ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ ԻՐԱՆԻ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՄԻՋԵՎ
Իրանի Աբադան քաղաքում Քուվեյթի երկու քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով: Նրանցից առգրավվել են լրտեսական բնույթի սարքավորումներ:
Այս միջադեպը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև որոշակի լարվածությունը պահպանվում է մարտ ամսին տեղի ունեցած լրտեսական սկանդալից հետո: Այդ ժամանակ Քուվեյթի դատարանը մի խումբ անձանց մեղավոր ճանաչեց Իրանի օգտին լրտեսելու համար և երեք մեղադրյալի դատապարտեց մահապատժի, ևս մեկին` ցմահ բանտարկության:
Դրանից հետո երկրից վտարվեցին իրանցի մի քանի դիվանագետներ, որոնք իբրև թե կապ էին ունեցել մեղադրյալների հետ: Պաշտոնական Թեհրանն իր հերթին հայտարարեց, որ կապ չունի այդ պատմության հետ և երկրից վտարեց քուվեյթցի երեք դիվանագետի:
Մայիսին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի` Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ամբողջությամբ վերականգնելու դիվանագիտական հարաբերությունների նախկին մակարդակը, սակայն այժմ կարծես բանակցությունները դեռ պետք է շարունակվեն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական