«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ԲԱՂԱԲԵՐԴ» ՋՈԿԱՏԻ ԱՆՎԱՆ ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հրահանգով և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ հունիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ համայնքի հարակից լեռան գագաթին վեր խոյացավ և օրհնվեց սրբախորհուրդ հսկա Խաչ՝ ի պատիվ «Գարեգին Նժդեհ Բաղաբերդ» ջոկատի զոհված տղաների:
Նախաձեռնությունը Քառօրյա պատերազմի հերոս Արմեն Գասպարյանի (Մակիչ) որդունն էր՝ Արթուր Գասպարյանինը՝ զորավիգ ունենալով Բաղաբերդի երիտասարդությանը:
Արարողությանը ներկա էին ջոկատի ազատամարտիկները, զոհվածների ընտանիքների անդամները, սպաներ, հոգևորականներ:
Սրբալույս Խաչը օրհնվեց Տեր Վահան քահանա Հեբոյանի և Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ: Իր գնահատանքի խոսքը բերեց զորամիավորման ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը՝ խոսելով Խաչի խորհուրդի, նրանից բխող զորության, ջոկատի փառավոր անցած ճանապարհի մասին: Ինչպես նաև ԶՈՒ հոգևոր առաջնորդի օրհնությամբ Հրայր սարկավագ Լալայանը ջոկատի զոհված ազատամարտիկների ընտանիքներին փոխանցեց զինվորական Նոր Կտակարաններ և «Աշոտ Երկաթ» ռազմական կրծքախաչեր:
Ի նշան խաղաղության՝ աղավնիներ բաց թողնվեցին զինվորականների, մանուկների և ջոկատի ազատամարտիկների ձեռքով…
Խաչից է բխում խաղաղությունը, և այդ խաղաղությունը զոհված հայորդիների կտակն է, որ ժառանգում է մատաղ սերունդը:
Մատուցվեց նաև մատաղ՝ ի հիշատակ զոհված տղաների հոգու հանգստության, որին հաջորդեց սիրո ընթրիք:
Փառք ու պատիվ մեր զոհված եղբայրներին, և նորաօծ Խաչը թող ապավեն լինի Կապան քաղաքին և «Գարեգին Նժդեհ Բաղաբերդ» ջոկատին:
Գնդերեց՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԿԱՎԱԳ ՕՀԱՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Հոգևոր-մշակութային