Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԿՃԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»



«ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԿՃԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»Զրույց Տավուշի թեմի առաջնորդ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ հետ

 

Սրբազան հայր, ահա 5  տարի է, ինչ Տավուշ աշխարհում եք սպասավորում, այս ծանր օրերին գնդակոծվող բնակավայրերի ժողովրդի հետ, նրանց մեջ էիք: Հոգևոր սպասավորի Ձեր առաքելության մասին խոսեք՝ այս օրերին և ընդհանրապես: 

-Ի դեպ, հենց այս օրերին լրացավ ծառայությանս հնգամյակը Տավուշում: Մեր հիմնական ծառայությունն ուղղված է հատկապես սահմանամերձ շրջանի բնակիչների հոգևոր կարիքները հոգալուն: Եվ այս օրերն էլ, բնականաբար, ոչ միայն բացառություն չեն, այլև առավել շեշտադրված են արտահայտվում այդ կարիքները: Չի կարելի ասել, որ մեզ համար անսպասելի էր այս իրավիճակը, պարզապես հակառակորդի այս հերթական սադրանքը առավել վտանգավոր էր մեր բնակչության համար՝ հենց նրանց կյանքին սպառնացող վտանգի առումով:

Այս օրերին, ժողովրդի մեջ լինելով, մեզ՝ հոգևոր սպասավորներիս համար, որ շատ լավ ենք ճանաչում մեր ժողովրդին, չափազանց մխիթարական էր կրկին տեսնելը այն կամքն ու հաստատակամությունը, այն հավատն ու մե՜ծ սերը, նաև՝ խուճապի, տագնապի բացակայությունը, որ տիրում էր այստեղ: Այն մեծ հանձնառությունը, որ ընդհանրապես գոյություն ունի սահմանապահ տավուշցիների մտածողության մեջ, այս օրերին առավել վառ դրսևորվեց: Սա բխում է նրանից, որ մեր սահմանապահ ժողովուրդը անսահման, անքննարկելի վստահություն ունի մեր բանակի, մեր սպայական կազմի և զինվորների նկատմամբ, որոնք զօր ու գիշեր ոչ միայն անքուն հսկում են նրանց անդորրը, այլև, եթե պահանջվում է, մարտական խնդիրներ են լուծում մեր պետական սահմանը պահելու համար: Սրա վառ ապացույցն էին այս օրերի իրադարձությունները:

Սրբազա՛ն, այս օրերից հատկապես ի՞նչն է տպավորվել:

-Երբ ռմբահարում էին մեր գյուղերը, մենք փորձում էինք միաժամանակ գտնվել որքան հնարավոր է շատ վայրերում: Գյուղից գյուղ անցնելով՝ տեղեկանում էինք՝ ինչ վիճակ է այդ պահին, աղոթք էինք անում մեր ժողովրդի հետ, քաջալերում ու մխիթարում… Այս վայրերից յուրաքանչյուրում, բնական մտահոգության հետ մեկտեղ, յուրահատուկ հանդարտություն ու վստահություն էր տիրում: Անգամ զավեշտալի դրվագների կարելի էր ականատես լինել: Այսպես՝ Մովսեսում տեսանք, թե ինչպես գյուղին շատ մոտ ռմբակոծությունների հուժկու ձայնի ներքո մարդիկ իրենց փուռը, թոնիրն էին նորոգում: Չինարի գյուղի կենտրոնում տեսանք, թե ինչպես  հրետակոծության օրերին գյուղի կենտրոնում տղամարդիկ սեղանիկ դրել, նարդի էին խաղում: Այգեպարում մարդիկ հավաքվել էին ապաստարանի շենքի մոտ, մաքուր օդին միասին հաճույքով սուրճ էին վայելում…

Սա խոսում է մեր ժողովրդի բացառիկ բարձր ոգու մասին, մեր սահմանապահ գյուղացիներն ապրում են մահն արհամարհելով: Վախի բացարձակ բացակայություն, և դրա փոխարեն՝ խորը ներքին գիտակցված հավատքի, հույսի, լավատեսության ու մեծագույն սիրո արտահայտություն: Այսպիսի ժողովրդին ընկճել հնարավոր չէ:

«ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԿՃԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»Այս օրերին մշտական շփման մեջ եք նաև մեր զինվորականների հետ:

-Ես փառք եմ տալիս Աստծուն, որ կոչված ենք ծառայելու այսպիսի՛ ժողովրդին և այսպիսի՛ բանակին: Մեր զինվորականներն ամենաբարձր պատրաստվածության, կատարյալ հայրենասիրության և կատարյալ եղբայրասիրության մարմնավորումն են, ինչը հատկապես վառ դրսևորվեց այս ծանր օրերին: Խոնարհվում, շնորհակալություն ենք հայտնում նրանց, որ առաջնագծում գիշեր-ցերեկ մեր անվտանգության խնդիրներն են լուծում: Ես միշտ ասում եմ, որ մենք նրանց կյանքի հաշվին ենք ապրում: Այդ պատճառով է, որ զինվորականների հանդիպելիս առաջին զգացումս լինում է շնորհակալությունը. համբուրում եմ նրանց ճակատները, օրհնում, որ անվտանգ մնան:

