Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԱՎԻՆ ՀԱՂԹԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



ՑԱՎԻՆ ՀԱՂԹԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմը ծանր փորձություն էր հայ ժողովրդի համար։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություն՝ մարտի դաշտ նետելով իր ամբողջ զինանոցը։ Ապրիլի 3-ին առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակեցին ագրեսիվ ռազմական գործողությունները, որոնց հետևանքով հերոսաբար զոհվեցին 321-րդ տանկի անձնակազմի անդամները՝ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը։

…Վլադիմիր Ալիխանյանի բնակարանում ինձ դիմավորեց հերոսի մայրը՝ տիկին Աննան: Նա անմիջապես ինձ ուղեկցեց իր որդու Պատվո և հիշատակի անկյունը: Մեծադիր լուսանկարից հերոսը պայծառ ժպտում էր, անկյունում շարված էին նրա մեդալները, իսկ մի փոքր հեռվում դրված էր զինվորական համազգեստը։

Այստեղ սուգն ու հպարտությունը, ցավն ու կամքը միախառնված են, այս տանը չես կոտրվում, ընդհակառակը՝ ավելի ուժեղ ու հուսավառ ես դառնում: Զարմանալի զսպվածություն, արժանապատվություն, վեհություն կա նրանց վշտի մեջ։

-Որդիս ջերմ տղա էր, արագորեն կարողանում էր շահել մարդկանց համակրանքը: Աշխատասեր, պարտաճանաչ աշակերտ էր, լավ էր սովորում,- այսպես է իր զավակին բնութագրում տիկին Աննան:- Առհասարակ, նա հոգատար մարդ էր: Իր ուժերի չափով օգնում էր բոլորին, ովքեր օգնության կարիք ունեին:

…Վլադիմիր Ալիխանյանը  սովորել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժնում։ Սիրով ու լավ զինվոր դառնալու հաստատակամությամբ է մեկնել զինծառայության: Ավելին՝ որոշել էր զինվորական դառնալ, կյանքը կապել հայրենիքի սահմանների պաշտպանությանը, բայց ճակատագիրը հերոսանալու այլ ճանապարհ էր նախատեսել նրա համար: Նա պիտի անցներ ապրիլյան կռվի բոցերով ու կյանքով հավաստեր իր սերն առ հայրենիք, իր տղամարդկային պատվախնդրությունն ու ոգու ամրությունը:

….Հարազատները դեպքի մասին իմացան լուրերից: Հետո բոթը տարածվեց քաղաքով մեկ, մարդիկ սգացին ու… հպարտացան…

Երբ հրաժեշտ էի տալիս տիկին Աննային, տեսա փոքրիկ Վլադիմիր Ալիխանյանին, որը հերոսի եղբոր որդին է ու նրա անունն է կրում: Փոքրիկ Վլադիմիրը վազվզում էր ժիր ու ժպտադեմ, դիմագծերով նման էր հերոսին։ …Մի օր նա կկանգնի սահմանին ու իրականություն կդարձնի հորեղբոր բոլոր անկատար երազանքները:

ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

17 տարեկան, Դիլիջան

Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Ճակատագրեր


25/06/2020