Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԳՐԻԳՈՐԻ ՇԱՀՈՒՄԻ ԿԱԼՈՒՍՏՈՎ (ԳԱԼՈՒՍՏՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1908 թ. դեկտեմբերի 28-ին Բաքվում, բանվորի ընտանիքում։

Գրիգորի Շահումի Կալուստովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, տանկիստ, գվարդիայի գնդապետ։

Կրթությունը եղել է տարրական։ Աշխատանքային կյանքն սկսել է 17 տարեկանից, երբ 1925 թ. Կասպյան նավագնացության նավերից մեկում ընդունվել է որպես յունգա։ Եղել է «Ուդորով» նավի կոմերիտական կազմակերպության քարտուղար։

Զուգակցելով աշխատանքը և ուսումնառությունը՝ ավարտել է միջնակարգ դպրոցը։

1929 թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, ավելի ուշ ավարտել է Բաքվի հետևակային դպրոցը, այնուհետև՝ Թբիլիսիի հրամանատարական դասընթացները և դարձել քաղաշխատող։

1930թ. եղել է Կարմիր բանակում։ 1934թ. ավարտել է հրամկազմի կատարելագործման դասընթացները։ Քաղաքական աշխատանք է կատարել Բաքվի կայազորի զորամասերում։

Գվարդիայի գնդապետ Գրիգորի Կալուստովը եղել է 11-րդ գվարդիական առանձին տանկային զորամասի (2-րդ տանկային բանակ, Կենտրոնական ռազմաճակատ) հրամանատարի տեղակալ՝ քաղաքական գծով։ Հատկապես աչքի է ընկել Ստալինգրադում և Կուրսկում։

…1942 թ. տանկային բրիգադը պաշտպանական ծանր մարտեր էր մղում Ստալինգրադի մատույցներում։ Խորհրդային ռազմիկները առանց շունչ քաշելու օր ու գիշեր հետ էին մղում թշնամու անդադար գրոհները։ Տանկիստները քաղաշխատող Կալուստովին միշտ տեսնում էին մարտի առավել պատասխանատու և վտանգավոր տեղամասերում։

Ստալինգրադի ճակատամարտից հետո, 11-րդ գվարդիական առանձին տանկային բրիգադն ընդգրկվել է Կենտրոնական ռազմաճակատի կազմում։

1942թ. մայիսից մինչև 1943 թ. օգոստոսը տեղի ունեցած մարտերի ընթացքում բրիգադը ոչնչացրել է թշնամու 548 տանկ, 449 հրանոթ, 277 գնդացիր, 163 ավտոմեքենա, 148 ականանետ, 39 դզօտ, 11 ինքնաթիռ և 12 հազարից ավելի հիտլերականի։ Գվարդիայի գնդապետ Կալուստովն իր անձնական օրինակով նպաստել է կարգապահության ամրապնդմանն ու կազմակերպվածության բարելավմանը, հրամանների ճշգրիտ կատարմանն ու մարտական խնդիրների լուծմանը։

…1943թ. օգոստոսի 7-ին Կուրսկի աղեղում խորհրդային զորքերի հարձակման ընթացքում 11-րդ գվարդիական տանկային բրիգադը, որի կազմում մարտնչում էր Կալուստովը, հանդիպում է թշնամու համառ դիմադրությանը։ Ֆաշիստական ծանր տանկերն անցնում են հակահարձակման։ Այն տանկը, որի մեջ Կալուստովն էր, մենամարտի է բռնվում դրանց հետ։ Հակառակորդի դիմադրությունը կոտրվում է։ Սակայն ամենավերջին պահին թշնամական արկը դիպչում է Կալուստովի տանկին։ Խիզախ քաղաշխատողը զոհվում է։ Նրա աճյունն ամփոփվում է Կուրսկի Նիկիտինյան գերեզմանատանը։

1943թ. նոյեմբերի 4-ին գվարդիայի գնդապետ Գրիգորի Շահումի Կալուստովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ)։

Պարգևատրվել է նաև Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։

 

Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Պատմության էջերից


06/08/2020