Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽԵՂԴԱՄԱՀ» ԲԱՆԱԿ



Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես՝ սպայական անձնակազմի պայմանները օր օրի ավելի են վատթարանում: «Զինծառայողների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման են եկել լրագրողների` ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները: Այդ պատճառով էլ Ադրբեջանի զինած ուժերում աճել է կաշառակերությունը: Եթե ոչ բոլոր զինկոմիսարիատներում, ապա դրանց գերակշռող մասում բանակից խուսափելու համար սահմանվել է հատուկ վճար` 4500-5000 մանաթ (5500-6000 դոլար): Տարածված է նաև շարքից դուրս եկած կամ կորցրած զինգրքույկի համար կաշառք վերցնելու «մշակույթը»:

Իսկ զորամասերում սպաները գումար են հավաքում ինչպես արձակուրդ տրամադրելու, այնպես էլ զինվորներին մի տեղից մյուսը տեղափոխելու համար: Այսպես` Tia.az լրատվական պարբերականին էին դիմել մի խումբ մարդիկ` դժգոհելով բանակում տիրող համատարած կաշառակերությունից: Ըստ լրատվամիջոցի` զինվորներին մեկշաբաթյա արձակուրդ ձևակերպելու համար պահանջում են 50-100 մանաթ (60-120 դոլար), եւ եթե տվյալ զինվորն այդ ժամանակահատվածը օգտագործելու է հարսանիքի, ծննդյան տոնի և այլ հանդիսավոր արարողությունների մասնակցելու համար, ապա կաշառքը կարող է հասնել մոտ 150 մանաթի: 2007 թվականից Ադրբեջանի բանակում տիրում է զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու «սակագնային պլան»: Տվյալ պարագայում գանձվող գումարի չափը կախված է զինվորի պարտականություններից և պատասխանատվությունից: Ասենք բուժկետ տեղափոխվելու համար ադրբեջանական բանակի զինվորից պահանջվում է 2000-3000 մանաթ, շտաբ՝ 1500-2000 մանաթ, ստեղծագործական բաժին՝ 1500 մանաթ, մթերքների պահեստ՝ 1200-1500 մանաթ և այլն:

Մեր հարևան երկրի ամենակոռումպացված զինվորականը հենց պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն է: Դեռևս հուլիս ամսին Ադրբեջանի ռազմական ակադեմիայի ուսանողները նամակ էին հղել լրատվամիջոցներին` խիստ քննադատության ենթարկելով ուսումնական հաստատության ղեկավարությանն ու ամբողջ պաշտպանության նախարարությանը: Նամակում ուսանողները բողոքում էին անտանելի կաշառակերությունից և հարցնում, թե ինչպես է` մոտ 2000 դոլար աշխատավարձ ունեցող նախարար Սաֆար Աբիևը միլիոնավոր դոլարների հասնող շքեղ առանձնատուն գնում: Այս խնդրի լուծման վերահսկողությունն իր վրա էր վերցրել անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն առ այսօր Աբիևը որևէ տույժի չի ենթարկվել, ավելին՝ նա սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով սկսել է միտումնավոր բանակի բարձրաստիճան պաշտոններին նշանակել իր հարազատներին: Ավելի քան տասը տարի է, ինչ Աբիևն իշխում է Ադրբեջանի բանակում: Օրերս «Պոլիգոն» ադրբեջանական գործակալությունը գրել էր, որ այդ ընթացքում Աբիևը և գեներալները հասցրել են «խեղդամահ» անել սեփական բանակը:

FFF

Վերոհիշյալ բոլոր խնդիրների հետ մեկտեղ ադրբեջանական բանակում հանցավորության աստիճանը հասել է կրիտիկական սահմանի: Տեղի ունեցած հանցագործությունների մեծ մասը մնում են չբացահայտված: Սպանությունները որակվում են որպես պատահական մահ, ինքնասպանություն, մահ հիվանդության պատճառով և այլն: Միայն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակում գրանցվել է 5 մահվան դեպք: Այդ դեպքերից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել մեքենայի անիվի պայթյունի հետևանքով: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի` Սումգայիթի շրջանում տեղակայված զորամասում զինծառայող Ջավիդ Ալիևը մահացել է զինվորական մեքենայի անիվը փչելու պահին՝ պայթունի հետևանքով: Այս հաղորդագրությունը միայն ծիծաղ է առաջացնում, մինչդեռ ադրբեջանական լրահոսում նման մեկնաբանումները բազմաթիվ են: Մյուս 3 զինծառայողները զոհվել են հիվանդության պատճառով, իսկ մեկը՝ հոսանքահարումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը սահմանափակվում են նմանաբնույթ հակիրճ և երկակի ընկալվող հայտարարություններով: Որպես օրենք` հիշյալ դեպքերի մասին այլևս չի խոսվում:

