ԻՍԿ Ո՞ՒՄ ՏԱՐԱԾՔԻՆ ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Աշխատանքային այցով օրերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն: Հիմնական նպատակը վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի (այսինքն` հստակեցման) շուրջ Ադրբեջանի իր գործընկերոջ` Է. Մամեդյարովի հետ բանակցելն էր, քանզի այդ խնդրի կարգավորված չլինելու պատճառով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բավականին լարվել են:
1996 թվականից երկու կողմերի միջև ընթացող վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին բանակցությունները այդպես էլ տեղից չեն շարժվում Ադրբեջանի դրսևորած ոչ իրատեսական դիրքորոշման պատճառով: Խոսքը, մասնավորապես, VI-րդ դարի վրաց ուղղափառ եկեղեցու` Դավիթ Գարեջայի քարանձավային վանքային համալիրի պատկանելությանն է վերաբերում: Հարկ է նշել, որ Վրաստանը բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով մի քանի անգամ հանդես է եկել վանքային այս համալիրը մեկ այլ համարժեք տարածքի հետ փոխանակելու առաջարկով, քանի որ վերջինս մշակութային և պատմական մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, սակայն պաշտոնական Բաքուն, կրկին զբաղվելով մշակութագողությամբ, վանքային համալիրը համարում է «աղվանական մշակութային արժեք» եւ հրաժարվում է փոխանակումից` քաջ գիտակցելով, որ տարածքի ռազմավարական բարձր դիրքը կարելի է օգտագործել Հայաստանի դեմ:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, և խորհրդային տարիներին Արցախի ճակատագրին արժանացած ու Ադրբեջանին հենց այնպես նվիրաբերված վրացական տարածքը դեռևս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիայի խոսքով, արդեն 15 տարի ընթացող վրաց-ադրբեջանական բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա:
Ուսումնասիրելով Ադրբեջանի հարաբերությունները սահմանակից բոլոր պետությունների հետ (բացառությամբ Թուրքիայի, որը բուն Ադրբեջանի հետ սահման չունի և սահմանակցում է Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ինքնավար մարզի հետ)` կարելի է եզրակացնել` թե՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, թե՛ վրաց-ադրբեջանական սահմանի ճշգրտման շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանը դրսևորում է ոչ իրատեսական` զավթողական քաղաքականություն: Ուստի, ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունից կոծկել սահմանակից պետությունների նկատմամբ Բաքվի տարածքային պահանջները` թե՛ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ ադրբեջանական մամուլը առիթը չեն կորցնում` ավելորդ անգամ շեշտելու «այն հանգամանքը, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանների նկատմամբ»: Մինչդեռ Իրանի և Վրաստանի հետ տարածքային խնդիրներ Հայաստանը չունի, պաշտոնական Թբիլիսիի հետ հասցրել է համաձայնեցնել սահմանային հարցերի զգալի մասը, հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերությունները կարգավորելու առաջարկով: Վերջապես, պաշտոնական Երևանը նման հարցում երբեք ոչ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը 90-ականներին տարածքային պահանջներ էր ներկայացնում նույնիսկ Ռուսաստանին` հավակնություններ ունենալով Դաղստանում գտնվող Դերբենդ քաղաքի նկատմամբ, ինչը, սակայն, Չեչենական պատերազմի ավարտից և Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացումից հետո հօդս ցնդեց:
Ի դեպ, Ադրբեջանի` Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջի հարցը լուծված չէր մինչև 2011թ. ամառը, երբ երկու պետությունների նախագահների ստորագրած` սահմանի ճշգրտման մասին 2010 թվականի սեպտեմբերի 3-ի համաձայնագրով Ադրբեջանին փոխանցվեց 600 մարդ բնակչություն ունեցող և ՌԴ քաղաքացիներով բնակեցված երկու լեզգիական ավան: Համաձայնագրի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին տարածքի բնակչության զտումը և վերջնագիր ներկայացրին այդտեղ բնակվող լեզգիներին` կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ վտարվել արդեն Ադրբեջանի մաս հանդիսացող տարածքներից:
