ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ՍԿԻԶԲՆ ԷԻՆ ԵՎ ՈԳԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Օգոստոսի 15-ի առավոտյան մայրաքաղաքում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթողի մոտից մեկնարկեցին «Արծիվ-մահապարտների միության» և ՀՀ ՊՆ համատեղ դարձած ավանդական Փառաց արարողությունները՝ նվիրված մահապարտների զորագնդի ստեղծման 28-րդ տարեդարձին:
Ներկա էին և միմյանց շնորհավորում էին զորագնդի և բանակաշինության հիմնադիր հրամանատարները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, գաղափարական և զինակից ընկերներ՝ ազատամարտիկներ, համակիրներ:
Զորագնդի ընդհանուր համակարգող հրամանատար, «Արծիվ-մահապարտների միության» նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը հավաքվածներին ևս մեկ անգամ հիշեցնելով 1992 թ. օգոստոսի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի՝ մեր ժողովրդին ուղղված հեռուստակոչը՝ Մահապարտների զորագունդ ստեղծելու մասին, Սպարապետի ծրագրերի, նրա իսկ նախանշած ուղիով շարունակական իրականացվող այսօրվա և վաղվա ընթացքի վերաբերյալ, ասաց.
-Ինչպես այն ժամանակ, երբ մեր թշնամին սանձազերծեց պատերազմ, մի մարդու նման ոտքի ելան երկրապահներն ու մահապարտները, այնպես էլ այսօր, հարկ եղած դեպքում, ոտքի է ելնում հաղթանակած Հայկական բանակը: Այսօր շարունակվում է այդ գործը: Եկել ենք զեկուցելու Սպարապետին, որ իր գործը շարունակվում է:
«Եռաբլուրում» հավաքված մարտական ընկերները վերստին հիշեցին կոչից հետո ծավալված իրադարձությունները, հանուն գալիքի հերոսացած Արծիվներից յուրաքանչյուրի հուշաքարին ծաղիկներ խոնարհելով, եկան-հավաքվեցին Սպարապետի հուշակոթողի մոտ՝ հավատացած, որ Սպարապետն իր երկնային կյանքով զգում է իրենց ներկայությունը, վճռականությունն ու վստահ է իրենց հայրենանվեր ոգու ամրությանը, գիտե, որ հավատարիմ են այն երդմանը, որ տվել են այստեղ՝ «Եռաբլուրի» բարձունքում՝ 1992 թ. օգոստոսի վերջին օրվա վերջալույսին:
…Սեպտեմբերի առաջին լուսաբացը մահապարտները դիմավորեցին արդեն Արցախում, մի մասը՝ Վանք գյուղում, մյուսները՝ Չլդրանում… Կենաց-մահու ճակատամարտերը հընթացս գծեցին զորագնդի սխրանքի ուղին: Հետևում Գանձասարն էր, որ ոչ մի դեպքում չպիտի հանձնվեր թշնամուն, դիմացը՝ գերված Վաղուհասը, Չլդրանը, Հարությունագոմերը, Չարեքթարը, Զագլիկը, Գետավանն ու Պողոսագոմերը, որոնք պետք է ազատագրվեին և դրանով նաև ի չիք դառնային ոսոխի նկրտումները դեպի Ստեփանակերտ և կրկին Շուշի: Միգուցե թշնամուն հաջողվեր, եթե Մահապարտները թույլ տային:
«Արծիվ-մահապարտներ» Հատուկ նշանակության գումարտակն Արցախյան պատերազմում բացառիկ դեր է խաղացել, կանխելով հակառակորդի լայնամասշտաբ հարձակումը դեպի Մարտակերտ-Ստեփանակերտ-Վաղուհաս-Հարությունագոմեր-Կճողուտ-Դրմբոն-Մեհմանայի բարձունքներով ամրացված բնագիծը՝ հնարավորինս չեզոքացնելով սպառնալիքը և վերադարձնելով ստրատեգիական նշանակության շատ կարևոր բնագիծ: Մահապարտներից շատերը զոհվեցին ու վիրավորվեցին…
Նրանցից շատերը արժանացել են Հայաստանի եւ Արցախի պետական բարձր պարգեւների:
Շուրջ 200 Արծիվ-մահապարտներ Հատուկ նշանակության գումարտակի «Առաջին վաշտի» և ռեզերվային դասակի կազմերում (մի մասը՝ ԵԿՄ կամավորականների հետ) 2016թ. ապրիլի 2-ից հունիսի 6-ը մասնակցեցին Ապրիլյան պատերազմին և հաջորդող գործողություններին՝ ամենաթեժ կետերում (դիրքերում), ինչի համար պարգևատրվել են ԱՀ ՊԲ հրամանատարության, ՀՀ ՊՆ կողմից:
ԵԿՄ նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ (Հրազդանի «Սասուն» ջոկատի հրամանատար), դիմելով ներկաներին, ասաց.
