ԻՆՔՆԱԿԱՄ ԻՍՐԱՅԵԼ ՄԵԿՆՈՂ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԽԻՍՏ ԿՊԱՏԺՎԵՆ
Իրանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել ինքնակամ Իսրայել այցելող իրանցի քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքում: Այս օրենքն ընդունվել է դեռ 1972թ., որում թվարկված են այն պետությունները, դեպի ուր երկրի բնակիչները կարող են մեկնել առանց սահմանափակումների, և այն երկրները, որտեղ շրջագայելու համար պահանջվում է իշխանությունների թույլտվությունը:
Նոր փոփոխություններով օրենքն ավելի է խստացել: Առանց համապատասխան թույլտվության Իսրայել այցելած ցանկացած ոք այժմ կարող է դատապարտվել 2-5 տարի ազատազրկման: Նրան կարող են զրկել նաև արտասահմանյան անձնագրից 3-5 տարով: Մինչ այժմ նմանատիպ «հանցանքը» օրենքով պատժվում էր 1-3 ամսվա բանտարկությամբ:
Օրենքում փոփոխությունները կատարվել են Իրանի և Իսրայելի միջեւ հարաբերությունների օրեցօր սրվելու պատճառով: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակելուց հետո Իսրայելը բացահայտ խոսում է Իրանի դեմ միակողմանի ռազմական օպերացիա անցկացնելու հնարավորության մասին: Իսկ Իրանը Իսրայելի նման քայլը համարում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական