Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ



ԵՎՍ ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԻ    ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑՔսաներորդ դարի տասական թվականներին օսմանյան կայսրությունը հասել էր իր մայրամուտին։ Նախ՝ իտալա-թուրքական պատերազմներում (1911-1912 թթ.) կորցրել էր Էգեյան ծովի 12 կղզիները եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ Տրիպոլիտանիայի ու Կիրենաիկայի (Լիբիա) տիրույթները, ապա Բալկանյան պատերազմներում՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Բալկանյան թերակղզու մյուս տիրույթները (1912-1913 թթ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին Օսմանյան կայսրությունը կորցրեց Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի, Լիբանանի, Կիպրոսի, Եգիպտոսի եւ Հյուսիսային Աֆրիկայի տիրույթների վրա ունեցած իշխանությունը։ Ջախջախված թրքական բանակներից մնացել էին դասալիքներից բաղկացած զինված ավազակախմբեր: Պարտություններից բարոյալքված զինվորը դարձել էր վախկոտ։ Փոխանակ պետության սահմանների ամբողջությունը պաշտպանելու, բանակը զբաղված էր անզեն եւ խաղաղ հպատակ ժողովուրդներին կոտորելով։ Այդ ժամանակահատվածին է համընկնում հայ ժողովրդին բնաջնջելու նպատակով գործադրվող հայկական կոտորածների երկարատեւ շարանը (1896-1922 թթ.)։ Աշխարհածավալ Օսմանյան կայսրությունից միմիայն Փոքր Ասիայում (Անատոլիա) մնացել էր փոքր մի հատված միայն։ Անատոլիայի արեւմտյան մասը՝ Իզմիր եւ Էսքիշեհիր քաղաքներով, գրավել էին հույները։ Իտալացիներին էր անցել Անատոլիայի հարավարեւմտյան հատվածը՝ Անթալիա քաղաքով ու նույնանուն ծոցի շրջաններով։ Անգլիացիները, ֆրանսիացիները, ճապոնացիները եւ մյուս համաձայնական պետությունները, գրավել էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլը (Կոստանդնուպոլիս)։ Քաղաքի առաջ, ծովածոցում հավաքվել էր հաղթական 21 պետությունների դրոշները ծածանող խոշոր մի նավատորմ։ Քաղաքը ցնցվում էր նրանց ամենօրյա հրետանային ողջույնի կրակոցների դղրդյուններից։ Անատոլիայի արեւելյան հատվածի 6 վիլայեթներն (Արեւմտյան Հայաստան) էլ բաժին էին ընկել նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը (1918-1920 թթ.)։ Ֆրանսիայի Արեւելյան օկուպացիոն բանակը գրավել էր Անատոլիայի հարավի հատվածը՝ Կիլիկյան Հայաստանի տարածքը։ Ծրագրված էր նաեւ Ֆրանսիայի հովանավորության ներքո Կիլիկիայում ստեղծել հայկական մի հանրապետություն։

Վերջապես, կարծես, սկսել էր ժպտալ հայ ժողովրդի բախտը։ Հայկական անկախ մի հանրապետություն հիմնվել էր Հայկական լեռնաշխարհում։ Երկրորդն էլ ստեղծվեց Կիլիկիայում։

…Ֆրանսիական Արեւելյան եւ անգլիական բանակներին զինակցում էին նաև Մերձավոր Արեւելքի երկրներում (Իրաք, Սիրիա, Կիլիկիա, Կիպրոս եւ այլն) գործող հայ կամավորների լեգեոնի ստորաբաժանումները։ Վերջիններս կազմված էին թրքական հայաջինջ կոտորածներից, Տեր-Զորի անապատներից ու Կիլիկիայի ջարդերից, հազարումի արհավիրքներից ողջ մնացած, վրիժառու եւ խիզախ կամավորներից։ Նրանք մահն առ ոչինչ համարող, ոխը սրտում քաջարի հայ մարտիկներ էին։

…Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցները բոլշեւիկյան Ռուսաստանին չհանձնելու եւ ծովերի գերիշխանությունից ոչինչ չզիջելու մտադրությամբ Անգլիայի,Ֆրանսիայի եւ մյուս համաձայնական պետությունների միջեւ ծավալվեց պառակտողական գործունեություն։Հենց այդ ժամանակ էլ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ Անատոլիայում կազմվեց Ազատագրական բանակ, որի նպատակը Օսմանյան կայսրության կորցրած տիրույթները վերագրավելն էր: Ամոթալիորեն Ստամբուլից վռնդվեցին անգլիական ու համաձայնական մյուս պետությունների զինվորական ստորաբաժանումները։ Իզմիրից ծով թափվեց հունական բանակը։ Իտալացիները տեսնելով անմխիթար դրությունը՝ իրենք հեռացան Անթալիայից ու շրջակա վայրերից։ Հայերից գրավվեց Արեւմտյան Հայաստանի տարածքը։ Քեմալականները կռիվներ էին մղում նաեւ Կիլիկիայում գործող ֆրանսիական Արեւելյան բանակի դեմ։ Միջերկրականի ծովափը պաշտպանելու,ֆրանսիական ու անգլիական մարտանավերից անակնկալ ցամաքահանմանը դիմագրավելու նպատակով Կիլիկիայի ծովամերձ վայրերում տեղակայվել էին ռազմականացված հենակետեր։ Այդպիսի մի քանի կետեր էին հաստատված նաեւ Կիպրոս կղզու դիմաց եւ նրա հյուսիսային ուղղությամբ, Կիլիկիայի արեւմտյան հատվածում, Տաշ-ուջու ծոցի, Օվաջըկ գյուղի, Պապատոլ հրվանդանի, Սիլիֆկեյի (Սելեւկիա), Կյավուր քյոմի, Այաշի (հայոց Կոռիկոս նավահանգիստ) եւ նրանց հարող ծովեզերյա վայրերում։

Տվյալ ժամանակաշրջանում հայ կամավորների լեգեոնից մի վաշտ էլ գտնվում էր Կիպրոս կղզում, ուր գործակցում էր ֆրանսիական հրամանատարության հետ։ Ռազմական առաջադրանքներից մեկը ծրագրված էր Կիլիկիայի ծովափը հսկողության տակ պահող քեմալականների ամրացված կետերի դեմ։ Այն հանձնարարված էր կատարել հայ կամավորների ստորաբաժանման մարտիկներին, որոնք լավ ծանոթ էին լեզվին ու տեղանքին։ Ամպոտ մի գիշեր, ֆրանսիական նավը կամավորներին գաղտագողի հասցրեց Դանա-ադասը կոչվող ափամերձ եւ անմարդաբնակ կղզյակը։ Ռազմական հանդերձանքը, սննդամթերքը, զենքերը եւ նավակները իջեցվելուց հետո, նավն աննկատ հեռացավ կղզյակից։ Հայ կամավորները նավակները թաքցնելուց հետո իրենք էլ թաքնվեցին կղզյակում մնացած բերդի եւ մթերանոցների ավերակներում։ Կղզյակի միակ փարոսը չէր գործում: Նավ չունենալու պատճառով, թուրքերը մասամբ աչքաթող էին արել կղզյակի հսկողությունը։ Կենդանության ոչ մի նշույլ չկար ամայի կղզյակում…

Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակ (1198-1375 թթ.) այդ կղզյակը կոչվում էր Պիրովընցալ կամ Պրովենցալ եւ հայոց թագավորների կողմից պարգեւագրերով շնորհվել էր Ֆրանսիայի Պրովանս քաղաքի վաճառականներին եւ ասպետներին, որպեսզի իրենց առեւտրական ապրանքներն այնտեղի մթերանոցներում կուտակեն եւ ռազմանավերի աջակցությամբ հասցնեն Եվրոպայի նավահանգիստները։ Այդ պատճառով, պրովանսցիները կղզյակում կառուցել էին մթերանոցներ եւ մի բերդ։ Նույնիսկ Պրովենցալ կղզին ուներ իր ուրույն զինանշանն ու դրոշը, որը կազմված էր Կիլիկիայի Հայկական պետության եւ Պրովանս քաղաքի հերալդիկական նշաններից։ Ուստի, այն նաև սրտամոտ մի վայր էր Կիլիկիայում գործող ֆրանսիական բանակի հրամանատարության համար։

…Կղզյակում թաքնված հայ կամավորները, գիշերները նավակներով մոտենում էին ծովեզրի ամայի ափերին եւ խորանում դեպի ներս։ Աննկատ շրջանցում էին գյուղերը, կտրում հեռագրի եւ հեռախոսի լարերը եւ մոտենում քեմալականների զորանոցներին։ Նախքան կղզյակից հեռանալը, նրանք լեղակով ներկում էին երեսները, հագնում սեւ հագուստներ, եղջյուրներ եւ պոչեր։ Մթության մեջ, նրանք նմանվում էին սատանաների։ Մինչ բուն գործողություններին անցնելը հարկավոր էր լինում տեղափոխել բավականին քանակությամբ պայթուցիկ եւ հրկիզող նյութեր, ականներ, նռնակներ եւ այլ զենքեր։ Նախքան հարձակման անցնելը, կամավորներն ականապատում էին պահականոցների եւ զորանոցների շրջակայքը, մուտքի եւ ելքի ճանապարհները։ Դրանից հետո անշշուկ կերպով որսում էին ժամապահներին, եւ գործողությունն ընթանում էր ամբողջ թափով։ Արձակվում էին հրկիզող եւ պայթուցիկ նյութերը, նետվում նռնակները։ Մի րոպեում թիրախը վերածվում էր դժոխքի։ Պայթյուններից օդ էին թռչում շինություններն ու ականներին ընդհարվող խուճապահարները։ Խառնաշփոթ վիճակում իրար վրա էին կրակում անակնկալ հարձակման ենթարկվածները։ Բոցավառվող շինությունների ցոլքերում երբեմն նկատվում էին կոտոշավոր եւ պոչավոր սոսկալի սեւ էակներ։ Նրանց նկատողների վերջին բաժինը լինում էին նռնակի կոտորակները։ Թուրքերի խոսակցության առարկա էր դարձել. «Դրանք սեւ շեյթաններ (սատանաներ) են եւ գալիս են մեղավորներին պատժելու ու աշխարհի դատաստանը տեսնելու համար»,- ասում էին նրանք։

Հայ կամավորները, նախօրոք մշակված ծրագրով, ինչպես աննկատ մոտենում էին թիրախին, այնպես էլ մթության մեջ աննշմար հեռանում էին այնտեղից, նշանակված ժամին հասնում ամայի ծովափի ժամադրավայրը։ Մթության մեջ գալիս էին ձկնորսական նավակները, նրանց առնում, հեռանում էին ափերից ու ձուլվում աղջամուղջի մեջ։ Երբեմն գիշերվա ընթացքում, միեւնույն ժամանակ երկու տարբեր վայրերում էին հարձակվում։ Նրանց խափանարար եւ քայքայիչ գործողությունները տևեցին համարյա մեկուկես ամիս…

Թուրքերը «շեյթաններին» որոնում էին ցամաքում եւ ոչ մեկի մտքով չէր անցել կղզյակը։ Եթե «շեյթաններից» գեթ մեկը բռնված կամ սպանված լիներ, ապա կհեշտանար նրանց ինքնության բացահայտումը։ Թուրքերին այդպես էլ ոչինչ չհաջողվեց:

Ֆրանսիական մի նավ կղզյակի բոլոր հայորդիներին մի գիշեր տեղափոխեց Կիպրոս: Դրանով էլ ավարտվեց առաջադրանքը։

Իրաքում, Սիրիայում եւ Կիլիկիայում թուրքերի դեմ պատերազմող բանակների կազմում գործող հայ կամավորների լեգեոնի սխրագործություններն ուղղակի հիացրել էին անգլիական եւ ֆրանսիական հրամանատարություններին։ Սակայն նրանք հայ կամավորին նայում էին իբրև թնդանոթի մսի…

Թուրքերի ազատագրական մարտերին զուգահեռ, Կիլիկիայի ֆրանսիական կառավարիչ Է. Բրեմոնի եւ քեմալականների միջեւ բանակցություններ էին ընթանում մարտերը դադարեցնելու եւ ֆրանսիական բանակը Կիլիկիայից հեռացնելու մասին։ Դիվանագիտական խաղերից անտեղյակ՝ Կիլիկիայի հայ ազգաբնակչությունը փրկության հույսը դրել էր Եվրոպայի քրիստոնյա ազգերի բարեսրտության վրա։

Ֆրանսիական Արեւելյան օկուպացիոն բանակի կողմից Կիլիկիան գրավվելուց հետո կոտորածներից, աքսորից եւ տեղահանություններից ողջ մնացած հայերը վերադարձել էին իրենց հայրենի բնօրրանը։ Նույնիսկ սկսել էին բարեկարգել տնտեսությունները, շենացնել Հաճընը, Զեյթունը, Սիսը եւ բազմաթիվ այլ բնակավայրեր։ Հայերից գաղտնի կատարվող այս բանակցությունների արդյունքն այն եղավ, որ 1920թ. մայիսի վերջերին կնքվեց ֆրանս-թուրքական պայմանագիր, ըստ որի՝ ֆրանսիական բանակները պետք է քաշվեին դեպի հարավ։ Դրանով Կիլիկիայի խաղաղ հայ բնակչությունը դեմ առ դեմ մենակ էր մնում քեմալական զորքերի առաջ։ Անխուսափելի էր ազգաբնակչության երկրորդ կոտորածը։ Օտարին հավատացած կիլիկիահայությունը ստիպված եղավ ուժերը լարել եւ դիմագրավել ոսոխին։ Ծանր կորուստների գնով պաշտպանվեց եւ դեպի հարավ՝ ֆրանսիական գոտի նահանջեց Զեյթունի, Հաճընի, Սիսի, Այնթապի եւԿիլիկիայի մյուս բնակավայրերի հայությունը։ Բավական չէր ֆրանսիացիների ամոթալի եւ խարդախ պայմանագիր ստորագրելը, նրանք ապերախտաբար զինված հարձակում էլ գործեցին Այնթապ քաղաքում քեմալականներից պաշտպանվող եւ քաղաքը թշնամուն չհանձնող հայ կամավորների վրա…

 

ՄԻՍԱՔ ՃԵՎԱՀԻՐՃՅԱՆ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Պատմության էջերից


16/07/2020