Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՎԱՂԻՆԱԿ ՍԵՄՅՈՆԻ (ՍԻՄՈՆԻ) ԶԱԽԱՐՅԱՆ (ԶԱՔԱՐՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1920թ. հունիսի 10-ին Մարտունաշեն գյուղում (Շահումյանի շրջան, Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Ադրբեջան), բանվորի ընտանիքում:

Վաղինակ Սեմյոնի Զախարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի ավագ սերժանտ:

1939թ. Կիրովաբադում (Գանձակ, Գյանջա, Ադրբեջան) միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը եւ հենց առաջին կուրսից զորակոչվել Կարմիր բանակ:

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտերի: Տանկիստ Զախարյանն ապրել է նահանջի, մարտական անհաջողությունների պատճառած դառնությունն ու հաղթանակների բերկրանքը: Կռիվներում երկու անգամ վիրավորվել է եւ ենթարկվել ցնցակաթվածի, բայց ամեն անգամ հոսպիտալում ապաքինվելուց հետո վերադարձել է հարազատ զորամաս:

1943թ. սեպտեմբերին ավարտել է տանկային ուսումնարանն ու որպես տանկային դասակի հրամանատար վերադարձել ռազմաճակատ: Մասնակցել է Ուկրաինայի ազատագրմանը, խիզախություն ցուցաբերել Շեպետովկա, Տերնոպոլ քաղաքների համար մղված մարտերում: Հատկապես աչքի է ընկել լեհական հողն ազատագրելիս:

Եղել է Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 4-րդ գվարդիական տանկային կորպուսի 13-րդ գվարդիական գնդի 2-րդ գումարտակի տանկային դասակի հրամանատար:

1945թ. հունվարի 16-ին լինելով հետախուզությունում՝ տանկով ներխուժել է Իվանովիցե գյուղ (Կրակով քաղաքից հյուսիս, Լեհաստան), թրթուրներով ճզմել է գերմանաֆաշիստական զավթիչների 2 թնդանոթ, 2-ն էլ ոչնչացրել տանկահրանոթի կրակով: Չնայած հակառակորդի քանակաուժային առավելությանը՝ Վ.Զախարյանը վճռականորեն շարունակել է մարտը եւ ոչնչացրել եւս 3 ինքնագնաց հրետանային միջոց ու 110 հիտլերականի: Ծանրորեն վիրավորված վիճակում նա հաջողությամբ կասեցրել է հակառակորդի գրոհները, մինչեւ յուրային հիմնական ուժերի գալը պաշտպանել է գյուղը՝ դրանով իսկ միայնակ կատարելով ընդհանուր մարտական առաջադրանքը: Սակայն վերջին պահին թշնամու գնդակը դիպել է քաջին, եւ Վաղինակ Զախարյանը խիզախորեն հրաժեշտ է տվել կյանքին:

1945թ. հունիսի 27-ին գվարդիայի ավագ լեյտենանտ Վաղինակ Սեմյոնի Զախարյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի, Կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:

Հերոսի պատվին նրա ծննդավայրում տեղադրված էր հուշատախտակ:

 

Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Պատմության էջերից


02/07/2020