Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԸ ՍՆՈՂ ԳԱԶԱՄՈՒՂԸ



Երեկ վաղ առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսում պայթեցվել է Իսրայելին ու Հորդանանին գազ մատակարարող խողովակաշարը: Պայթյունից հետո սկսվել է մեծ հրդեհ, և հրշեջներն այժմ պայքարում են բաց կրակի դեմ: Սա թերակղզու հյուսիսում ընթացիկ տարում հարևան պետություններին գազ մատակարարող մայրուղիների պայթեցման յոթերորդ դեպքն է: Պայթեցված խողովակաշարով Իսրայելը ստանում էր իրեն անհրաժեշտ «երկնագույն վառելիքի» 40 տոկոսը:

Եգիպտոսի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են իսլամ ահաբեկչական կազմավորումներին, որոնց մի մասն ակնհայտորեն համագործակցում է «Ալ Քայդայի» հետ: Սակայն լրատվամիջոցները մատնացույց են անում նաև այն հանգամանքը, որ Եգիպտոսի նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են Մուբարաքի օրոք Իսրայելին ակնհայտ ցածր գներով գազի և այլ էներգակիրների մատակարարման բոլոր երկարաժամկետ համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մտադրության մասին, քանի որ, ըստ երկրի գլխավոր դատախության հրապարակած տվյալների, այս ասպարեզում քաղաքականության ու կոռուպցիայի սերտաճման արդյունքում 2005 թվականից ի վեր Եգիպոսին հասցվել է շուրջ 714 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


11/11/2011