Ադրբեջանը տարածքային խնդիրներ ունի նաև Թուրքմենստանի հետ: Ադրբեջանը, լինելով Կասպից ծովի ընդերքի մասին համաձայնագրի մշակման մասնակից կողմերից մեկը, չի սպասել համաձայնագրի վերջնական մշակմանն ու վավերացմանը, այլ շտապել է «Օսման», «Օմար» ու «Սարդար» գազահանքերի տարածքը անվանել ադրբեջանական և միջազգային մի շարք ընկերությունների հետ արդեն հասցրել է պայմանագրեր ստորագրել գազահանքերի շահագործման մասին` այսպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ամբողջ բանակցային գործընթացի և Կասպից ավազանի բոլոր պետությունների, հատկապես` Թուրքմենստանի նկատմամբ, որը ևս որոշակի հավակնություններ ունի վերոհիշյալ գազահանքերի նկատմամբ:
Ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններն այնքան էին սրվել, որ Թուրքմենստանի իշխանությունները Բաքվից հետ էին կանչել իրենց դեսպանին:
2009 թվականին Թուրքմենստանի նախագահը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակ Թուրքմենստանի գործադրած ջանքերի, տվյալ հարցում առաջընթաց չի գրանցվում, հանձնարարել էր փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովին հավաքել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հրավիրել միջազգային փորձագետների` միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը քննարկելու: Վերջին զարգացումների համաձայն` Թուրքմենստանը ուժեղացնում է նաև Կասպից ծովում տեղակայված իր նավատորմը: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ Թուրքմենստանը չի բացառում խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը և ակտիվորեն ուժեղացնում է իր ծովուժը:
Նույն խնդիրն Ադրբեջանի հետ ունի նաև Իրանը, սակայն տվյալ դեպքում, Կասպից ծովի վիճելի տարածքները սեփականացնելուց բացի, Ադրբեջանը «աչք է դրել» նաև Իրանի հյուսիսային շրջանների վրա` այն անվանելով «Հարավային Ադրբեջան», իսկ այդ տարածքի թուրքալեզու բնակիչներին` ադրբեջանցիներ: Իրանի հյուսիսային տարածքների նկատմամբ Ադրբեջանը սկսեց հավակնություններ ցուցաբերել դեռևս խորհրդային տարիներին, երբ 1989 թվականին Ադրբեջանի Ազգային ճակատի ակտիվիստները առաջ քաշեցին «ադրբեջանցիների համախմբման գաղափարը» և արշավ սկսեցին` հանուն ԽՍՀՄ-Իրան սահմանի ամրությունների վերացման` պատճառաբանելով, որ դրանք «ադրբեջանական ազգի պառակտման խորհրդանիշ են»:
Պաշտոնական Բաքվի ձգտումները ավելի ուժեղացան վերջին տարիներին` Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սրվելուց հետո: 2010թ. Իրանի խորհրդարան ներկայացված զեկույցում նշվում էր, որ Բաքուն օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ միջոցներ է ձեռնարկում Իրանի հյուսիսում բողոքի ալիք հրահրելու համար: Կասկածից վեր է, որ նպաստավոր հանգամանքների դեպքում Ադրբեջանը կփորձի թյուրքալեզու բնակչության շրջանում ապստամբություն բարձացնել` Իրանի հյուսիսային մասը պառակտելու համար: Խորհրդարանում նմանատիպ զեկույցի ընթերցումն արդեն իսկ հուշում է, որ պաշտոնական Թեհրանը քաջատեղյակ է երկրի սահմանադրական կարգը խարխլելու Ադրբեջանի սպառնալիքին և, անկասկած, համապատասխան հետևություններ է արել:
Ամփոփելով վերոնշյալը` կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքվի դրսևորած «չտեսությունը» կարող է զրկել նրան ոչ միայն իր իսկ յուրացրած վիճելի տարածքներից, այլև հանգեցնել Ադրբեջան պետության մեկուսացմանը, հետագայում, չի բացառվում, նաեւ կործանմանը:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան