Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ



ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

 

Աշխարհահռչակ օպերային երգչուհի

…Հայ զինվորը դարերի ընթացքում կրած մեր կորուստների, ցավի, կարոտի և առավելապես այսօր՝ մեր փայփայած գալիք հույսերի մեկտեղումն է: Հայ զինվորը մեր աչքի լույսն է. ամենաթանկն ու անփոխարինելին…

 

 


ՎԱՐԴԱՆ
ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԱրցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր

Մենք ունենք մի թշնամի, որ ամեն ինչի պատրաստ է: Մեր ամբողջ ժողովուրդն այսօր զինվորյալ է: Մեր ամբողջ պետական սահմանին են այդ գայլերը վնգստում: Մեր երկրի ցանկացած սահմանագիծ առաջնագիծ է մեզ համար… Փա՜ռք մեր հայ զինվորին, հազար փառք, որ նա կարողացավ այս օրերին էլ ոչ միայն արժանի հակահարված տալ թշնամուն, այլ նաև այնպիսի դիրքեր զբաղեցնել, որ մեզ համար ճակատագրական են: Մեր հայ զինվորն անպարտելի է, քանի որ արդարության մարտիկ է: Մենք պետք է, ավելի քան երբևէ միասնական լինենք, մեր բոլոր համատեղ ուժերը կենտրոնացնենք մեր սահմանների վրա: Մենք հաղթող ենք, երբ բռունցքված ենք: Մեր հայ զինվորն իր թիկունքում մշտապես պետք է հզոր, միակամ հայրենիք տեսնի, քանի որ մեր զինվորի ուժը միայն մկանի, զենքի ուժ չէ, այլ գալիս է նրա ընտանիքից, նրա ապրած քաղաքից, գյուղից, միջավայրից: Այնպես որ, այս օրերին ուզում եմ առաջին հերթին ազգային համերաշխության ու միության կոչ անել: Մենք այլ ելք չունենք՝ հաղթելուց բացի…

Տեսեք, Էրդողանն այսօր մզկիթ հռչակեց քրիստոնեական տաճարը. լկտիաբար, ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նրանց քաղաքականությունն է, ուրիշի հողի վրա երկիր ստեղծել, ուրիշի կառուցածին տեր դառնալ: Նույնն է Ադրբեջան կոչեցյալ երկիրը. իր տիրացած որ տարածքն էլ վերցնես, հայկական է: Այսօր մենք պետք է լինենք միասնական՝ Արցախ-Հայաստանով, որ մի պետություն է, մեր սփյուռքի ժողովրդով: Մենք միշտ ենք միասնական եղել. խորհրդային տարիների արհեստական բաժանումը չէր կարող մեզ համար ընդունելի լինել, քանի որ մենք հոգով, ոգով, ամեն ինչով ենք միասնական: Մեր խնդիրն էլ միասնական է, և մենք պետք է բռունցքված մշտապես պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգություն կանխելու այնպես, ինչպես այս օրերին մեր զինվորը, զինվորականն արեց: Մեր զինվորն անհաղթ է, հզոր է: Մեր զինվորն այսօր ներկայացնում է մեր երկրի, մեր ժողովրդի պատկերը: Այսօրվա կռվող զինվորների մեջ ես տեսնում եմ Հայկին, Վարդան Մամիկոնյանին, մեր բոլորիս Մոնթեին: Եվ նախարարությունից մինչև զինվոր՝ այս օրերին բոլորը միասնական են և նրանց մեջ մեր ազգային հայկական ոգին է խոսում: Հաղթողը հենց այս անպարտ ոգին է:

 

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՀայաստանի գրողների միության նախագահ