Այս մի քանի օրերին թշնամական կողմը կիրառել է իր զինտեխնիկայի տեսակների մեծ մասը՝ օդից, հրետակոծություն ԱԹՍ-ներով, գետնից տանկերով, իրենց էլիտար զորքերն է ուղարկել մեր տղաների դեմ, սակայն… ձախողվեցին նրանց բոլոր ծրագրերը: Սա խոսում է մեր զինվորականների արհեստավարժության մասին՝ բարձրագույն հրամանատարական կազմից մինչև զինվորները: Խոսում է նրանց կատարյալ նվիրվածության մասին, այն մասին, որ առաջնորդվում են մի սկզբունքով՝ անկախ մահվան սպառնալիքից, նահանջելու տեղ չունենք, զիջելու սանտիմետր չունենք: Վստահ եմ, որ Աստվածային նախախնամությունը և օրհությունը մեր զինվորականների հետ էր ամեն վայրկյան: Իրենք՝ մեր զինվորականներն էլ են այս մասին վկայում մեր զրույցներում:

Ցավոք, այս կռիվներում ունեցանք զոհեր և վիրավորներ:

– Խաղաղությունը, դժբախտաբար, մեզ համար թանկ գին ունի. վճարում ենք մեր սիրելիների արյամբ ու կյանքով: Մեր խոնարհումը, մեր հարգանքը, մեր աղոթքն անընդհատ մեր շատ սիրելի մարտիրոսված եղբայրների հոգիների հանդարտության, խաղաղության համար է այս օրերին: Պատիվն իրենցն է, պատասխանատվությունը մնում է մեզ՝ ապրողներիս: Մեր ամենօրյա աղոթքն է նաև, որ մեր վիրավոր թե՛ զինվորական և թե՛ քաղաքացիական եղբայրները շուտափույթ ապաքինվեն և մեր սրտերին մխիթարություն պարգևեն:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նաև մեր քաղաքացիական և ռազմական բժիշկներին, որոնք այս դժվարին ժամանակում արթուն, անդադար աշխատեցին, ծառայեցին ամենածանր պայմաններում՝ մեր տղաների կյանքերը փրկելու և շարք վերադարձնելու համար: Հիրավի  մեծ աշխատանք են կատարել մեր բժիշկները՝ թե՛ հոսպիտալում, թե՛ հիվանդանոցում, թե՛ Բերդում, թե՛ Իջևանում:

Ի՞նչն էր Ձեզ հատկապես ոգևորում:

-Ասեմ, որ մեր ժողովրդի՝ մեր հանրապետության և սփյուռքի աջակցությունն անգնահատելի էր: Մեր հոգևոր եղբայրներից բոլորին, ովքեր այդ օրերին աղոթում էին մեր զորքի համար, մեր զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, սարկավագներին, բոլորին պետք է մեր գնահատանքը հայտնենք, որ միահամուռ լծված էին այս առաքելությանը: Մեր որդիական խոնարհումը Վեհափառ Հայրապետին, որ առավոտ-գիշեր՝ ամեն վայրկյան մեզ հետ էր:

«ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԿՃԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»Ձեր մաղթանքը, Սրբազան հայր:

-Մաղթում եմ, որ մեր սահմաններում, մեր ամբողջ սահմանագծի երկայնքով մեր հայրենիքի դարպասներում՝ Տավուշում, Արցախում, բոլոր սահմանային կետերում միայն և միայն խաղաղություն տիրի, որպեսզի մենք կարողանանք անցնել մեր բնականոն, խաղաղ, ներդաշնակ, զարգացող, արարող կյանքին: Բայց միաժամանակ մենք երբևէ խաղաղություն չենք մուրալու, խնդրելու որևէ մեկից, այլ միայն պարտադրելո՛ւ ենք: Նաև հենց իր՝ հակառակորդի համար, հենց նրանց կյանքերի համար ենք խաղաղություն պարտադրելու: Որ ի վերջո հասկանան՝ զենքով և ռազմական ճանապարհով որևէ հարց չեն կարող լուծել. բացառվում է: Այլընտրանքը միայն բանակցությունը, խաղաղ ու խելամիտ քննարկումն է:

Վերջում կուզենամ մեծ հպարտությամբ ու սիրով ասել՝ կեցցե՜ մեր Հայոց բանակը՝ անկոտրում, անսասան, նվիրյալ բանակը, քաջերի արյունով ծնված, դաժան տառապանքների ճանապարհին ծնված, բոլորիս համար այսօր վստահության աբյուր  մեր Հայոց բանակը, երկրի, ժողովրդի կյանքը պահպանող և ծանրագույն խնդիրներ լուծող բանակը: Ուզում եմ շեշտել. Հայաստանի Հանրապետության սահմանը ամբողջ քաղաքակիրթ մարդկության, քրիստոնյա Եվրոպայի սահմանն է: Մաղթում եմ և ցանկանում, որ մեր քայլերը լինեն հատու, հուժկու, արժանապատիվ, որպեսզի կարողանանք ցանկալի ու բաղձալի խաղաղությունը տևական ժամանակով նվաճել:

Թող Աստված օրհնի մեր երկիրը, մեր ժողովրդին,  մեր քաջարի բանակը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Բագրատ սրբազանի անձնական արխիվից

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


23/07/2020