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքների հիման վրա կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2011 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստները կազմել են 89 հոգի (իրականում առնվազն 20 զոհով կամ 22%-ով ավելի – խմբ.): Ըստ այդ ուսումնասիրության՝ հիշյալ ժամանակահատվածում 90 հոգի վիրավորվել կամ վնասվածք է ստացել: Կենտրոնի փորձագետների հաշվետվություններում նշվում է, որ 2004 թվականից ի վեր ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշն ամենաբարձրն է: Մարտական կորուստները այստեղ չնչին թիվ են կազմում (11 հոգի), ուստի կենտրոնը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանում ռազմական բյուջեի հետ մեկտեղ աճում է նաև զոհերի թիվը: Սա ենթադրում է, որ այդ գումարը սխալ է ծախսվում, և ընդհանրապես, երկրի զինված ուժերը համակարգային փոփոխության կարիք ունեն: «Դոկտրինա»-ի մեկ այլ հաշվետվության համաձայն՝ 1994-2010 թվականներին երկրի զինված ուժերում գրանցվել է 3500 զոհ (իրականում, ըստ «voskanapat.info» կայքի տվյալների, 5400-խմբ.): Այս տվյալները կարելի է համարել «նկարված», քանի որ իրականում զոհերի թիվը շատ ավելի է ներկայացվածից. 2010 թվականի ամռանը «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով` վերջին 15 տարում, այսինքն` հրադադարից հետո, մահացած ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում է 5000-ը: Այսինքն՝ վերոհիշյալ կենտրոնը զգալի չափով նվազեցնում է մահացությունների իրական թիվը:

FFF

Հարևան երկրի բանակում այս տարի գրանցվել են նաև բռնաբարությունների և դեդովշինայի բազմաթիվ դեպքեր: Սպաների բռնաբարության զոհ են դառնում ինչպես շարքային զինվորներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Օրինակ՝ այս տարվա մարտ ամսին զինված ուժերի զորամասերից մեկում ավագ լեյտենանտ Անար Ազիզովը տեւական ժամանակ բռնաբարել է նորակոչիկներից մեկին, ով այդ մասին պատմել է իր ծառայակից ընկերներին: Խոսակցության ընթացքում պարզվել է, որ ավագ լեյտենանտը բռնաբարել է ևս 6 զինծառայողի, գրում է criminalazerbaijan.com-ը՝ եզրահանգելով, որ «ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում»: Հոկտեմբեր ամսին էլ ադրբեջանական բանակի 4 սպաներ մի կնոջ խաբեությամբ տարել էին զորանոց, բռնաբարել ու ծեծել: Սակայն տուժողը կարողացել էր փախչել ու ամեն ինչ պատմել ոստիկանության աշխատակիցներին:

Երկրի բանակի ղեկավարությանը բնորոշ է նաև զինվորներին որպես բանվորական ուժ օգտագործելը: Այս առնչությամբ «Ենի Մուսավաթ» թերթը վերջերս գրել էր. «Իրականում նման երևույթները ադրբեջանական բանակում մեծ տարածում ունեն: Բարձրաստիճան սպաները ստիպում են զինվորներին կատարել խոզ պահողների աշխատանք, խնամել իրենց հոտի ոչխարներին և կառուցել ցանկապատներ սեփական ագարակների և շքեղ առանձնատների համար: Երևույթը հատկապես տարածված է Նախիջևանում»: Թերթը նաև նշում է, որ ԶՈՒ բազմաթիվ դեպքեր կան, երբ զինվորներին որպես աշխատուժ արտահանել են Իրան: Այս բոլոր դեպքերի վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը կա՛մ մեկնաբանություններ բացարձակապես չի արել, կամ էլ հաղորդել է, թե «այդ տեղեկությունները տարածում են հայերը»:

Բացի այդ, Ադրբեջանի պարագայում բացակայում է հասարակական հսկողության գործոնը, որն իր հերթին նպաստում է երկրի` ԶՈՒ ոչ կանոնադրական բարքերի տարածմանը: Այստեղ, ի տարբերություն Հայաստանի, սպանված զինվորների ծնողները չեն կարող դուրս գալ բողոքի ցույցի, քանի որ նշանակված վայր չհասած՝ նրանց կձերբակալեն: Այս ֆոնի վրա զարմանալի են ու նույնիսկ զավեշտալի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահի այն հայտարարությունները, թե իրենց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, և որ հավանական պատերազմում իրենք հաղթանակ կտանեն:

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ռազմաքաղաքական


16/11/2011