ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հուլիսի 23-ին մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդները։
Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր միջոցներ՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։
Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների ստորաբաժանումների հրամանատարները։
ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակի ամբողջական փաստագրության և օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։
Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունները։
Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։