-28 տարի առաջ այս օրը Սպարապետի կոչով ձևավորվեց «Արծիվ-մահապարտների» զորագունդը, որը կանգնեցրեց ռազմաճակատում թշնամու լայնածավալ հարձակումը: Նոր բեկում մտավ… Երբ ապրելու-մեռնելու հարց էր դրված, Սպարապետը նորից կարողացավ համախմբել, կարողացավ ձևավորել գունդը, և Մահապարտների գունդը կռվեց ու հաղթեց:
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, տարածաշրջանում աշխարհաքաղաքական արդի վիճակը բնութագրելով, նշեց.
-Մենք համոզվեցինք, որ դուք՝ Մահապարտներդ, և ձեզ ծնած Հայ ժողովուրդը հաղթող տեսակ եք՝ ուժով, ոգով, նվիրվածությամբ… Եթե հիշում եք՝ 2000 թ. շքանշաններ, մեդալներ հանձնելիս ասացի, որ դուք, երբ որ ընդունեցիք Մահապարտ դառնալու որոշում, դուք արդեն հերոսություն կատարեցիք ա՛յդ պահին, դուք օրինակ ծառայեցիք մյուսներին, որովհետև բոլորը մտածեցին՝ եթե այս մարդիկ գնում են, ուրեմն, հաղթանակը մերն է…
Ձեր այդ որոշումը դաստիարակեց սերունդներ և այժմ էլ դաստիարակում է: Եվ տավուշյան դեպքերը, այդ օրերին մեր զինվորների ու սպաների հերոսությունը, հավատացե՛ք, ձե՛ր օրինակի շարունակությունն է:
«Արծիվ-մահապարտների» զորագնդի հրամանատար, գնդապետ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ.
– 1992 թ. ապացուցեցինք, որ մեկը յոթի դեմ կարող է կռվել ու հաղթել: Եվ հաղթեցինք: Հաղթեցինք, որովհետև միասին էինք, միասնական էինք, մի բռունցք էինք: Եվ գիտենք, որ այն մարդիկ, որ ժառանգել են մեր ոգին, մեր պայքարը, մեր հաղթանակները, այսօր շարքում են, բանակում են: Հավերժ փա՛ռք մեր զոհված տղաներին: Հավերժ փա՛ռք մեր Սպարապետին, կեցցե՛ք դուք, կեցցե՛ մեր ազգը:
Իր խոսքում Ա.Պետրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրելով «Եռաբլուրի» բարձունքում վեր խոյացող հայոց «Բերդ» պարը հիշեցնող սյունաշարին քանդակված ՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» մեծախորհուրդ արտահայտությանը, ասաց.
-Մահապարտները ոգի էին, ոգին էին Հայոց բանակի ստեղծման, և իմացյալ էր նրանց միասնությունը, և իմացյալ է անմահությունը: Նրանք իրենց փառքը, իրենց անունը գրեցին պատմության էջերում՝ որպես Հայ Ասպետաց դասի մահապարտներ:
… «… Մեր կռիվը բերել հասցրել ենք 20-րդ դարի վերջին,- ասել է Վազգեն Սարգսյանը,- ու դա մեր վերջին կռիվն է, ու փառք Աստծո, որ ես գտա այդ 500 մահապարտներին»:
Մենք գտանք մեր մեջ ուժ ու կարողություն՝ ունենալու այդ 500 մահապարտներին, որոնք իրենց հետևից բերեցին բանակ. 500-ը դարձավ 50 հազար, և այսօր ամբողջ ժողովուրդն է դարձած միասնական ազգ-բանակ: Միջոցառման մասնակիցների համար ընթերցվեց Գանձասարի վանքում վճռական ճակատամարտից առաջ Մահապարտներին զանգվածաբար մկրտած և նրանց հետ միասին առավոտյան մարտնչած ու հաղթանակի բերկրանքը ճաշակած Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի օրհնության ուղերձը:
Գումարտակի փոխհրամանատար, գնդապետ Սեյրան Անթանեսյանի՝ Վաղուհասի ազատագրության մասին զեկուցագիր-բանաստեղծության տեքստով ստեղծված երգն էլ Արծիվ-մահապարտները ընդունեցին որպես հաճելի անակնկալ.
-Թե մենք ծեգին ինչեր արինք,
Ես չեմ պատմի ոչ մի բան,
Հարցում արեք Գանձասարին,
Նա է միակ մեր վկան…
Այսօր ևս երկու քառատող է ավելացրել այդ բանաստեղծությանը զոհված հերոսներից մեկի՝ նկարիչ Հրաչ Գրիգորյանի երաժիշտ որդին՝ Համլետ Գրիգորյանը.
Ու փառք նրանց, ովքեր միշտ կան,
Ովքեր մահին հաղթեցին,
Ովքեր ոգով անմահացան,
Բայց թշնամուն սանձեցին:
Նրանց լուռ կամքն էր անսասան,
Աչքերում կյանք ու սեր,
Անունն հպարտ, ասպետական՝
Արծիվ-մահապարտներ:
ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Պատմության էջերից