Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԹԻՄԻ ԹԻԿՈՒՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»



«ԵՍ ԹԻՄԻ ԹԻԿՈՒՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»Տավուշում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների և հայ զինծառայողների հաղթական հակահարվածի մասին խոսելիս շեշտվեց նաև բանակի թիկունքային ծառայությունների աշխատանքը. զինվորը ստանում էր ամենաորակյալ ու հագեցած սնունդը, զինվորն ապահովված էր կենցաղային բոլոր անհրաժեշտ պարագաներով, հագուստով, նորոգ տեխնիկայով՝ մարտական գործողությունների ժամանակ և դրանից առաջ: Բանակի թիկունքի ծառայությունը համալրվում է ինչպես քաղաքացիական համապատասխան կրթություն ունեցող մասնագետներով, այնպես էլ ռազմական բուհ ավարտած կադրերով: Վոլսկի նյութատեխնիկական ապահովման ռազմական բուհի 5-րդ կուրսի կուրսանտ Գարիկ Մատինյանը ազգային բանակի ապագա թիկունքայիններից է:

 

Գարիկ, եկեք մեր զրույցն սկսեք այն հարցից, թե ինչո՞ւ որոշեցիք դառնալ զինվորական, այն էլ՝ թիկունքի ծառայության աշխատակից:

-Զինվորական դառնալու մտադրությունս ծնվել է դպրոցական տարիներին, իսկ Վոլսկի ռազմական ինստիտուտում սովորելու որոշում եմ կայացրել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ավարտելուց հետո: Շատ կարևոր է, որ ծնողները անհարկի ուղղորդումներվ չճնշեն երեխայի նախասիրություններն ու բնատուր հակումները, և թույլ տան, որ դրանք բացահայտվեն: Շատ կաևոր է, որ մարդ ընտրի իր ներաշխարհին հարիր մասնագիտություն: Ես պաշտում եմ ֆուտբոլը:

Բայց դառնում ես զինվորական

-Ես սիրում եմ թիմային խաղ, թիմային աշխատանք: Երբ բոլորը միանման համազգեստով են ու համագործակցված, ամեն մեկն իր գործը անելով, իրար լրացնելով, սևեռուն գնում են դեպի նպատակը: Ֆուտբոլային թիմը աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից է: Երբ այդ կառույցն սկսում է շարժվել՝ որպես անհատականությունների միասնություն, դառնում է կատարյալ:

Թիմում դու պաշտպա՞ն ես, թե հարձակվող:

-Ես դարպասապահ եմ: Չեմ մասնակցում գրոհներին, խոր թիկունքում եմ, բայց էական դերակատարում ունեմ, հենքային խաղացող եմ:

Իսկ ո՞րն է լիդերի դերը, թիմի ղեկավարի անելիքը:

-Ղեկավարը պիտի ստեղծի այնպիսի մթնոլորտ, այնպիսի միջավայր, որ թիմի բոլոր անդամները կարողանան լինել ուժեղ, բացահայտեն իրենց ամբողջ ներուժը, աշխատեն համագործակցված ու նպատակային:

Միշտ մտածել եմ, որ համազգեստը ճնշում է մարդու անհատականությունը:

-Համազգեստը ստիպում է, որ առավելագույնս վառ լինես: Ինձ ներշնչում են համազգեստ հագած անհատականությունները, ինչպիսիք զինվորականներն են: Համազգեստը խորհրդանշում է մենք-ի, համատեղված ուժի գաղափարը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվեցին 109 հոգի, ավարտեցին՝ 69-ը: Մյուսները տարբեր պատճառներով դուրս եկան վարժարանից: Որը չդիմացավ ռեժիմին, որը հասկացավ՝ սխալվել է ընտության հարցում… Իսկ ես հենց առաջին օրվանից համոզվեցի, որ գտել եմ իմ աշխարհը: Ռեժիմը, կարգապահությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իմ սրտով էին: Վարժարանում դու անընդհատ դժվարություններ ես հաղթահարում, անընդհատ ստուգում ես ինքդ քեզ…

Թի՞մ էիք

-Սկզբում՝ ոչ: Բայց մեկ տարի անց թիմ դարձանք: Ես խաղաղասեր եմ, հանգստ, նույնիսկ ՝ ամաչկոտ: Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց միշտ առավելագույնին եմ ձգտում: Ես յուրատեսակ լիդեր եմ, որի շուրջ համախմբվում, որին հավատում ու վստահում են ժամանակի ընթացքում:

Այդտեղ ի՞նչն է յուրատեսակ:

-Սովորաբար լիդերները արագ են նվաճում: Նրանք խարիզմատիկ են, ճարպիկ, եռանդուն, լավ հռետորներ են, նրանց հաջողությունը պայմանավորված է էֆեկտներով: Իմը բոլորովին հակառակն է: Իմ առավելությունն այն է, որ խումբը թիմ եմ դարձնում:

Թիմ, հա թիմ….Ո՞րն է դրա սահմանումը:

-Թիմը մի միավոր է, որտեղ բոլորը ներդաշնակ աշխատում են, ամեն մեկը իր հնարավորությունների սահմանում լրացնում է մեկը մյուսին, բոլորը ծառայում են մի նպատակի՝ մեխանիզմի նման: Վարժարանում մենք թիմ դարձանք այն ժամանակ, երբ ունեցանք ընդհանուր գաղափարներ, արժեքներ ու նպատակներ: Դրանից հետո մենք իրար օգնելով՝ հաղթահարում էինք դժվարությունները և մտածում էինք ոչ թե անձնական ձեռքբերումների, այլ միասնական հաջողության մասին: Պատկերացնում եք՝ ինչ հաղթանակներ կտոնենք, երբ մեր ամբողջ երկիրը թիմ դառնա…

Որո՞նք էին այն գաղափարները, որոնց շուրջ համախմբվեցիք վարժանարում:

-Առաջինը հայրենիքի պաշտպանության գաղափարն էր: Մեկ էլ հանկարծ զգում ես ինքդ քեզ մինչև արյան վերջին բջիջը վարակված այդ «վիրուսով»: Ո՞նց արեցին, ե՞րբ եղավ, չգիտես, բայց մի բան հաստատ է՝ դու արդեն հայրենիքի զինվոր ես: Ու զինվոր են քո համակուրսեցիները: Դուք  զինակիցներ եք: Ու հայրենիքը կյանքից թանկ է բոլորիդ համար:

Իհարկե, բոլորը չեն վարակվում այդ «վիրուսով»:

-Դե, եթե դու քո բնատուր հակումներով ու դաստիարակությամբ ուժեղ դիմադրողականություն ունես հայրենասիրություն կոչվող «վիրուսի» դեմ, չես վարակվի: Ու կհեռնանաս այն տարածքից, որտեղ հայրենասիրական արժեքները տիրական են, այսինքն՝ բանակից: Ես վարժարանում սովորելու ընթացքում ճանաչվեցի տարվա լավագույն սան, ու Մոնթե Մելքոնյանի ինքնաձիգը մեկ տարի կցվեց ինձ: Դա մեծ պատիվ էր:

Ի՞նչ չափորոշիչներով է ընտրվում վարժարանի լավագույն սանը:

-Առաջադիմություն, ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստություն:

Իսկ ինչո՞ւ զինվորական կրթությունդ շարունակեցիր հատկապես նյութատեխնիկական ապահովման գծով:

-Մոնթե Մելքոնայի անվան ռազմական վրաժարանում մենք, բնականաբար, խորությամբ ուսումնասիրեցինք Արցախյան պատերազմը և, առհասարակ, աշխարհի պատերազմների պատմությունը: Եվ ես եկա այն համոզման, որ թիկունքը բոլոր բանակների շարժիչն է: Երբ խոսում ենք բանակի ոգու մասին, վկայակոչում ենք գաղափարական, հոգեբանական, արժեքային նախադրյալները, բայց կա նաև շատ կարևոր գործոն՝ զինվորի նյութական ապահովումը, որը նույնպես ոգին ամրացնող բաղադրիչ է:

Վոլսկի ռազմական ինստիտուտը ի՞նչ գաղափարների շուրջ էր համախմբում կուրսանտներին:

-Մեր կրթօջախում կային 21 ազգի ներկայացուցիչներ, ընդ որում՝ նաև սևամորթներ և ադրբեջանցիներ: Նրանցից շատերի համար զինվորական գործը լավ վարձատրվող աշխատանք է. ոչ մի հույզ, ոչ մի վեհ գաղափար չկար: Մենք էությամբ ու գաղափարներով շատ նման էինք աբխազներին ու մտերիմ էինք:

Իսկ մարդկային հարաբերությունների մեջ շա՞տ էին տարբեր այդ 21 ազգի ներկայացուցիչները:

-Ոչ, մարդիկ ամեն տեղ նույնն են: Գուցե տարբերվեն կենցաղով, հույզերը արտահայտելու ձևով: Խոշոր հաշվով, բարոյական արժեհամակարգը նույնն է ամենուր: Չկա որևէ ազգ, որ չարությունը համարի դրական հատկանիշ կամ ասի, որ ծնողասիրությունը վատ է, հարգի դավաճաններին, կամ չգնահատի ազնվությունը…Այլ ազգերի, այլ մշակույթների հետ շփումը մարդուն դարձնում է ավելի լայնախոհ:

Այլազգիներով համալրված կուրսը կարողացա՞վ թիմ դառնալ:

-Ես զրույցի սկզբում ասացի, որ թիմ դառնալու համար մարդիկ պետք է համախմբվեն մեծ ու կարևոր գաղափարի շուրջ: Մենք չգտանք այդ մեծ ու կարևոր գաղափարը բոլորիս համար, ուստի՝ կուրսում կային աժեհամակարգերի շուրջ ձևավորված փոքրիկ խմբեր:

Իսկ այդ խմբերը համերա՞շխ էին գոյակցում:

-Երբեմն բախվում էինք, երբ անհարաժեշտ էր լինում ինչ-որ բան կիսել:

Իսկ Ֆուտբոլը՝ իր թիմային փիլիսոփայությամբ, մնաց անցյալո՞ւմ

-Չէ, ինչու, ես սկզբում խաղում էի մեր կուրսանտական թիմում, հետո սպաները նկատեցին իմ, անհամեստ չհնչի, ակնառու տվյալները ու առաջարկեցին խաղալ սպաների թիմում: Հիմա ես խաղում եմ մեր բուհի սպաների թիմում:

Որպե՞ս

-Ես դարպասապահ եմ: Երբեք չեմ փոխում նախասիրություններս ու սկզբունքներս: Ես թիմի թիկունքն եմ պահում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/07/2020