ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ՍՏԵՓԱՆԻ ԻՍԱԿՈՎ (ՏԵՐ-ԻՍԱՀԱԿՅԱՆ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1894թ. օոգստոսի 22-ին Հաջիքենդ ավանում (Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Ադրբեջան), ճանապարհային շինարար-տեխնիկ Ստեփան Եգորի Տեր-Իսահակյանի եւ էստոնուհի Իդա Անտոնովնա Լաուերի ընտանիքում:
Հովհաննես Իսակովը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, խորհրդային զորապետ, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ:
…1913թ. դարձել է Պետերբուրգի տեխնոլոգիկան ինստիտուտի ուսանող: 1917թ. մարտին ավարտել է Առանձին գարդեմարինյան դասընթացները եւ միչմանի կոչումով նշանակվել «Իզյասլավ» էսկադրային ականակրի վերահսկիչ: 1917թ. հոկտեմբերին մասնակցել է կայզերական Գերմանիայի նավատորմի ուժերի դեմ Մոոզունդյան նշանավոր կռվին: 1917թ. աշնանը դարձել է ավագ սպա: Մասնակցել է Հելսինգսֆորսից Կրոնշտադտ Բալթյան նավատորմի 1918թ. «Սառցային» արշավանքին:
1920թ. հունիսից Ի. Ս. Իսակովը ծառայել է Բալթյան նավատորմում: 1926թ. եղել է շտաբի պետի օգնական, Սեւծովյան ծովուժերի շտաբի պետի տեղակալ: 1937թ. հունվարին նշանակվել է շտաբի պետ, իսկ նույն տարվա օգոստոսին 2-րդ կարգի ֆլագման Ի. Ս. Իսակովը դարձել է Բալթյան նավատորմի հրամանատար: 1938թ. Ռազմածովային նավատորմի ժողկոմի տեղակալն էր, 1939թ. ապրիլից մինչեւ 1946թ.՝ 1-ին տեղակալը, 1941-1943թթ.՝ նաեւ Գլխավոր ծովային շտաբի պետը:
Մեծ հայրենականի սկզբից Լենինգրադում համակարգել է Բալթյան նավատորմի, Լադոգայի ու Չուդի նավատորմիկների մարտական գործողությունները՝ ցամաքային զորքերի հետ քաղաքը պաշտպանելիս: 1942թ. ապրիլից եղել է Հյուսիսկովկասյան ուղղության, ապա նույնանուն ռազմաճակատի հրամանատարի տեղակալ եւ Ռազմախորհրդի անդամ: 1942թ. հոկտեմբերին Տուապսեի մոտ Գոյտխի լեռնանցքի ռմբակոծման ժամանակ ծանրորեն վիրավորվել է: Մինչեւ 1945թ. եղել է բուժընթացում՝ ոտքի անդամահատումից հետո:
1944-1945թթ. անդամակցել է Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանները նախապատրաստող պետական հանձնժողովին:
1946-1947թթ. նավատորմի ծովակալ Ի. Ա. Իսակովը ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետն էր, 1947-1950թթ.՝ ԽՍՀՄ ռազմածովային նվատորմի գլխավոր հրամանատարի տեղակալը:
1955թ. մարտի 3-ին Իվան Ստեփանի Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի բարձրագույն զինկոչումը՝ «Մարշալական աստղ» պարգեւանշանի հանձնումով:
1965թ. մայիսի 7-ին Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Ստեփանի Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով: Պարգեւատրվել է նաեւ Լենինի 6, Կարմիր դրոշի 3, Ուշակովի առաջին աստիճանի 2, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով:
Ծուվակալ Իսակովը 60-ից ավելի գիտական երկերի հեղինակ է: Նրա անմիջական ղեկավարությամբ պատրաստվել ու հրատարակվել է «Ծովային ատլասի» երկհատորյակը: Եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951թ.), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1958թ.):
Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին: Հանգչում է Մոսկվայի Նովոդեւիչյան գերեզմանատանը:
Ի. Ս. Իսակովի անունն է տրվել հակասուզանավային մի մեծ նավի: Նրա անունն են կրում Երեւանի պողոտաներից մեկը եւ 71-րդ դպրոցը, ինչպես նաեւ Ստեփանակերտի մի փողոց: Իսակովի Երեւանամուտ պողոտայի բարձունքում մեծ ծովագետի ու հերոսի հուշարձանն է:
Մոսկվայում նրա տան պատին եւ Սոչիի այն սանատորիայի որմին, ուր Ի. Ս. Իսակովը բուժվել է, զետեղվել են հուշատախտակներ:
Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Պատմության էջերից