Մենք ահա արդեն երեսուն տարի է, մշտապես շեշտել ենք. անկախ Հայաստանի բոլոր մյուս ձեռքբերումներից, ամենագլխավոր ձեռքբերումը մեր բանակն է, որի շարքերում 1988թ. շարժումից հետո հայտնվեցին և՛ բժիշկներ, և՛ լրագրողներ, ստեղծագործողներ, գրողներ: Վերջիններիս շարքում հիշատակենք, իհարկե, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Տարբեր մարդիկ, ովքեր իրենց մասնագիտություններն ունեին, բայց նաև ժողովրդի պատմականորեն ձևավորված բանակ ունենալու սերը, կամքը, բանակի հիմքերը դարձան: Ու հենց Արցախյան պատերազմի ժամանկներում ապացուցվեց, որ մեր բանակը, մեր հայկական զինուժը դարերի մեջ միշտ էլ բարձրացել է տարբեր կռիվներում, և Հայրենական մեծ պատերազմում, որտեղ նույնպես մեր հայորդիներն ապացուցեցին իրենց հաղթական ջիղը: Իսկ Արցախյանում՝ հատկապես: Արցախյան պատերազմի այդ բոլոր ծավալումներում մենք ապացուցեցինք ինքներս մեզ, որ դարերի մեջ ապրել ենք՝ ապավինելով մեր բազկին, մեր ուժին: Հիմա այս վերջին պատերազմական սահմանային ընդհարումները վերստին շարունակեցին այն գաղափարը, որ մենք պիտի պաշտպանենք մեզ՝ մեր հզոր զինվոր տղերքով, խելամիտ սպաներով, զինվորական գործի բարձրաստիճան գիտակներով, ու նաև մեր ժողովրդի ընդհանուր միասնական լինելով:

Այսօր Սփյուռքը, Արցախը, Հայաստանը ընդհանուր հայության մեր ներուժը միավորելով՝ մենք պետք է ամեն մի այսպիսի դրվագում, տարբեր իրավիճակներում ապացուցենք, որ մեզ հետ կատակ անելը, չար խաղ խաղալը, որոշակի ազդեցություն, ներգործություն ունենալը կամ ուժի դիրքերից որևէ բան ստիպելը բացառված է: Թող, ոչինչ, այս դեպքում մի քիչ էլ պաթոսով հնչի՝ փառք ու պատիվ մեր տղերքին, մեր, նորից եմ կրկնում՝ սպաներին, զինվորներին: Մեծ մխիթարանք մեր զոհվածների հարազատներին: Նրանք հերոսներ են, հերոսի կոչում ստանան, թե չստանան, մեր հոգիներում նրանք հերոսներ են: Նրանց մասին հիշողությունը կմնա դարեդար, նրանք ընտրել են պայքարի իրենց ձևը, և դրանից բարձր գաղափար մեր ժողովուրդն այժմ չունի: Մեր և՛ քաղաքական, և՛ հասարակական, և ընդհանրապես՝ մեր հասարակության բոլոր շերտերը միասնականության մի բռունցք պետք է լինեն: Եվ այս գաղափարով պիտի մենք մեր երկիրը պահպանենք, մեր նպատակներն իրագործենք:

Ես կոչ եմ արել մեր գրողներին, որ գրեն, մասնակցեն մեր պայքարին: Դա միշտ եղել է, և հիմա հատկապես մեր գրողի, մեր լրագրողի՝ իսկապես խորը, ուղղորդող, վերլուծական խոսքի անհրաժեշտությունը կա։ Պաշտպանության նախարարության հետ Գրողների միությունն ունի ռազմահայրենասիրական թեմաների առնչությամբ մրցանակաբաշխություն և համագործակցության լայն դաշտ: Այնպես որ, մենք մշտապես բանակի հետ ենք և դա շարունակական է, հատկապես քանի դեռ մեր ժողովուրդը կունենա իրեն պաշտպանելու խնդիր:

 

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՍկսած հուլիսի 12-ից, երբ ադրբեջանակն կողմը սկսեց հրետակոծել Տավուշի մարզի բնակելի տարածքները, մենք անմիջապես բնակիչներից, համայնքներից, Տավուշի մարզպետից ահազանգներ սկսեցինք ստանալ, և ես իհարկե անմիջապես խոսեցի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ հաստատումն ստանալու համար: Հետո մենք անմիջապես սկսեցինք մոնիթորինգ և փաստահավաք աշխատանքներ: Մինչ այժմ մի քանի զեկույցներ ենք կազմել և ուղարկել, միջազգային կազմակերպություններին՝ ցույց տալու համար փաստացի իրավիճակը. հրետակոծություններն իրականացնում են՝ քաղաքացիական անձանց կյանքի, առողջության սեփականության համար վտանգով և ավելին՝ փաստացի վնասներով: Ուզում եմ հատուկ նշել, որ այս ընթացքում մենք հենց այն վայրերն ենք այցելել, որոնք թիրախավորված են եղել, և պետք է ասեմ, որ ուսումնասիրության արդյունքում ակնհայտ կերպով տեսել ենք բնակչության կյանքին, առողջությանն ու գույքին վնաս հասցնելու՝ հակառակորդի մտադրությունը:

Իմ խորին ցավակցությունն եմ ուզում հայտնել մեր չորս հերոսաբար զոհված զինծառայողների հարազատներին:

Բայց պետք է ասեմ նաև. ակնհայտ է, որ, օրինակ՝ «Տավուշ տեքստիլը», որ թիրախավորվել էր, արտադրում է բժշկական դիմակներ: Կովիդ-19-ի պայմաներում սա ցույց է տալիս հակառակորդի այդ եղկելի մտադրությունը՝ այս առումով էլ վնաս պատճառելու բնակչությանը: Ասեմ ավելին, մենք փաստահավաք աշխատանքների ընթացքում հասկանում ենք, որ նախապես է թիրախավորված եղել հենց «Տավուշ տեքստիլը»։

Ամենաշատը վնասվել է Այգեպարը: Տունառտուն ուսումնասիրել, փաստագրել ենք բոլոր վնասները, որպեսզի նաև հստակ ցուցադենք՝ այստեղ ոչ մի ռազմական տեխնիկա չկա: Երբևէ այստեղ ռազմական օբյեկտներ չեն տեղակայվել՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ այսկերպ թաքնվում էր քաղաքացիական բնակչության թիկունքում: Ընդհակառակը՝ այստեղ ամբողջությամբ քաղաքացիական բնակչություն է, քաղաքացիական օբյեկտներ և այս տեղանքին հարված հասցնելը որևէ առնչություն չունի ռազմական բնույթի խնդիրների հետ:

 

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԿոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Մտքով, սրտով եւ ամբողջ հոգով քեզ հետ եմ, Հայոց բանակի իմ զինվո՛ր բալիկ.

Քեզ հետ եմ, Հայոց աշխարհի որ կետում էլ դու լինես,

Քեզ հետ եմ, երբ դու հատկապես վերջին օրերին Տավուշի մեր սահմանին ես,

Քեզ հետ եմ, մեր ազատագրված հողերի որ հատվածին էլ ուղղված լինի քո աչալուրջ հայացքը,

Քեզ հետ եմ՝ օրերս զորակոչվող նորակոչիկ լինես, թե նոր զորացրման ենթակա ժամկտեային զինծառայող,

Ձեզ հետ եմ, հայոց բանակի խրոխտ սպաներ ու հրամանատարնե՛ր,

Քեզ հետ եմ, հայ զինվորի անուշ մայր,

Քեզ հետ եմ հայ հողին կառչած ու այն չլքող, սահմանապահ զինվորի թև ու թիկունք, իմ անկոտրո՛ւմ ժողովուրդ։

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, թուրքագետ:

Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ Թուրքիան նախագահի, արտգործնախարարի, ռազմական նախարարի հնչեցրած հայտարարություններով անմիջապես իրեն դրեց Ադրբեջանի կողքին: Ակներև է, որ Թուրքիան այս դեպքում հանդես է գալիս ոչ միայն որպես Ադրբեջանի ագրեսիայի դաշնակից, այլ, իմ ընկալմամբ ու վերլուծություններով՝ նաև որպես Ադրբեջանին դրդող ու սադրող: Հարկ է նշել նաև, որ Թուրքիան ներկայումս քայքայիչ դեր ունի ամբողջ տարածաշրջանում: Մենք ականատեսն ենք այն բանի, թե այդ երկիրը ներկա պահին ինչպիսի բացասական դերակատարում ունի աշխարհի մի շարք տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի արևելյան շրջանում, Լիբիայում, և այժմ փաստորեն ուզում է դրան ավելացնել Հարավային Կովկասը: Մենք տեսնում ենք նաև, որ Էրդողանն իր կառավարման վերջին շրջանում վարում է մի այնպիսի քաղաքականություն, որը հանգեցնում է թուրքական զինված ուժերի օգտագործմանն ու տեղակայմանը երկրի սահմաններից դուրս: Այժմ թուրքական զինված ուժերը գտնվում են մի շարք մերձավորարևելյան երկրներում՝ Սիրիա, Իրաք, Լիբիա: Թուրքական գործակալները, այն ուժերը, որ  Թուրքիայի ազդեցության տակ են, քայքայիչ գործունեություն են ծավալում հատկապես Լիբանանում: Տեսնում ենք, թե ինչ սադրիչ գործողություններ է վարում Կիպրոսի ծովային տարածքներում: Թուրքիայի հատուկ նշանակության զորամիավորումները գտնվում են աֆրիկյան մի շարք երկրներում և այլն: Այսինքն՝ Թուրքիան ամեն տեղ, ուր հնարավոր է, զինված ուժերի միջոցով տարածում է իր քայքայիչ, ապակառուցողական քաղաքականությունը: Բայց ակնայտ է նաև, որ Թուրքիան սկսում է օգտագործել նաև վարձկանների, որոնք հավաքագրվում են «Իսլամական պետության» և դրան նմանվող այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներից: Նրանց բավական մեծ գումար վճարելով (ըստ մասնագետների՝ 2500-3000 դոլար ամսական)՝ նրանց ուղարկում է համապատասխան թեժ կետեր: Դիցուք՝ միայն այս տարվա առաջին կեսի ընթացքում Թուրքիան Լիբիա է տեղափոխել մոտ 3,5 հազար վարձկան ահաբեկիչներ: Եվ հիմա տեղեկություններ կան նաև, որ սկսվել են թուրքական տարբեր գրասենյակներ բացվել Հյուսիսային Սիրիայի այն տարածքներում, որոնք գտնվում են Թուրքիայի օկուպացիայի տակ, մասնավորապես՝ Աֆրինում, և այնտեղ նրանք սկսում են հավաքագրել վարձկանների, որպեսզի ուղարկեն Ադրբեջան:

Ինչպես գիտենք, վերջին օրերին մեր մարտական դիրքերի ուղղությամբ գրոհած «Յաշման» Ադրբեջանի հատուկ նշանակության զորամիավորումն է, որի մարտիկները պատրաստվում են թուրքական բանակի անմիջական ղեկավարությամբ և օգնությամբ: Եվ այն ջախջախիչ պարտությունը, որ կրեց «Յաշման», կարծում եմ, որ դեռ երկար կուսումնասիրեն թե՛ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբում և թե՛ Թուրքիայի գլխավոր շտաբում: Իհարկե, ես զինվորական գործի մասնագետ չեմ, բայց որպես այս իրադարձություններին կողքից հետևողի, հետևյալ տպավորությունն եմ ստանում, որ մեր հայկական զինված ուժերը մարտավարական մակարդակով շատ բարձր արհեստավարժություն ցուցադրեցին թե՛ հակառակորդին հակահարված տալու, թե՛ պատժիչ գործողությունների պլանավորման, թե՛ թիրախների խոցման տեսանկյունից: Իմ գնահատականն է. մեր զինված ուժերն այս մի քանի օրվա ընթացքում ցույց տվեցին ոչ միայն իրենց հզորությունը, այլև ապացուցեցին, որ տարածաշրջանում կարևոր դերակատարում են ստանձնում՝ որպես մեր տարածաշրջանի կայունության պաշտպան: Եթե չլինեին մեր բանակի խելամիտ, գրագետ պատասխանները ագրեսորին, մեր զինված ուժերի արհեստավարժ գործողությունները, ապակայունացված կլիներ ամբողջ տարածաշրջանը: Այսպիսով, մեր զինվորականներն իրենց հատու խոսքն ասացին, հիմա արդեն հերթը մեր դիվանագետներինն է: Կարծում եմ, վերջիններս էլ իրենց տեղում են զգալի գործունեություն ծավալում, որը միշտ չէ, որ տեսանելի է: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մեր դիվանագետները կկարողանան օգտագործել այս բարենպաստ իրադրությունը, որ ձեռք է բերվել ռազմի դաշտում՝ դիվանագիտական առումով մեր դիրքերն ավելի ուժեղացնելու համար:

Ես ուզում եմ նաև կանգ առնել մի հանգամանքի վրա: Մեր այս հաղթանակը, բացի ռազմաքաղաքական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական նշանակությունից, կունենա նաև հսկայական բարոյահոգեբանական նշանակություն, կնպաստի մեր ժողովրդի համախմբմանը՝ համազգային նշանակության խնդիրների շուրջ՝ Արցախի, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման հարցերի արդարացի լուծման շուրջ և այլն: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր սփյուռքահայ հայրենակիցներին և աշխարհի ամենատարբեր երկրներում գտնվող կազմակերպություններին, որ այս մի քանի օրվա ընթացքում այսպիսի արդյունավետ համատեղ աշխատանք տարան:

Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին  նպաստում է, որ հայ ժողովուրդը աշխարհում գլոբալ առումով սկսի հանդես գալ՝ որպես հայկական գործոն: Հայաստանի Հանրապետություն, Արցախ և Սփյուռք՝ որպես մի միասնություն: Մեր դերն, ասպիսով, աշխարհում ավելի կմեծանա:

 

Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


23/07/2020