե սրտիդ մեջ սեր կա, միշտ կգտնես՝ հանուն ինչի ապրել: Մարդը աշխարհ է գալիս, որ գործի, իսկ իմ գործը՝ ուսուցչությունը, ամենագեղեցիկն է ու ամենաշնորհակալը: Ես 50 տարի սերունդ եմ կրթել…Իմ առաջին աշակերտները ճերմակահեր պապիկ-տատիկներ են արդեն: Երբ անցնում եմ Գյումրվա փողոցներով, ես տանն եմ, ամեն քայլափոխին հարազատ, սիրելի դեմքեր են հանդիպում: Երկրաշարժի ժամանակ կորցրի ամեն ինչ, բայց սիրտս իր վիրավոր ափերի մեջ մի բուռ սեր պահեց: Ու այդ սերն էլ ապրեցրեց ինձ…
…Իմ աշխարհը փոքրացել է: Ոտքս անդամահատեցին: Հիմա տնից հազվադեպ եմ դուրս գալիս: Բայց, այս փոքրիկ աշխարհում էլ սիրելու բան կա՝ իմ տունն եմ սիրում, գրքերս, խնամողիս, ինձ այցելող մարդկանց: Կյանքն եմ սիրում:
-Պարոն Փաշայան, շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշանի արժանանալու համար: Եվ շնորհակալություն, որ պատմեցիք Ձեր առինքնող կյանքի պատմությունը: Առողջ եղեք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Հոգևոր-մշակութային