Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ



ՆԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ 70

 

Հուլիսի 3-ին լրացավ Հայ Ազատագրական պայքարի նվիրյալ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի 70-ամյակը:

Ծնվել է 1950 թվականի ապրիլի 12-ին Երևանում: Դպրոցական տարիքից զբաղվել է խճուղային հեծանվավազքով` դառնալով պատանիների եւ մեծահասակների հանրապետական ու համամիութենական  բազմաթիվ մրցաշարերի հաղթող:

…Լինելով ազգային գաղափարներին նվիրված անձնավորություն` առաջին իսկ օրերից ներգրավվել է արցախահայության իրավունքներն ու հայրենյաց սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանելուն հետամուտ զինված պայքարի մեջ` 1989թ. ստանձնելով «Սասունցի Դավիթ» կազմակերպության աշխարհազորային մասի շտաբի պետի պարտականությունները: 1990թ. հունվարի 18-ին ակտիվորեն մասնակցել է Երասխավանի պաշտպանական մարտերին. եղել է միմյանց արյամբ եղբայրացած ինը երդվյալներից մեկը: Իսկ 1990թ. մայիսին ստանձնել է «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատարությունը:

1990-1992 թթ. մասնակցել է Երասխի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Կոռնիձորի, Վարդենիսի, Խոջալուի, Բերձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին…

Մարտակերտի մատույցներում թեժ կռիվներ էին։ Լուր են առնում, որ «Նաիրի» ջոկատի տղաները շրջափակման մեջ են ընկել։ Դրությունն օրհասական էր, տղաներին մինչև վերջին մարդը զոհվելու վտանգ էր սպառնում։ Սամվելը ռացիայով կապվում է «Նաիրի» ջոկատի հրամանատարի հետ և «Վիլիսով» շտապում ծուղակն ընկած ազատամարտիկներին օգնության։ Շրջափակման մեջ ընկած տղաները տեսնում են դեպի թշնամու տանկերը սուրացող յուրային «Վիլիսը»։ Մտածում են` երևի շփոթել են ճանապարհը, և ավտոմատի կրակահերթերով փորձում են  հասկացնել, որ ստույգ մահվան են գնում, որ առջևում թշնամու տանկերն են։ Վայրկյաններ անց Սամվել Գևորգյանն ընդունում է անհավանական որոշում. նա «Վիլիսի» ընթացքն ուղղում է թշնամու զինտեխնիկայի կողմը։ Մինչ տղաները կհասցնեին ուշքի գալ, մինչ կփորձեին հերթական կրակահերթով հետ պահել մահվան գնացող քաջին, Սամվելի մեքենան հայտնվում է թշնամու տանկերի դիմաց։ Տանկերը փոխում են կրակի ուղղությունը և փողերը շրջում իրենց կողմ «փութացող»  միայնակ «Վիլիսը»։ «Նաիրի» ջոկատի՝ ծուղակն ընկած տղաները վերջապես հասկանում են Սամվել Գևորգյանի մտադրությունը։ Հրամանատարն իր այդ անձնազոհ քայլով ճանապարհ բացեց մարտական ընկերների համար։ Տղաները ճեղքեցին շրջափակումը և փրկվեցին։ Ավելի ուշ կարողացան մարտադաշտից դուրս բերել հերոսի մարմինը…

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Ազգային բանակ, Ճակատագրեր


13/08/2020